Օրեր առաջ Արցախի հերոս Սամվել Բաբայանը հայտարարել էր, որ Արցախի հարցի լուծումը տեսնում է Արցախը մանդատային տարածք հայտարարելու և այդ մանդատը Ռուսաստանին տալու միջոցով։
Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) հետազոտական տնօրեն Մանվել Սարգսյանից փորձեցինք ճշտել՝ արդյոք կոնֆլիկտի կարգավորման նման տարբերակ երբևէ քննարկվել է, թե ոչ։ Նշենք, որ Մանվել Սարգսյանը1992-ին նշանակվել էր ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հայաստանում և 1992-1995 թթ.-ին մասնակցել հակամարտության կարգավորման բանակցություններին։
-Ո՛չ, չի եղել նման բան։ Բայց, երբ 94-ին զինադադարը կնքվեց, մտածում էին ինչ-որ ռեժիմ ներդնել այդ տարածքում, և այդ ժամանակ Ռուսաստանը, որ կարողացավ կազմակերպել զինադադարի պայմանագրի կնքումը, մեծ դիվանագիտական դեր վերցրեց իր վրա։ Նա կարողացավ ԵԱՀԽ-ից (այն ժամանակ ԵԱՀԿ չէր, խորհուրդ էր) մանդատ վերցնել՝ բանակցությունները կազմակերպելու և այդ տարածքում խաղաղապահ ուժեր տեղադրելու։ Այդ ժամանակ երկու հանդիպում է եղել երեք երկրների՝ Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի նախարարների միջև՝ մի անգամ Սոչիում, մի անգամ՝ Մոսկվայում։ Քննարկվում էր խաղաղապահ զորքեր տեղակայելու փաստաթուղթը, որով անձամբ զբաղվում էր ԼՂՀ խնդրով ՌԴ նախագահի ներկայացուցիչ Վլադիմիր Կազիմիրովը։ Ըստ պայամանագրի՝ զորքը, իհարկե, Ռուսաստանն էր բերելու, բայց պայմանն այն էր, որ զորքի շտաբը, որ պետք է տեղակայվեր Արցախում, միասնական լիներ ՝ բոլոր կողմերի՝ Հայաստանի, ԼՂ-ի, Ադրբեջանի, Ռուսաստանի, ԵԱՀԽ-ի մասնակցությամբ։ Շտաբի այսպիսի բարդ կոնցեպտ էր դրված։ Նախնական տարբերակը քննարկել են նախարարներն ու համաձայնության եկել, թեև հիմա ում հարցնում ես, ոչ ոք չի ուզում պատասխանատվություն վերցնել, որ ստորագրվել է այդ փաստաթուղթը։ Դրանից հետո եղել է մի ամենամենակարևոր պայման․ «Մեծ քաղաքական պայմանագիր» պետք է ստորագրվեր, որից հետո դա օրինական կդառնար, կիրականացվեր։ Չորս ամիս հետո եղան եռակողմ բանակցություններ։ Շատ կարևոր է, որ ինչպես զինադադարն էր եռակողմ, այնպես էլ՝ բանակցությունները։ Արցախի պատվիրակությունը ես եմ ղեկավարել այդ ժամանակ։ Չորս ամսվա ընթացքում չստացվեց որևէ համաձայնության գալ։
- Ի վերջո, ինչու՞ չստորագրվեց այդ «Մեծ քաղաքական պայմանագիրը»։
-Հայաստանը կողմ էր պայմանագրին, իսկ Ադրբեջանը, որ ջարդված վիճակում էր, դերակատար չէր։ Նա այդ նույն ժամանակ դիմել էր ՆԱՏՕ-ին, որ խառնվի, բայց վերջինս ասել էր՝ միայն Ռուսաստանն ունի բանակցությունները կազմակերպելու մանդատ։ Փաստորեն, Ադրբեջանն էլ ստիպված տվեց համաձայնությունը։ Մնացել էր Լեռնային Ղարաբաղի պատվիրակությունը, որը չի տվել համաձայնություն, մենք դեմ էինք։ Խաղաղապահ զորքի տեղակայումը անընդունելի էր մեզ համար, շատ մեծ վեճեր եղան, բայց, ի վերջո, հաղթեց այն մոտեցումը, որ չթույլատրենք։ Բացի այդ, բանակցություններն անցնում էին ԵԱՀԽ-ի և Ռուսաստանի կտրուկ առճակատման ներքո։ Արդյունքում՝ դրանք դադարեցվեցին։
-Ի՞նչ առճակատման մասին է խոսքը, ո՞րն էր նրանց վեճի պատճառը։
-Նրանց Վեճի թեման այն էր, որ Ռուսաստանն ասում էր՝ դուք մի խառնվեք, որովհետև իրավունք, մանդատ չունեք կոնֆլիկտը կարգավորելու։ Իրենք էլ խորհուրդը լուծարեցին, կազմակերպություն ստեղծեցին՝ ԵԱՀԿ-ն՝ նոր մանդատով, ու նորից միացան, բանակցություններն իրենց ձեռքը վերցրին։
-Խաղաղապահ զորքեր տեղակայելու վերաբերյալ այդ նախագծի և մանդատային սկզբունքի միջև կարելի՞ է զուգահեռներ անցկացնել։
-Ո՛չ, այդ պրոյեկտը մանդատ կոչել չի լինի։ Դա մոտավորապես այն նույնն տրամաբանությունն էր, ինչ Մադրիդյան սկզբունքներում, որ իրենց ինչ-որ տարածքներ ազատվում են, ու խաղաղասիրական առաքելություն է իրականացվում։ Այստեղ Ռուսաստանն ընդամենը ստացել էր իրավունք՝ իր զորքերն Արցախում տեղակայելու, իսկ մանդատի խնդիրն ուրիշ է։ Իրավական տարբերություններ էլ, իհարկե, կլինեն, եթե մասնագետները գնահատական տան։
-Ի՞նչ գործընթաց հաջորդեց այդ բանակցություններին։
-Ի վերջո, երբ համաձայնության չեկան, ու օդում կախված մնաց այդ պայմանագիրը, 1995-ին արդեն մի նոր պայմանագիր ստորագրվեց՝ ռազմատեխնիկական բնույթի, թե ի վերջո ինչպես պահել այս վիճակն առանց զորքի։ Դրա համար էլ խոսելիս մենք անընդհատ հղում ենք անում 94-ի զինադադարի պայմանագրին և 95-ի պայմանագրին, որտեղ ռազմատեխնիկական առաջարկներ էին։ Օրինակ՝ նախատեսվում էր ծանր զորքերի հետքաշումը։ 25 տարվա մեջ մի անգամ Ադրբեջանը այդ պայմանագրի կոպիտ խախտում թույլ տվեց 2016-ի ապրիլին, իսկ մինչև այդ պայմանագիրը հիմնականում կատարվում էր։ Վերջ, դա վերջին ակտն էր։ Էլ որևէ բան չի կատարվել՝ բացի բանակցությունների ֆորմատի փոփոխություններից։
-Արցախ խաղաղապահ զորք մտցնելու հարցը շարունակու՞մ է մնալ ռուսական քաղաքականության օրակարգում։ Որքանո՞վ է դա հնարավոր։
-Կան տեսակետներ, որ Ռուսաստանը անընդհատ էլ փորձում է զորքերը մտցնել, բայց դա անհնար բան է, որովհետև այս ստատուս քվոն ունիկալ բան է։ Աշխարհում եզակի դեպք է, որ խաղաղապահ զորքեր չկան էստեղ։ Տարբեր պետությունների շահերի հետ գործ ունենք, օրինակ՝ Իրանը երբևէ չի համաձայնի, որ տարածքում ռուսական զորք լինի, անգամ մի անգամ հայտարարել են, որ այդ դեպքում իրենք էլ զորք կմտցնեն։ Ադրբեջանը, բնական է, երբեք համաձայնություն չի տա, Արցախը ևս՝ չի տա։ Քանի որ ռուսական զորքերն են, արևմուտքը թույլ չի տա, իսկ եթե արևմուտքն ուզի զորք տեղակայել, արդեն Ռուսաստանը դեմ կլինի։ Դրա համար էլ երբեմն համանախագահները շեշտում են, որ կոնկրետ Մինսկի խմբի երկրներից որևէ մեկը չի կարող մասնակից լինել խաղաղապահ զորքերի տեղակայմանը։ Այդպիսի սկզբունք են որդեգրել։
-Մանդատային ճանապարհով կոնֆլիկտների լուծման միջազգային պրակտիկան ի՞նչ է ցույց տալիս։
-Մանդատային այս սկզբունքը հենց միջազգային օրինակներից ելնելով են բերում, Պաղեստինի օրինակն է շատ հայտնի։ Բայց դրանք բոլորը տարբեր են, օրինակ՝ Կոսովոյի անկախությունը ճանաչել են մի քանի տասնյակ երկրներ, մանացածը չեն ճանաչում, և երկիրը չի կարող որևէ միջազգային կազմակերպության, ասենք՝ ՄԱԿ-ի անդամ դառնալ, որոևհետև չի համապատասխանում պայմաններին։ Պաղեստինը ՄԱԿ-ում ներկայացված է որպես դիտորդ, Արցախը ներկայացված չէ։ Տարբեր ժամանակներում փոխվում են կոնֆլիկտների բնույթը, դրանց իրավական ստատուսը, և երբ խոսում են այդ մանդատային սկզբունքից, նախադեպերը նկատի ունենալով են խոսում, բայց հաշվի չեն առնում, որ բոլոր կոնֆլիկտներն իրարից շատ տարբեր են։
Աստղիկ Քեշիշյան
comment.count (0)