Աղվան Վարդանյանն առաջարկում է ընդլայնել պետական դրոշի գործածման տարածքները |armenpress.am|
12:01 - 04 փետրվարի, 2022

Աղվան Վարդանյանն առաջարկում է ընդլայնել պետական դրոշի գործածման տարածքները |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը առաջարկում է Հայաստանի կրթական, գիտական, մշակութային եւ մարզական բոլոր կազմակերպությունների, ինչպես նաեւ պետության եւ համայնքի կողմից հիմնադրված բոլոր իրավաբանական անձանց համար սահմանել պետական դրոշի գործածման պարտականություն: Պատգամավորը նաև առաջարկում է օրենքի մակարդակով կանոնակարգել պետական խորհրդանիշների հետ ուղղակիորեն աղերսվող երեք տոների՝ Սահմանադրության օրվա, Հանրապետության եւ Անկախության տոների ժամանակ հանրային օգտագործման վայրերին հարող շենքների վրա պետական դրոշի գործածման կարգը:

«Պետական խորհրդանիշներից դրոշը ամենատարածվածն է, և ականատես ենք լինում, որ, օրինակ` Վրաստանում, Թուրքիայում, Հունաստանում, ԱՄՆ-ում յուրաքանչյուր քայլափոխի տվյալ պետության դրոշն է: Սա նաև հանրության, հատկապես երիտասարդության, երեխաների շրջանում պետության խորհրդանիշների հանդեպ հարգանքի վկայություն է: Հայաստանում, իհարկե, գործում է պետական դրոշի մասին օրենք, բայց այս նախաձեռնությամբ առաջարկվում է ընդլայնել դրոշի գործածման տարածքները»,- պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց Աղվան Վարդանյանը:

Պատգամավորի խոսքով նախագծերի փաթեթով լուծվում է նաեւ մեկ այլ կարեւոր հարց՝ կապված «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» օրենքի գործնական կիրարկումն ապահովելու օրենսդրական հիմքերի ձեւավորման հետ:

«Խնդիրն այն է, որ «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» օրենքի 10-րդ հոդվածով սահմանվում է. «Սույն օրենքի պահանջների խախտումը առաջացնում է պատասխանատվություն օրենքով սահմանված կարգով», սակայն օրենքով սահմանված պահանջների խախտման համար որեւէ օրենքով պատասխանատվություն սահմանված չէ: Նշեմ նաեւ, որ Քրեական օրենսգրքի 331-րդ հոդվածով սահմանված պատասխանատվությունը կապված է պետական խորհրդանիշները, այդ թվում՝ պետական դրոշն անարգելու հետ եւ չի վերաբերում «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» օրենքի պահանջների խախտմանը:

Այդ կապակցությամբ առաջարկվում է «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» օրենքի պահանջների որոշակի խախտումների համար սահմանել վարչական պատասխանատվություն»,- ասաց Վարդանյանը:

Հաշվի առնելով օրենքն ընդունելու դեպքում Հայաստանի Հանրապետության դրոշներ ձեռք բերելու անհրաժեշտությունը, օրենքի ուժի մեջ մտնելու համար սահմանվել է եռամսյա ժամկետ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել