Հայկ Մարությանը որեւէ քաղաքական ուղուց չի շեղվել․ քաղաքական ուղուց, «Իմ քայլի» ուղուց շեղվել է ՔՊ-ն․ Իզաբելլա Աբգարյան
11:47 - 22 դեկտեմբերի, 2021

Հայկ Մարությանը որեւէ քաղաքական ուղուց չի շեղվել․ քաղաքական ուղուց, «Իմ քայլի» ուղուց շեղվել է ՔՊ-ն․ Իզաբելլա Աբգարյան

Կուսակցությունը քաղաքական պատասխանատվություն պիտի ունենա, որպեսզի մեկ անձի վրա չբարդի բոլոր խնդիրները, որոնց համար ինքն էլ է պատասխանատու։ Այս մասին այսօր  քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու հարցով Երեւանի ավագանու արտահերթ նիստի ժամանակ իր ելույթում ասաց ավագանու անկախ անդամ Իզաբելլա Աբգարյանը․

«Քանի՞ նախագիծ է բերվել մեր նախընտրական ծրագրին ուղղված, որը քաղաքապետը մերժել է։ Երկու տարի եղել եմ խմբակցության անդամ, քաղաքապետը գալիս էր խմբակցության նիստերին, նիստերին չկար քվորում․ մարդիկ չէին գալիս խմբակցության նիստերին»,- ասաց Աբգարյանը՝ հայտարարելով՝ Հայկ Մարությանը որեւէ քաղաքական ուղուց չի շեղվել․

«Քաղաքական ուղուց, «Իմ քայլի» ուղուց շեղվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ հետեւողականորեն ազատվելով այն մարդկանցից, որոնք եղել են «Իմ քայլի», հեղափոխության շարժիչ ուժը, փողոցներում մեքենաների տակ պառկողները։ Այդ մարդկանց այսօր փոխարինել են Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի սեղանների խինկալիների պոչերով, որոնք հայտարարել են, որ հիմա էլ ՔՊ-ական են։ Դա՞ է քաղաքական գիծը։ Հայկ Մարությանը ընդամենը դարձել է անկուսակցական, նա չի լքել քաղաքը դժվար պահին, նա ընդամենը դուրս է եկել կուսակցությունից, եւ որեւէ մեկն այդ մասին չգիտեր։ Ես չէի ների Հայկ Մարությանին, եթե նա դեկտեմբերին հրաժարվեր քաղաքապետի պաշտոնից, ինքս էլ չէի հրաժարվում մանդատիցս՝ հասկանալով, որ Հայաստանի շահից բխում էր համայնքային եւ պետական ինստիտուտների ամուր մնալը, որովհետեւ ձեր ընդդիմությունը, որով վախեցնում եք ժողովրդին, հենց դրանով էր սպառնում, որ կքանդվեն այդ ինստիտուտները»,- ասաց ավագանու անդամը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել