Բենզինի շուկայում կան խնդիրներ. Գեղամ Գևորգյան |armenpress.am|
13:34 - 01 մարտի, 2022

Բենզինի շուկայում կան խնդիրներ. Գեղամ Գևորգյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում բենզինի շուկայում կան խնդիրներ, հարուցված քրեական գործեր. Մրցակցության պետական հանձնաժողովի նախագահը հայտնում է նաև, որ շուկայում նոր խաղացողների քանակի ավելացման շնորհիվ է, որ, օրինակ, Իրանից ներմուծվող դիզվառելիքի, բենզինի գներն իջել են:

Գևորգյանն այս մասին ասաց ԱԺ-ում՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի հարցին

Թադևոս Ավետիսյանը նշեց՝ իր մոտ տպավորություն է, թե ՄՊՀ-ն ջանք չի խնայում՝ հիմնավորելու, թե ինչու պետք է  բենզինի և դիզվառելիքի գինը սահուն կերպով բարձրանա՝ միջազգային շուկաներով պայմանավորված: «Իսկ, երբ միջազգային շուկաներով պայմանավորված պետք է նազի, ինչո՞ւ այդ նույն կերպով նույն հիմնավորմամբ չի նվազում»,-ասաց պատգամավորը:

Նա նշեց՝ այս օրերին բենզինի, դիզվառելիքի գնաճ կա նորից՝ հետաքրքրվեց, թե արդյոք Մրցակցության պետական հանձնաժողովն ունի՞ գնահատում, օպերատիվ տվյալներ:

Մրցակցության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն էլ առաջարկեց պատգամավորին ասել մի գոնե մեկ դեպք, երբ միջազգային շուկայում բենզինի գինն իջել է և Հայատսանում դրա արտացոլումը չի եղել: Եվ, եթե պատգամավորը նման դեպք մատնանշի, ինքը խոստացավ, որ հրապարակային վարույթ կիրականացնի:

«Իհարկե, բենզինի շուկայում կան խնդիրներ: Ամենամեծ խնդիրներից մեկը նաև լաբորատոր կարողությունների բացակայությունն էր, որ մենք կարողանայինք համապատասխան հսկողություն անել: Սակայն, կան արդեն հարուցված գործեր, եթե չեմ սխալվում, նաև քրեական՝ տրված նյութերի հիման վրա, որտեղ որակը և քանակը չեն համապատասխանել իրականությանը»,-ասաց Գևորգյանը՝ հավելելով, որ շուկայում գործող բոլոր տնտեսավարողների հետ կապված ունեն գործընթացներ:

Պատգամավորը հավելեց՝ բենզինի շուկայում սեփականատերեր են փոխվել, դա ինչի՞ է բերել:

Գևորգյանը պատասխանեց. «Կապիտալի վերաբաշխում տեղի չի ունեցել, շուկայում հայտնվել են տարբեր խաղացողներ, այդ թվում՝ խոշոր մասնաբաժին ունեցող խաղացողներ: Եվ այդ խաղացողների քանակի ավելացման շնորհիվ է, որ Իրանից ներմուծվող դիզելային վառելիքի և բենզինի գներն իջել են»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել