Գուտերիշը խորին անհանգստություն է հայտնել Եվրոպայում պատերազմի շուրջ շահարկումների առիթով |armenpress.am|
10:43 - 15 փետրվարի, 2022

Գուտերիշը խորին անհանգստություն է հայտնել Եվրոպայում պատերազմի շուրջ շահարկումների առիթով |armenpress.am|

armenpress.am: ՄԱԿ-ի գլխավոր քարտողար Անտոնիու Գուտերիշը խորին անհանգստություն է հայտնել Եվրոպայում հնարավոր ռազմական բախման մասին հաղորդումների առիթով: Փետրվարի 14-ին այդ մասին նա հայտարարել է լրագրողներին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

«Ես խորապես անհանգստացած եմ Եվրոպայում աճած լարվածության եւ հնարավոր ռազմական հակամարտության մասին շահարկումների առիթով,- ասել է նա:- Դրա գինը մարդկային տառապանքների, ավերածությունների եւ եվրոպական ու գլոբալ անվտանգության կորստի հարցում չափազանց մեծ է, որպեսզի նույնիսկ մտածենք այդ մասին»: «Մենք չենք կարող թույլ տալ այդ աղետալի ընդհարման նույնիսկ հնարավորությունը: Առաջիկա ժամերին եւ օրերին ես կշարունակեմ աշխատանքն այդ ուղղությամբ:

Ես այսօր առավոտյան խոսեցի Ռուսաստանի եւ Ուկրաինայի ԱԳՆ-ների ղեկավարների (Սերգեյ Լավրովի եւ Դմիտրի Կուլեբայի) հետ: Ես պարզորոշ ասացի՝ դիվանագիտությանն այլընտրանք չկա: Բոլոր հարցերը, նույնիսկ ամենաբարդերը, պետք է լուծվեն դիվանագիտական շրջանակներում»,- հավելել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը: Գուտերիշը կոչ է արել խուսափելու Ուկրաինայի վերաբերյալ հայտարարություններից, որոնք տանում են լարվածության սաստկացման: «Եկել է ժամանակը նվազեցնելու լարվածությունը եւ ձեռնարկելու երկիր մոլորակի վրա ապաէսկալացիայի միջոցներ»,- նշել է նա: Գլխավոր քարտուղարը ողջունել է Ուկրաինայի շուրջ՝ վերջերս կայացած դիվանագիտական, այդ թվում բարձր մակարդակի շփումները:

«Բայց պետք է արվի ավելին, եւ ես ակնկալում եմ, որ բոլոր (կողմերը) կակտիվացնեն իրենց ջանքերը: Ես առաջարկեցի իմ բարի ծառայությությունները, մենք կօգտագործենք ցանկացած հնարավորություն խաղաղ լուծման հասնելու համար»,- ասել է նա: Ուկրաինայում ՄԱԿ-ի ներկայացուցչության աշխատանքը շարունակվում է ամբողջ ծավալով, հայտարարել է Գուտերիշը: Ավելի վաղ մի քանի երկրներ իրենց քաղաքացիներին հորդորել են հեռանալ Ուկրաինայից լարվածության աճի ֆոնին:

Այդ երկրում ՄԱԿ-ի նեկայացուցչությունում զբաղված է ավելի քան 1,6 հազար մարդ: Վերջին ժամանակներս Արեւմուտքի երկրներում, ինչպես նաեւ Ուկրաինայում հնչում են հայտարարություններ Ուկրաինայի տարածք Ռուսաստանի հնարավոր ներխուժման մասին: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նման տեղեկատվությունը որակել է լարվածության սին եւ անպատասխանատու բորբոքում: Նա ընդգծել է, որ Ռուսաստանը ոչ մեկի համար սպառնալիք չի ներկայացնում: Ըստ որում նա չի բացառել սադրանքների հնարավորությունն՝ այդ հայտարարությունների արդարացման համար, եւ նախազգուշացրել է, որ Ուկրաինայի հարավ - արեւելքում ճգնաժամի ուժային լուծման փորձերը կունենան ամենալուրջ հետեւանքները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել