Օրեր առաջ «Ֆիզգորոդոկում» իրականացվող շինարարությանը դեմ Սեդա Գրիգորյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ ոստիկաններ են այցելել իրենց տուն՝ խուզարկության։
Այսօր այս թեմայով հրավիրված ասուլիսի ժամանակ «Ֆիզգորոդոկի» բնակիչ, քաղաքացիական ակտիվիստ Սեդա Գրիգորյանը պատմեց, որ նախորդ շաբաթ օրը, երբ ինքը տանը միայնակ էր, դուռը թակել են երկու տղամարդ, եւ, ներկայանալով Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության ոստիկաններ, նշել են, որ դատարանից Գրիգորյանի տունը խուզարկելու թույլտվություն ունեն․
«Փաստորեն, սա մի գործ է, որն ինքին, կարծում եմ, աբսուրդային է․ քրեական գործ է հարուցվել շինարարության ժամանակավոր մետաղյա ցանկատապի թիթեղների վրա կարմիր ներկով գրություններ անելու վերաբերյալ՝ որպես գույքային վնաս։ Այսինքն՝ ինչ-որ ժամանակավոր մետաղի վրա գրություն անելը որակվել է որպես գույքային վնաս, ներգրավվել է ինչ-որ փորձագիտական կազմակերպություն, որը գնահատել է մոտ 100 հազար դրամի վրաս։ Եվ ասում են, որ կասկած կա՝ գրությունը ես եմ արել։ Ծանոթանալով որոշմանը՝ ես տեսա, որ փաստաթղթում նշված չէր, թե ես ինչ կարգավիճակով եմ ներգրավված գործում, ուստի ասացի, որ չեմ կարող ստորագրել, սակայն չեմ խոչընդոտում խուզարկմանը։ Ոստիկաններն ասացին, որ եկել են փնտրելու կարմիր ներկի տուփը»,- մանրամասնեց Գրիգորյանը՝ նշելով, որ թույլ չեն տվել լուսանկարել դատարանի թույլտվության փաստաթուղթը։ Նա հավելեց, որ ոստիկաններն ամբողջ տունը խուզարկելուց հետո այդպես էլ չգտան այդ տուփն ու հեռացան։
Սեդա Գրիգորյանը կարծում է, որ քանի որ «Ֆիզգորոդոկի» թեմայով ինքն ավելի ակտիվ է, իր սոցիալական հարթակներում նորություններ է ներկայացնում զարգացումների կամ տեղի ունեցողի վերաբերյալ, իրավապահները թիրախավորել են իրեն եւ փորձում են իրեն հետ պահել քաղաքացիական պայքարի շրջանակներում իրենց իրավունքների բարձրաձայնումից։
Սեդա Գրիգորյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Գեւորգ Գյոզալյանն էլ դատարանի որոշումը կայացվել է հարուցված քրեական գործի շրջանակներում։ Նրա գնահատմամբ՝ քրեական գործը, մեղմ ասած, կասկածելի հիմքեր ունի․ «Ես մանարամասն ծանոթ չեմ փորձագետի տված եզրակացությանը, թե 100 հազար դրամի վնաս կա, բայց Սեդայի ցուցմունքից հետո խնդրեցի, որ նկարեն ու ինձ ուղարկեն այդ թիթեղները, որպեսզի հասկանանք՝ ինչ վնասի մասին է խոսքը, անկախ նրանից, որ մենք առհասարկ չենք ընդունում Սեդա Գրիգորյանին որպես վկա (հնարավոր կասկածյալ) կարգավիճակը։ Ամեն դեպքում՝ փորձեցինք հասկանալ՝ ինչ վնասի մասին է խոսքը։ Իսկ խոսքը ինչ-որ թիթեղների վրա ներկով գրված «սա կանաչապատ տարածք է» գրություններին։ Մակերեսային հետազոտությամբ փորձեցինք ճշտել, եւ պարզվում է՝ թիթեղներին, ըստ էության, վնաս չկա, այդ գրությունը կարող է կանաչ ներկով ներկվել ու փակվել, կամ համապատասխան նյութերով գրությունը ջնջել։ Դա 30 հազար դրամը հաստատ չի գերազանցի՝ մի շարք մասնագետների տված բանավոր բացատրություններով»,- ասաց Գյոզալյանը։
Նա նշեց, որ այդ հովածով քրեական գործ կարող է հարուցվել, եթե պատճառված վնասն առնվազն 30 հազար դրամը գերազանցում է։ Այստեղ է, որ փաստաբանի մոտ ողջամիտ կասկած է առաջացել, թե, այնուամենայնիվ, ինչի վրա է հիմվել փորձագետը, որ վնասը 100 հազար դրամ է գնահատել․ «Թիթեղներն առհասարակ վնասված չեն, դրանց փոփոխության խնդիր չկա։ Սա բացահայտ է, բոլորը գիտեն, բոլորը տեսնում են։ Իմ կասկածներն այստեղից են գալիս, որ ինչ-որ բան այն չէ։ Մենք մեր իրավակիրառ պրակտիկայում եւ իմ պրակտիկայում բազմաթից դեպքեր ունենք, երբ ավելի լուրջ խախտումներով, երբ դիմում ենք, որպեսզի քրգործ հարուցեն, մեր իրավապահներն այդպես ջերմեռանդորեն չեն հարուցում։ Բայց այս մասով մենք տեսնում ենք չափից ավելի ջանասիրություն, որ ի՞նչ անեն, այդտեղ վնաս էլ չկա, խնդիրը 30 հազար դրամն էլ չի գերազանցում»։
Թե ինչ նպատակ են հետապնդում իրավապահների գործողությունները, փաստաբանն այս պահին չի մեկնաբանում՝ նշելով միայն, որ այդ գործողություններն առնվազն կասկածելի են։ Գյոզալյանը նշեց, որ ամեն կերպ փորձելու են հասնել արդարությանը, քանի որ տպավորություն կա, որ քաղհասարակության նկատմամբ ակնհայտ ճնշում կա։
«Բոլոր նրանց, որոնք ապօրինի գործողություններ են կատարում, ազդեցությունը բերելու է հակազդեցության։ Որքան հայցեր կներկայացվեն, որքան քրեական գործով կփորձեն նմանատիպ գործողություններ իրականացնել, սրանք անարձագանք չեն մնալու։ Այս տրամաբանության մեջ մենք բոլոր օրինական միջոցներով պայքարելու ենք դրանց դեմ»,- շեշտեց Սեդա Գրիգորյանի շահերի ներկայացուցիչ Գեւորգ Գյոզալյանը։
Հիշեցնենք՝ Երեւանի Ալիխանյան եղբայրներ փողոցի 6/1 հասցեում, որ հանրությանն առավել հայտնի «Ֆիզգոռոդոկի» տարածքում է, այս տարվա օգոստոսի 19-ին սկսվել են 12-հարկանի շենքի կառուցման աշխատանքները։ Այստեղ բարձրահարկ կառուցելու նպատակ ունի «Ռատկո» ընկերությունը։ Ֆիզիկայի ինստիտուտի բանավանի բնակիչները, սակայն, դեմ են շենքի կառուցմանը, նրանք պնդում են, որ շինաշխատանքներն ապօրինի են, եւ որ նման շինություն այդտեղ կառուցելու պարագայում խաթարվելու են թաղամասի պատմական դիմագիծն ու կենսամիջավայրը, ճարտարապետությունը, քանի որ տեղանքում շենքերը ցածրահարկ են։ Բացի դրանից՝ բնակիչները որոշ ժամանակ առաջ հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ ներկայացնելով տվյալներ, ըստ որոնց՝ տարածքը, որտեղ կառուցվելու է շենքը, ապօրինաբար է օտարվել։
Ֆիզիկայի ինստիտուտի բանավանի բնակիչների հաղորդման հիման վրա ՀՀ գլխավոր դատախազությունում հարցուվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, այն է՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահումը, որն առաջացրել է ծանր հետեւանքներ։
«Ֆիզգորոդոկում» իրականացվող շինարարության, բնակիչների բողոքների մասին առավել մանրամասն կարող եք կարդալ այստեղ։
comment.count (0)