ԱԺ հանձնաժողովը մերժեց ՀՌՀ անդամի թափուր պաշտոնում առաջադրված Para TV-ի փոխտնօրեն Անժելա Նալբանդյանի թեկնածությունը |hetq.am|
15:56 - 22 փետրվարի, 2022

ԱԺ հանձնաժողովը մերժեց ՀՌՀ անդամի թափուր պաշտոնում առաջադրված Para TV-ի փոխտնօրեն Անժելա Նալբանդյանի թեկնածությունը |hetq.am|

hetq.am: Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի թափուր անդամի պաշտոնում առաջադրված Անժելա Նալբանդյանի թեկնածությանը: Նրա թեկնածությունն առաջադրել էր «Հայաստան» խմբակցությունը:

Անժելա Նալբանդյանը 2010-2013 թվականներին «Արմենիա» հեռուստաընկերությունում կոմերցիոն բաժնի գովազդի գծով մասնագետի հաստիքն է զբաղեցրել, այնուհետև «Պանարմենիան մեդիա գրուպ» ՓԲԸ մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի վարչությունում է աշխատել, նախ՝ որպես մասնագետ, ապա՝ որպես ղեկավար: 2015 թվականին զբաղեցրել է «Սպուտնիկ Արմենիա» ռադիոկայանի գլխավոր պրոդյուսերի պաշտոնը, 2017 թվականից «Զանգեզուր» հեռուստաընկերության պրոդյուսերն է, ինչպես նաև՝ «Para TV» առցանց հեռուստաընկերության փոխտնօրենը: 2021-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին «Հայաստան» դաշինքի ցուցակով առաջադրվել է որպես պատգամավորի թեկնածու:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը, դիմելով թեկնածուին ներկայացնող Հռիփսիմե Ստամբուլյանին, հիշեցրեց, որ երբ ՔՊ-ն ՀՌՀ անդամի թափուր պաշտոնում առաջադրել էր նախկին պատգամավոր Արթուր Մանուկյանի թեկնածությունը, ընդդիմադիր խմբակցությունից հիշեցնոմ էին նրա քաղաքական կողմնորոշման մասին: Ստամբուլյանն արձագանքեց՝ իրենց թեկնածուն պատգամավոր չի եղել, այլ թեկնածու, կուսակցական չէ, և կկարողանա օբյեկտիվ աշխատել:

Հարցը դրվեց քվեարկության և մերժվեց:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել