Արդյո՞ք ԵՄ-ն կսկսի լուրջ վերաբերվել Ուկրաինայի անդամակցությանը․ Guardian
20:54 - 11 մարտի, 2022

Արդյո՞ք ԵՄ-ն կսկսի լուրջ վերաբերվել Ուկրաինայի անդամակցությանը․ Guardian

Ռուսաստանի Ուկրաինա ներխուժումից ի վեր Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցության հարցն առավել քան արդիական է դարձել։ Սակայն ինչպիսին են այդ հեռանկարները։ Այս հարցին է անդրադարձել բրիտանական The Guardian պարբերականը, որի հոդվածը որոշ կրճատումներով ներկայանցում ենք ընթերցողին։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու դերասանական անցյալում մի հոլովակ կա, որում նա մարմնավորում է Ուկրաինայի նախագահին «Ժողովրդի ծառա» հանրահայտ հեռուստաշոուում։ Նրա հեռախոսին զանգ է գալիս, Զելենսկին ձեռքը տանում է գրպանը։ Գերմանիայի կանցլերն է զանգահարում՝ ասելու՝ «որոշել ենք ձեր երկիրն ընդունել Եվրամիություն»։

«Գրողը տանի», ասում է Զելենսկին և հնչում է Բեթհովենի «Ձոն ուրախության» ստեղծագործությունը՝ Եվրամիության հիմնը։

Այս հոլովակը նկարահանվել է Ռուսաստանի հուժկու գրոհից, այն բանից առաջ, երբ, Ուկրաինայի պաշտոնյաների պնդմամբ, արկերն ընկել են պաշարված Մարիուպոլի ծննդատան վրա, այն բանից առաջ, երբ վեցամյա աղջնակը ջրազրկումից մահացել է իր ավերված տան փլատակների տակ։

Անցյալ շաբաթ այս հոլովակն ակնթարթորեն տարածվեց, որովհետև ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության թեման արդեն հեռուստաշոուի կատակ չէ, այլ կենսական հարց։

Իրական նախագահ Զելենսկին Ուկրաինայի անդամակցության հարցով ԵՄ-ին է դիմել Ռուսաստանի ներխուժումից հինգ օր անց՝ կոչ անելով «անհապաղ ընդունել երկիրը նոր հատուկ ընթացակարգով»։

«Ուկրաինան քաջ և խելացի ազգ է, որը հսկայան ավանդ կունենա ԵՄ քաղաքական, տնտեսական, մշակութային և սոցիալական կյանքում այս պատերազմի ավարտից հետո, - ասել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան Financial Times-ին։ - Եվրամիության համար հեղինակության և ուժի հարց է մեզ պես անդամ ունենալը»։

Թեև Եվրամիությունն այս օրերին զարմացնում է Ռուսաստանի ագրեսիային դիմակայելուն միտված իր միասնականությամբ և հին դոկտրինները մի կողմ թողնելու պատրաստակամությամբ, Ուկրաինայի համար անդամակցությունը ԵՄ-ին շատ հեռավոր ապագա է թվում։

Դրա պատճառն աջակցության բացակայությունը չէ։ Եվրամիությունը հիշում է 2014 թ-ի Եվրամայդանը, որի ժամանակ ցուցարարներ էին զոհվում՝ պաշտպանելով եվրոպական ապագա ունենալու ընտրության Ուկրաինայի իրավունքը։ Ութ անդամ պետություններ այն ժամանակ Եվրամիությանը կոչ արեցին «անհապաղ» Ուկրաինային տրամադրել ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ և բանակցային գործընթաց սկսել։

Սակայն այս հարցի ջատագովները գիտեն, որ դա հեշտ պայքար չէ։ «Նրանք նույնիսկ ավելի շատ արժեքների տեր են, քան մեզնից շատերը, սակայն գործնական առումով դա շատ դժվար կլինի», - ասել է բարձրաստիճան մի պաշտոնյա։ Միության հին անդամները, մասնավորապես, Ֆրանսիան, Գերմանիան, Նիդերլանդներն ու Դանիան, չեն ուզում, որ Ուկրաինայի ճանապարհը դեպի ԵՄ կարճ լինի։

Պաշտոնյաները նշում են, որ Ուկրաինան պետք է ի վիճակի լինի յուրացնել ԵՄ 80-հազարանոց կանոնակարգը՝ acquis communautaire-ը (իրավական հայեցակարգ ԵՄ իրավական նորմերի համակարգում – խմբ․), որը ներառում է ամեն ինչ՝ օդի աղտոտումից մինչև կենդանիներից փոխանցվող ինֆեկցիոն հիվանդությունների մշտադիտարկում։ Տեխնիկական կանոնների այս հսկա հավաքածուն միտված է արդյունավետ պետական կառավարմանն, անկախ դատական համակարգին և շուկայական տնտեսությանը։

«Անկեղծ լինենք․ Ուկրաինան դեռ մոտ չէ այս ամենին հատկապես այն պատճառով, ինչ արեց Պուտինը», - ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետներից մեկը՝հավելելով, որ անգամ պատերազմից առաջ Ուկրաինան «ճիշտ ուղով չէր ընթանում»՝ ըստ Կոպենհագենի չափանիշների՝ ժողովրդավարության, օրենքի գերակայության և տնտեսության ոլորտում ԵՄ ստանդարտների։

«Մենք ուզում ենք «այո» ասել Ուկրաինային այնքան, որքան հնարավոր է՝ բարոյապես աջակցելով, համակրելով ուկրաինացի ժողովրդին, հասկացնելով, որ նա մեր արժեհամակարգի մի մասն է», - ասել է դիվանագետը։

«Կարծում եմ՝ ուկրաինացիներն (անդամակցությունը) դարձնում են չափազանց մեծ հարց և լսում ուրիշներին, որոնք սա վերածում են թեթև քաղաքական որոշման», - ասել է նա։

Դիվանագետը չի համաձայնել, որ ԵՄ դժկամությունը կապված է Կրեմլին հակադրվելու վերաբերյալ մտահոգության հետ, սակայն ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության կողմնակիցները կարծում են, որ իսկական պատճառը հենց սա է։

Ինչպես ՆԱՏՕ-ում, այնպես էլ ԵՄ-ում կա փոխօգնության մասին կետ, որի համաձայն՝ հարձակումն անդամներից մեկի վրա նշանակում է հարձակում բոլորի վրա։ «[Հին անդամ երկրներում] կան կառավարություններ, որոնք կարծում են, որ մենք կարող ենք Պուտինի հետ համաձայնության գալ և Ուկրաինայի եվրոպական մղումները փոխանակել խաղաղության հետ, - Guardian-ին ասել է մեկ այլ բարձրաստիճան դիվանագետ։ - Իսկ ես կարծում եմ, որ դա պատրանք է»։

«Ընդլայնումը որոշակի առումով փոխում է Եվրամիության էությունը, այդ պատճառով էլ այս հարցը հիմնարար էքզիստենցիալ կարևորություն ունի առաջնորդներից, երկրներից յուրաքանչյուրի համար», - ասել է ԵՄ պաշտոնյաներից մեկը։

Իսկ Ուկրաինայի արագացված մասնակցությունը կարող է առաջացնել բալկանյան վեց երկրների դժգոհությունը, որոնք ԵՄ անդամակցության հերթի տարբեր փուլերում են այն պահից սկսած, երբ գրեթե 20 տարի առաջ առաջնորդները հայտարարեցին, որ նրանք «եվրոպական հեռանկար» ունեն։

Այս տարաձայնությունը դեռևս հանգեցրել են դասական բրյուսելյան փոխզիջման․ ԵՄ առաջնորդները կհայտարարեն, որ «Ուկրաինան պատկանում  է մեր եվրոպական ընտանիքին»՝ Guardian-ի տնօրինության տակ հայտնված տեքստի նախագծի համաձայն։ ԵՄ առաջնորդները Եվրախորհրդարանին կոչ կանեն եզրակացություն տալ Ուկրաինայի դիմումի առնչությամբ՝ հավելելով, որ «մինչև դրա ստանալը շարունակելու ենք ամրապնդել մեր կապերն ու խորացնել մեր գործընկերությունը»։

Եվրահանձնաժողովի նախկին աշխատակից Հիզեր Գրաբեն, որն աշխատել է ԵՄ ընդլայնման հարցերի վրա, կարծում է, որ ԵՄ-ն ավելին կարող էր անել։ «Այն, ինչ իրականում պետք է Ուկրաինային, հավաստումն է, որ Եվրոպան նրան մենակ չի թողնի ռուսական ագրեսիայի դեմ, որ Եվրոպան նրան չի ստիպի ընտրել Եվրոպայի և Ռուսաստանի միջև, որ նրանք եվրոպացի են, ինչ էլ Ռուսաստանն անի», - ասել է նա՝ հավելելով, որ Պուտինի ռազմական հաղթանակներից մեկը կլինի այն, եթե ԵՄ-ն իր սահմանները որոշի՝ հաշվի նստելով Կրեմլի կարծիքի հետ։

Սակայն, նրա կարծիքով՝ ԵՄ անդամակցության խիստ չափանիշները չպետք է մեղմացվեն Ուկրաինայի համար։

Հորինված հոլովակում Ուկրաինայի անդամակցության մասին երազն ավարտվում է նրանով, որ Գերմանիայի կանցլերը գլխի է ընկնում, որ սխալվել է․ նա ուզում էր Չեռնոգորիային տեսնել ԵՄ-ում։ «Ուրախության ձոնն» ընդհատվում է, նախագահի դեմքը՝ խոժոռվում․ «Պարզ է, եղավ, շնորհավորանքներս, այո, Չեռնոգորիային»։

Մինչ ուկրաինացիները մահանում են այն բանի համար, ինչն իրական Զելենսկին անվանել է «Եվրոպայի լիիրավ անդամ» դառնալու համար պայքար, Ուկրաինայի կառավարությունը պակաս հանդուրժող կգտնվի, եթե զգա, որ Եվրամիության դռները դեռ փակ են մնալու։

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել