Նախագահի նոր ընտրություններին մեր դաշինքը իր խոսքը կասի․ Սեյրան Օհանյան
12:37 - 24 հունվարի, 2022

Նախագահի նոր ընտրություններին մեր դաշինքը իր խոսքը կասի․ Սեյրան Օհանյան

Արմեն Սարգսյանի հրաժարականը թույլ է տալիս ասելու, որ ներքաղաքական և արտաքին լուրջ գործընթացներ կարող են սկսվել, որը հարված է ՀՀ-ին և ինքը խուսափում է այդ ամենից։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով Արմեն Սարգսյանի հրաժարականին։

Սեյրան Օհանյանի խոսքով՝ ՀՀ-ի և Արցախի Հանրապետության շուրջ բավականին բարդ ռազմաքաղաքական իրավիճակ է․ «Հայաստանի շուրջ զարգացումները տանում են նրան, որ այնուամենայնիվ, պետք է ցավով նշեմ, որ պարտվող իշխանության պայմաններում անհաջողությունների շարանը շարունակվում է։ Այդ անհաջողությունները եղել են մինչև պատերազմ, եղել են պատերազմի ժամանակ, պատերազմից հետո արտահայտվել են նաև մեր սահմաններում և հիմա առանց որևիցե մի իրավիճակի, որևիցե նորմալ խաղաղության պայմանների ՀՀ-ի իշխանություններին տանում են խաղաղության  դարաշրջանի, այսինքն՝ հարաբերությունների ձևավորման և՛ Ադրբեջանի, և նաև հայ-թուրքական հարաբերությունների հետ»։

Օհանյանը ընդգծեց, որ ՀՀ նախագահը իր պարտականությունները լիարժեք չի կատարել․ «Այսպիսի բարդ իրավիճակում ենք մենք գտնվում և այս վերջին 3 տարիների դիտարկումները ՀՀ նախագահի գործունեության կամ կարելի է ասել՝ անգործունեության, թույլ են տալիս եզրակացնելու հետևյալը, որ ինքը լիարժեք իր պարտականությունները չի կարողացել կատարել, որքան էլ տեքստի մեջ ակնկարկներ կատարի  իր նկատմամբ, իր ընտանիքի նկատմամբ վերաբերմունքի, ես գտնում եմ, որ, այնուամենայնիվ, ՀՀ նախագահը Սահմանադրությամբ հանդիսանում է Հանրապետության գլուխը և ինքը ուներ և՛ արարողակարգային, և՛ ուղղակի պարտականություններ Սահմանադրությունը պահելու, նաև ՀՀ-ի անվտանգության և տարածքային ամբողջականության և այլ երաշխիք հանդիսանալու համար։ Ինքն իր պարտականությունները չի կատարել»։

Խմբակցության ղեկավարն ընդգծեց, որ Արմեն Սարգսյանը կառավարության հետ համագործակցությամբ ազդել է ՀՀ կադրային քաղաքականության վրա․ «Գոնե, օրինակ, ռազմական ոլորտում կադրային նշանակումները կամ կադրերի ազատումները թույլ են տալիս ասելու, որ նրանք մակերեսորեն են վերաբերվել այդ գործընթացին։ Լուրջ հարված է եղել խրախուսման, արժանավորներին գնահատման գործընթացին։ Ես նկատի ունեմ ամբողջ պարգևատրման, շքանշաններով, մեդալներով, հերոսի կոչում շնորհել և այլն և այլն։ Նաև օրենսդրական գործունեության մեջ։ Երկրորդը՝ նրա հրաժարականը թույլ է տալիս ասելու, այնուամենայնիվ, որ ներքաղաքական և նաև արտաքին լուրջ գործընթացներ կարող են սկսվել, որը հարված է ՀՀ-ին և ինքը խուսափում է այդ ամենից։ Եվ երրորդը, ես կարող եմ ասել, որ նրա հրաժարականից հետո, իհարկե, հնարավորություն է ստեղծվում, որպեսզի նախագահական նոր ընտրություններ լինեն, և այդ ընտրություններում մեր դաշինքը («Հայաստան» դաշինքը, խմբ․) իր խոսքը կասի»։

Հարցին՝ արդյոք «Հայաստան» խմբակցությունը պատրաստվո՞ւմ է նախագահի թեկնածու առաջադրել, Օհանյանն ասաց․  «Քննարկելուց հետո մենք դրա վերաբերյալ համապատասխան տեղեկություն կտանք, ես գտնում եմ, որ Հանրապետության նախագահ՝ մեր պետության գլուխ պետք է ընտրվի այն մարդը, որ մեծ հեղինակություն ունի ոչ միայն Հայաստանում, այլ նաև Սփյուռքում, ողջ հայ ժողովրդի հետ։ Երբ այդ գործընթացը ամբողջությամբ սկսի ընթացք ստանալ մենք կքննարկենք և դրա մասին հայտարարություն կանենք»։

Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական է տվել․ «Մենք ունենք պարադոքսալ իրավիճակ, երբ Նախագահը ստիպված է պետականության երաշխավոր լինել՝ փաստացի չունենալով որևէ իրական գործիք: Սահմանադրությունը նաև ենթադրում է մեկ ինստիտուտի գերակայություն մյուսի նկատմամբ, Սփյուռքի հայտնի մասնագետների համար ստեղծում է խոչընդոտներ՝ պատմական Հայրենիքի պետական ինստիտուտների կառավարմանը մասնակցելու համար, և այլն»,-ի թիվս այլնի իր խոսքում նշել էր նախագահը։ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր՝ ԱԺ նիստի ընթացքում հայտարարել էր, որ եթե ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը 1 շաբաթվա ընթացքում հետ չվերցնի հրաժարականի մասին իր դիմումը, ԱԺ նախագահը նրա լիազորությունների դադարման մասին արձանագրություն կկազմի և կստորագրի: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել