Ես Թեհմինե Ենոքյանս, լինելով Գնդեվազ գյուղի բնակիչ, արդեն շուրջ 8 տարի է` զբաղվում եմ Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի խնդիրների բարձրաձայնմամբ և իմ, ինչպես նաև տեղացիների իրավունքների պաշտպանության հարցերով։ Որևէ գաղտնիք չկա, թե որքան մասնագիտական և քաղաքացիական ջանք եմ ներդրել ես և բազմաթիվ սրտացավ մարդիկ հանրայնացնելու հանքերի ստեղծած բացասական ազդեցության մասին տվյալները, իրազեկելու մարդկանց, որպեսզի պայքարեն հանուն իրենց իրավունքների պաշտպանության, և այդ ամենն արել եմ հրապարակայնորեն։
2018 թ․ հունիսի 22-ից Ջերմուկի ու Գնդեվազի բնակիչները փակել են Ամուլսար տանող ճանապարհները՝ այդպիսով դադարեցնելով Ամուլսարի ոսկու արդյունահանման աղետաբեր ծրագրի շինարարությունը որպես իրենց իրավունքները պաշտպանելու ուղղակի գործողություն։ Հուլիս-օգոստոս ամիսներին գտնվել եմ Գնդեվազ գյուղում՝ մեր տանը, ակտիվորեն մասնակցել Ամուլսարի հետ կապված համայնքային գործունեությանը։ Այդ ընթացքում, ինչպես և դրանից առաջ ու հետո, Ամուլսարի պահապաններին և Ջերմուկ համայնքին սատարելու նպատակով Ջերմուկ են ժամանել տարբեր քաղաքացիական, քաղաքական, մշակութային խմբեր ու անհատներ, որոնցից շատերը ինձ հետ են կապ հաստատել, որպեսզի օգնեմ հյուրընկալման և այլ հարցերում։
Եղել եմ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով ստեղծված աշխատանքային խմբի անդամ, որն ուսումնասիրում էր հանքարդյունաբերության ոլորտի խնդիրները և որի ուսումնասիրության առաջին ծրագիրը Ամուլսարի ոսկու ծրագիրն էր։ Աշխատանքային խմբում ներգրավվելով ես ապահովել եմ համայնքի դիրքորոշումն այս հարցում, նկարահանել ու հանրայնացրել եմ հանդիպումները։ Աշխատանքային խումբն ամբողջությամբ, ինչպես նաև առանձին անդամներով հանդիպումներ է ունեցել հուլիս-օգոստոս-սեպտեմբեր ամիսներին, և մինչև Երևանում աշխատանքային խմբի հանդիպումները օգնել եմ, որպեսզի Ջերմուկից ու Գնդեվազից այդ խմբի անդամները իրազեկվեն ու մասնակցեն դրա աշխատանքներին։
Հասարակական այս գործունեության համար բաց եմ արել Գնդեվազի իմ տան դռները, որպեսզի որոշ քննարկումներ տեղի ունենան իմ տանը, քանի որ Գնդեվազի համայնքային շենքում՝ գյուղապետարանում նման քննարկումներ անցկացնելու հնարավորություն այդ պահին չկար՝ գյուղապետի նկատմամբ անվստահության պատճառով։
Անձնական հետապնդում և ապօրինաբար անձնական տվյալների հրապարակում
2018 թ․ օգոստոսին ֆեյսբուք սոցիալական ցանցում Ամուլսարի շահագործման ջատագովությամբ զբաղվող մի օգտատեր՝ «Vahagn Hovhannisyan» անունով (այժմ արդեն ջնջված), սկսեց տարածել իմ տունը, ինձ ու իմ տուն մտած անձանց պատկերող գաղտնիաբար արված լուսանկարներ այնպիսի մեկնաբանություններով, որոնք փաստացի ոչ միայն վարկաբեկիչ էին, այլ ներխուժում էին իմ անձնական կյանք ու տարածք (թե այլ անձանց մասին այս օգտատերը ինչ զրպարտություններ էր տարածում, այլ քննարկման հարց է)։
Լուսանկարներից մեկը պատկերում էր Բնապահպանության և ընդերքի պետական տեսչության ղեկավար Արթուր Գրիգորյանի պետհամարանիշներով մեքենան իմ տան դիմաց, իսկ նա Ջերմուկ համայնքի հետ աշխատանքային խմբում նրանց ներգրավվածությունն ապահովելու նպատակով հուլիսի 17-ին եկել էր Գնդեվազ գյուղ, հետո՝ Ջերմուկ քաղաք, և համայնքի անդամների հետ հանդիպումներից մեկի համար ես տրամադրել էի իմ տան տարածքը։ Գաղտնի արված լուսանկարի մեկնաբանությունները բոլորովին խեղաթյուրում էին իրականությունն ու վարկաբեկում ինձ։
Պարզվեց, որ իմ տունը մշտապես եղել է գաղտնի լուսանկարող ինչ-որ սարքի կիզակետում, որովհետև սա իմ և իմ տան գաղտնի լուսանկարներից միակը չէր, որը դարձել էր սոցիալական ցանցերում ակտիվորեն քննարկվող թեմա։ Սեպտեմբեր ամսին ես հաղորդում ներկայացրեցի հանցագործության մասին ՀՀ ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն։
Նախապատրաստվեցին նյութեր և հարուցվեց քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածով, այն է՝ աձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը: Հոդվածի կանխադրույթն է, որ հանցագործություն է համարվում մարդու անձնական կամ ընտանեկան գաղտնիք համարվող տեղեկություններն առանց նրա համաձայնության օգտագործելը կամ հրապարակային ելույթներով, հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործություններով կամ լրատվության միջոցներով այդպիսի տեղեկություններ տարածելը կամ հավաքելը կամ պահելը, եթե դրանք նախատեսված չեն օրենքով: Իմ պահանջն էր բացահայտել իմ նկատմամբ նման արարքներ կատարած անձանց և օրենքին համապատասխան պատասխանատվության ենթարկել։
Քրեական գործ և ֆեյքերի սխեմայի բացահայտում
2018 թ․ սեպտեմբերից մինչև 2019 թ․ մարտ ամիս ընթացավ քննություն, Եղեգնաձորի քննչական կոմիտեն և Ջերմուկի ոստիկանության բաժինը հարցաքննեցին տանս դիմացի հարևաններին և ստացան ինքնախոստովանական ցուցմունք առ այն, որ Աննա Ներսիսյանը (դիմացի տան բնակիչ, «Լիդիան Արմենիա»-ի) լուսանկարել է իմ տունը և ապօրինաբար հավաքագրել իմ կյանքին վերաբերող անձնական տվյալներ։
Լուսանկարները իր համագյուղացի Հռիփսիմե Խաչատրյանի («Լիդիան Արմենիա»-ի աշխատակից) միջոցով փոխանցվել են Հովսեփ Ասոյանին, ով Ամուլսարի հանքի շահագործման թույլտվություններ ստացած «Լիդիան Արմենիա»-ի աշխատակից է։ Գործի քննությունից ինձ հայտնի է դարձել, որ «Լիդիան Արմենիա»-ի աշխատակիցները կազմակերպված հետապնդում են իրականացրել իմ նկատմամբ և ապօրինաբար հավաքագրել տեղեկատվություն իմ մասին։
Ինքնախոստովանական ցուցմունքների համաձայն՝ Աննա Ներսիսյանը, ով ցուցմունք է տվել, թե իբր նպատակ է ունեցել ցույց տալ իմ ու Արթուր Գրիգորյանի միջև կապ, որը կարող էր մատնանշել Արթուր Գրիգորյանի ոչ օբյեկտիվ լինելը Ամուլսարի հարցում, Viber հավելվածի միջոցով իմ ու իմ տան լուսանկարները Հռիփսիմե Խաչատրյանի «Viber»-ի հավելվածով ուղարկել է Հովսեփ Ասոյանին։ Վերջինս հայտնել է, թե ինքն է վարել «Vahagn Hovhannisyan» կեղծ անունով էջը, որտեղ էլ զետեղել է լուսանկարները ու մեկնաբանությունները։ Նշեմ, որ սեպտեմբեր ամսից, երբ սկսվեց գործի քննությունը, այս օգտատերը ջնջվեց ֆեյսբուքից։
Ինձ կասկածելի է՝ արդյո՞ք Աննա Ներսիսյանի անձնական շահագրգռվածությունն էր «ցույց տալ իմ ու Արթուր Գրիգորյանի միջև կապն ու նրա ոչ օբյեկտվությունը», թե՞ նա պարզապես գործիք է դարձել «Լիդիան Արմենիա»-ի ձեռքում, սակայն կարևոր եմ համարում շեշտել, որ Արթուր Գրիգորյանը՝ ինչպես պաշտոնյա, այնպես էլ՝ իր նախկին գործունեության բերումով՝ «Էկոիրավունք» հկ-ի ղեկավար, որը դատական կարգով վիճարկում էր Ամուլսարի ոսկու հանքի շահագործման ծրագրին տրված պետական թույլտվությունները, ուներ բացառապես հանրային շահագրգռվածություն և պաշտոնական լիազորություն՝ ստուգելու Ամուլսարի ծրագրի օրինականության հարցը։ Լուսանկարներին վերաբերող ժամանակահատվածում նա ապահովում էր համայնքի մասնակցությունն ու համակարգում հենց այդ աշխատանքները։
Իմ բողոքի քննությունը բացահայտեց, որ Ամուլսարի ոսկու ծրագրի հարցում սոցիալական ցանցերում ակնհայտորեն «Լիդիան Արմենիա»-ին սպասարկող օգտատերերի, իսկ փաստացի՝ կեղծ օգտատերերի (ֆեյքերի) միջոցով հանրային կեղծ կարծիք ստեղծելու ՓԻԱՌ գործողությունների հետևում կանգնած են «Լիդիան Արմենիա»-ի աշխատակիցները և ամենայն հավանականությամբ՝ հենց ինքը՝ ընկերությունը։ Ամիսներ շարունակ «Vahagn Hovhannisyan»-ի էջից անձանց արժանապատվությունը վիրավորող վարկաբեկիչ հրապարակումներ են արվել ջերմուկցիների, բնապահպանների և սրտացավ քաղաքացիների նկատմամբ։ Այդպիսի բազմաթիվ այլ էջեր ու օգտատերեր շարունակում են զրպարտություններ տարածել մինչ օրս, իսկ «Լիդիան Արմենիա»-ի պաշտոնական կայքը, ֆեյսբուքյան էջերը և յութուբյան ալիքները այլ որակի նյութեր են տարածում։
ՀՀ քննչական կոմիտեն, այդուհանդերձ, կարճել է գործը այն հիմքով, թե ես հասարակական գործունեություն եմ ծավալել, որ Տեղեկատվության ազատության մասին օրենքի դրույթներ են կիրառելի այդ լուսանկարների հրապարակման առնչությամբ, և գործը ենթակա է կարճման հանցակազմի բացակայության պատճառով։ Ես պնդում եմ հակառակը և բողոքարկել եմ կարճման մասին որոշումը ՀՀ գլխավոր դատախազություն։
Հետևություններ
«Լիդիան Արմենիա»-ին սպասարկող նմանօրինակ հետապնդումներ բացի ինձնից իրականացվել են մի շարք այլ քաղաքացիների նկատմամբ, իսկ ընկերության աշխատակիցները հաճախ սադրանքներ են կիրառել տեղացիների նկատմամբ, սերմանել են թշնամանք Ամուլսարի պահապանների ու բնապահպանների նկատմամբ, հրահրել են միջհամայնքային վեճեր, ահաբեկել են, Ջերմուկում և Գնդեվազում փորձել են ստեղծել վախի մթնոլորտ։ Այս ամիսների ընթացքում տեղացիները և բնապահպանները իրենց ուսերին են վերցրել պետության կարգավորիչ ֆունկցիան՝ պաշտպանելու բնությունը և իրենց հիմնարար իրավունքները, որի համար բազմիցս թիրախավորվել են։
«Լիդիան Արմենիա»-ն դատի է տվել բնապահպան, աշխարհագրագետ Լևոն Գալստյանին, փաստաբան Նազելի Վարդանյանին, բնապահպան Անի Խաչատրյանին, Հայկ Գրիգորյանին և ինձ՝ պահանջելով 1-ական մլն դրամի փոխահատուցում՝ իբրև թե «գործարար համբավին վնաս հասցնող արտահայտությունների» համար։ Ընկերությունը հայցեր է ներկայացրել նաև Ջերմուկի ու Գնդեվազի բնակիչների դեմ։
Իմ անձնական տվյալների ապօրինի հավաքագրման ու տարածման դեպքը ցույց տվեց, որ «Լիդիան Արմենիա»-ի աշխատակիցներն իրենք են վարում կեղծ ֆեյսբուքյան էջեր, և արժանի քննություն պետք է վարվի ինչպես իմ գործի, այնպես էլ ընկերության օգտին սոցիալական ցանցերում զրպարտիչ նյութեր ու ստեր տարածող այլ էջերի ու վիդեո ալիքների նկատմամբ։ Սա ոչ միայն զուտ ընկերությանը պատասխանատվության կանչելու հարց է, այլև հանրությանը մասնավոր ընկերությունների զրպարտիչ գործողություններից պաշտպանելու ավելի գլոբալ խնդիր։
Հավելյալ ճշգրտում
Հայտարարությունում նշված Աննա Ներսիսյանը «Լիդիան Արմենիա»-ի կապալառու «Ավտոճանապարհային մեքենաներ» ՓԲԸ աշխատակից է, ով աշխատել է Ամուլսարի հանքում և ըստ գործի նյութերում առկա ցուցմունքների, նպատակ է ունեցել աշխատանքի անցնել «Լիդիան Արմենիա»-ում։
Հայտարարությունում նշված Հռիփսիմե Խաչատրյանը, ինչպես նաև նրա մայրը, նույնպես աշխատել են Ամուլսարի հանքում՝ «Լիդիան Արմենիա»-ի կապառալու ընկերություններից մեկում։
Հայտարարությունում նշված Հովսեփ Ասոյանն այդ ժամանակ եղել է «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակից։ Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է հետևյալը․ «Աննա Ներսիսյանն առանց Թեհմինե Ենոքյանի համաձայնության ապօրինի հավաքել է նրա անձնական կյանքին, անձնական շփումներին վերաբերվող և իրենցից անձնական կյանքի գաղտնիք համարվող լուսանկարներ և տարածել դրանք առանց վերջինիս համաձայության՝ Viber հավելվածի միջոցով փոխանցելով «Լիդիան Արմենիա» ընկերության նույն ժամանակվա աշխատակից Հովսեփ Ասոյիանին, ով էլ իր հերթին նշված լուսանկարները հրապարակել է Facebook սոցիալական ցանցի «Vahagn Hovhannisyan» անձնական էջի միջոցով։
2018թ․ նոյեմբերի 30-ին մեղադրանք է առաջադրվել նաև Հովսեփ Ասոյանին, վերջինս առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել, ցուցմունք է տվել այն մասին, որ ինքը ստացել է լուսանկարները, սակայն դրանք իրեն չեն հետաքրքրել, ուստի դրանք ջնջել է իր հեռախոսից»։
Նախաքննությունը, սակայն, ապացուցված է համարել Աննա Ներսիսյանի արարքը որպես տեղեկությունների ապօրինի հավաքագրում և Հովսեփ Ասոյանի արարքը որպես տեղեկությունների հրապարակում։ Հարուցված քրեական գործը մեղադրյալ Աննա Ներսիսյանի նկատմամբ որպես տեղեկություններ հավաքագրողի և մեղադրյալ Հովսեփ Ասոյանի նկատմամբ որպես դրանք հրապարակողի կարճվել է այն հիմքով, որ հավաքագրված և հրապարակված տեղեկություններն առնչվել են իմ՝ Թեհմինե Ենոքյանիս հասարակական գործունեության հետ և անձնական բնույթի չեն։ Ես այս որոշումը համապատասխան կարգով բողոքարկել եմ, և բողոքն ընդունվել է վարույթ։
Թեհմինե Ենոքյան
comment.count (0)