Դավիթ Բաբայանը Բաքվի հայերի ջարդերն Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության ամենաարյունալի դրսևորումներից է համարում |armenpress.am|
17:21 - 13 հունվարի, 2022

Դավիթ Բաբայանը Բաքվի հայերի ջարդերն Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության ամենաարյունալի դրսևորումներից է համարում |armenpress.am|

armenpress.am: Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը Բաքվի հայերի ջարդերը Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպան քաղաքականության դրսևորումներից և ամենաարյունալի դեպքերից մեկն է համարում:

Բաքվի հայերի ջարդերի 32-րդ տարելիցի կապակցությամբ զրույցում Դավիթ Բաբայանն ընդգծեց, որ 1990 թ. հունվարի 13-ը հայ ժողովրդի պատմության ամենաողբերգական և սև էջերից մեկն է: «Այդ օրը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում սկսվեցին հայերի զանգվածային ջարդերը:  Պետք է լինենք միասնական, ճիշտ քաղաքականություն վարենք, կիրթ և հայրենասեր հասարակություն ձևավորենք. միայն այդ դեպքում հնարավոր կլինի խուսափել Բաքվում տեղի ունեցած ջարդերի նման ծանր փորձություններից»,- ասաց Բաբայանը:

Նրա խոսքով՝ տասնամյակներ շարունակ Ադրբեջանի կողմից  իրականացվել են  հայաթափման ծրագրեր,  ու Բաքվի ջարդերն էլ Ադրբեջանի կողմից իրականացվող  ցեղասպան քաղաքականության ամենաարյունալի դեպքերից են  եղել: Բաբայանը պատահական չի համարում, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր հարցազրույցը տվել է հենց տարելիցի նախօրյակին  և խոսել է գրեթե նույն ոճով, ինչ ոճով իրականացվել են Բաքվի ջարդերը 1990 թվականին:

«Սա փաստում է, որ նույն գաղափարները մնացել են, նույն մոտեցումները գերիշխում են և նույն ծրագրերը փորձում են իրականացնել: Ի՞նչ պետք է  անենք, որ նմանատիպ արյունալի դեպքերը այլևս չլինեն:  Նախ պետք է հասկանանք՝ ում հետ գործ ունենք, իրականությունը ճիշտ պատկերացնենք ու չսխալվենք նորից: Ի դեմս Ադրբեջանի՝ մենք ունենք պետություն և հասարակություն, որտեղ հայատյացությունը պետական գաղափարախոսություն է : Ի դեմս Ադրբեջանի՝ մենք ունենք երկիր, որը ֆաշիստական է իր էությամբ, և սա մենք երբեք չպետք է մոռանանք: Եթե մոռանանք, Բաքվի ջարդերից սկսած մինչև վերջին պատերազմը նորից կրկնվելու են»,- ասաց Դավիթ Բաբայանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել