Սահմանադրության փոփոխության պատճառը հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը չէ, վստահեցնում է Միրզոյանը
 |civilnet.am|
18:35 - 23 հունվարի, 2024

Սահմանադրության փոփոխության պատճառը հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը չէ, վստահեցնում է Միրզոյանը |civilnet.am|

civilnet.am: Չափազանցություն կլինի ասել, որ Սահմանադրության փոփոխության պատճառը Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացն է։ Այդ մասին այսօր՝ հունվարի 23-ին, տարեկան ամփոփիչ ասուլիսին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով ՍիվիլՆեթի հարցին։

«Երկու կողմն էլ (Հայաստանը և Ադրբեջանը – խմբ․) իրավական խնդիրներ տեսել են այս առումով, այդ խնդիրները ներկայացրել են միմյանց և երկու կողմն էլ տվել են համապատասխան պարզաբանումներ։ Այո, որքան որ Ադրբեջանն է այդ խնդիրը տեսել (Սահմանադրությունում Անկախության հռչակագրին հղումը, որում հիշատակում կա Լեռնային Ղարաբաղի մասին – խմբ․) և ներկայացրել, նույնքան էլ Հայաստանն է Ադրբեջանի ուշադրությունը հրավիրել համարժեք այդպիսի խնդրի՝ սկսած իրենց Սահմանադրությունից»,- ասել է նա։

Միրզոյանի կարծիքով՝ Սահմանադրությունն առաջին հերթին ներքին նշանակություն ունեցող փաստաթուղթ է․ «Անշուշտ չեմ ուզում ամբողջովին մերժել, որ ներքին նշանակություն ունենալով հանդերձ՝ ցանկացած սահմանադրություն ավելի լայն ազդեցություն ունի, այսինքն, անդրադառնում է արտաքին հարաբերություններին։ Այս առումով մեր սահմանադրությունն էլ բացառություն չէ, Ադրբեջանի սահմանադրությունն էլ բացառություն չէ»,- նշել է նա։

Հայաստանի ԱԳՆ ղեկավարը համոզված է, որ խաղաղության գործընթացի արգելակման պատճառը Սահմանադրությունը չէ։

Հունվարի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը կարիք ունի նոր Սահմանադրության, ոչ թե սահմանադրական փոփոխությունների։ Փաշինյանի կարծիքով՝ Հայաստանը պետք է ունենա Սահմանադրություն, որը «կասկածի տեղիք չտվող քվեարկության արդյունքներով» ընդունվել է ՀՀ ժողովրդի կողմից․ «Մենք պետք է ունենանք Սահմանադրություն, որը Հայաստանի Հանրապետությունն ավելի մրցունակ և ավելի կենսունակ է դարձնում աշխարհաքաղաքական և ռեգիոնալ նոր պայմաններում»,- նշել է նա։ Ընդդիմադիրների համոզմամբ, իշխանությունը մտադիր է Սահմանադրությունից հանել Անկախության հռչակագրին հղումը, որում հիշատակում կա Լեռնային Ղարաբաղի մասին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել