Որքա՞ն հեռուն է պատրաստ գնալ Ռուսաստանի նախագահը․ Spiegel
21:42 - 13 մարտի, 2022

Որքա՞ն հեռուն է պատրաստ գնալ Ռուսաստանի նախագահը․ Spiegel

Spiegel հեղինակավոր ամսագիրն անդրադարձել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի քաղաքական ուղուն, փորձել պարզել, թե ինչն է հանգեցրել ուկրաինական ճգնաժամին և ինչպես կարող են զարգանալ իրադարձությունները։ Ամսագրի այս շաբաթվա համարում հրապարակված հոդվածը կրճատումներով ներկայացնում ենք ստորև։

Արևմուտքը շոկի մեջ է ընկել Վլադիմիր Պուտինի Ուկրաինա ներխուժումից։ Բայց կրեմլյան բոսն արդեն երկար տարիներ է՝ անթաքույց խոսում է ռուսական կայսրության վերաբերյալ իր տեսլականի մասին։ Այս սրացմանը նա ուզում էր հասնել 20 տարի։

2001 թ-ի սեպտեմբերի 25-ին Ռուսաստանի նախագահը, որը երկիրը կառավարում էր արդեն մեկ ու կես տարի, ելույթ ունեցավ Գերմանիայի խորհրդարանի առջև։ Ունկնդիրների թվում էին Գերմանիայի նախագահ Յոհաննես Ռաուն և կանցլեր Գերհարդ Շրյոդերը։ Պուտինը ելույթ ունեցավ գերմաներենով՝ ասելով, թե խոսում է Գյոթեի, Շիլլերի և Կանտի լեզվով։

Ռուսաստանի առաջնորդը խոսեց «ժողովրդավարության և ազատության գաղափարների» մասին և ասաց, որ «Ռուսաստանը բարեկամ երկիր է, մենք մեր ավանդն ենք ունենում եվրոպական ընտանիքի շինարարությանը»՝ հավելելով, որ իր նպատակը խաղաղությունն է աշխարհամասում։

Երբ նա ավարտեց իր ելույթը, գերմանացի խորհրդարանականները ոտքի կանգնեցին։ Նրանք մի քանի րոպե ծափահարում էին Պուտինին՝ Ռուսաստանին նոր հույս բերողին։

Այսօր Գերմանիայում քչերը նրան կծափահարեին։ Եվրոպական ընտանիքի համար Պուտինի ավանդն այսօր դրա ռմբակոծումն է։ Ոչ ոք էլ չի կապի նրա անունը ժողովրդավարության կամ ազատության հետ։ Պուտինն արեց այն, ինչ ոչ ոք Եվրոպայում չեր համարձակվում անել Ադոլֆ Հիտլերի ժամանակներից ի վեր․ նա հարձակվեց աշխարհամասի կենտրոնում գտնվող երկրի վրա՝ իր զորքերով և ավիացիայով, ավելի քան 100 հազար զինվորով։

Եթե ավելի մանրամասն դիտարկենք, ապա գերմանացի օրենսդիրների էյֆորիան այն ժամանակ արդեն անտեղի էր։ Նրանք թույլ տվեցին կուրացնել իրենց։ Գուցե այն պատճառով, որ գոնե մեկ ակնթարթ Պուտինի մեջ տեսան երկրորդ Գորբաչովին։ Գուցե որովհետև նրա խոսքում չնկատեցին քողարկված ակնարկներն այն մասին, որ Եվրոպան պետք է երես թեքի ԱՄՆ-ից, որ լոյալությունը ՆԱՏՕ-ին խնդրահարույց է, և Եվրոպայի անվտանգության համակարգն այլևս չի համապատասխանում Ռուսաստանի շահերին։

Բայց նրանք պետք է արթուն կենային մեկ այլ պատճառով․ Պուտինը, որը գառան մորթի էր հագել Բեռլին գալիս, 20 ամիս առաջ իր պաշտոնավարումը սկսել էր ամենադաժան կերպ։ Անգամ 2001 թ-ին գերմանացիները պետք է գլխի ընկնեին, որ նրա խաղաղության ելույթն ու իրական գործողությունները Ռուսաստանում չեն համընկնում։

Պատերազմն Ուկրաինայում շարունակությունն է այն բանի, ինչ սկսվեց 2000 թ-ի Ամանորի առավոտը չեչենական Գուդերմես քաղաքում՝ Ռուսաստանի վերածննդի, գոնե այն տեսքով, ինչպես տեսնում է Պուտինը։

«Դուք ոչ միայն պաշտպանում եք Ռուսաստանի պատիվը Չեչնիայում։ Խոսքը մեր երկրի մասնատումը թույլ չտալու մասին է», - ռուսական 42-րդ մոտոհրաձգային դիվիզիայի առջև ելույթ ունենալիս ասաց հեռավոր Մոսկվայից ժամանած մեկը, որին այն ժամանակ շատերը չէին ճանաչում՝ Վլադիմիր Պուտինը։ Նրա նախագահության 24 ժամը դեռ չէր լրացել։ Եվ այն, որ Պուտինը մեկնել էր չեչենական պատերազմի առաջնագիծ, կանխամտածված ժեստ էր։ Նա այս պատերազմը սրտին մոտ էր ընդունում․ Չեչնիան սպառնում էր անջատվել Ռուսաստանից։ Պուտինը դա դիտարկում էր որպես ռուսական հզորության թուլացում, որը պետք է կասեցնել։

Դաղստնաում և Մոսկվայի բնակելի շենքերում և Ռուսաստանի հարավում մի քանի պայթյուններից հետո Պուտինն արդեն պատերազմ հայտարարեց «չեչեն ահաբեկիչներին» 1999 թ-ի վերջին։ Ապացուցված չէ, որ այդ պայթյուններն իրականացրել են չեչենները։ Ավելին՝ կան ապացույցներ, որ դրանց մասնակից է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը, որը ոչ այնքան վաղ գլխավորում էր Պուտինը։

Ամենօրյա օդային հարձակումները Չեչնիայի վրա սկսվեցին 1999 թ-ի սեպտեմբերին, իսկ նույն տարվա հոկտեմբերին ռուսական բանակը ներխուժեց Չեչնիա։ Ինչպես այժմ Ուկրաինայում, այն պատերազմը «պատերազմ» չէր կոչվում, այլ «հակաահաբեկչական գործողություն Հյուսիսային Կովկասում»։ Հարյուր հազարավոր մարդիկ զոհվեցին կամ փախան այդ պատերազմից, որովհետև ռուս զինվորականները գործում էին անհավանական դաժանությամբ։

Եթե որպես հիմք ընդունենք Չեչնիայի պատերազմն, այնուհետև հաշվի առնենք կարևորագույն քաղաքական որոշումները, որոնք Մոսկվան կայացրել է հետագա տարիներին, ապա հարց է առաջանում․ ինչո՞ւ Արևմուտքը Պուտինի մեջ լուրջ սպառնալիք չի տեսել շատ ավելի վաղ։ Չէ՞ որ այն, ինչ նա անում էր, ծառայում էր միայն մեկ նպատակի՝ վերականգնել Ռուսաստանի երբեմնի փառքն ամեն գնով։

Սակայն իր կառավարման տարիներին Պուտինը պարտություններ էլ է կրել, որոնք նրան էլ ավելի են բորբոքել։ Դրանցից մեկը «նարնջագույն» հեղափոխությունն էր Ուկրաինայում, որը սկսվեց այն բանից հետո, երբ Պուտինի բարեհաճությունը վայելող և Ռուսաստանի հովանու տակ գտնվող Վիկտոր Յանուկովիչը հաղթեց ուկրաինական նախագահական ընտրություններում 3 մլն կեղծ ձայների միջոցով։

Ավելի քան 100 հազար մարդ փողոց դուրս եկավ բողոքելու, ինչը ստիպեց քվեարկության երրորդ փուլ անցկացնել։ Արդյունքում՝ հաղթեց ընդդիմության առաջնորդ Վիկտոր Յուշչենկոն։

Նույնատիպ մի բան տեղի ուենցավ 2005 թ-ի մարտին, երբ Ղրղզստանում «կակաչների հեղափոխություն» տեղի ունեցավ։ Ռեժիմի հակառակորդները գրավեցին կառավարության շենքը Բիշքեկում, իսկ նախագահ Ասկար Ակաևն ընտանիքի հետ ուղղաթիռով փախավ Ռուսաստան։

Մոսկվայում հիասթափությունն անսապասելիորեն ձախողակ Պուտինից դարձավ համատարած։

Դժվար չէ պատկերացնել, թե ինչ ազդեցություն գործեց այս քննադատությունը Պուտինի վրա։ Դա կարող էր իսկական բեկումնային կետ լինել, և դա ոչ մի կապ չուներ ՆԱՏՕ-ի հետ։

Միայն մեկ տարի անց Պուտինն ապացուցեց, որ դասեր է քաղել։ Այն ժամանակ նա ընդունեց «Մեծ ութնյակի» գագաթաժողովը Սանկտ Պետերբուրգում և հռչակեց, որ Ռուսաստանը «կրկին գերտերություն է տնտեսկան աճի տեսակետից»։ Եվ այն ժամանակ ռուսական տնտեսությունն իրոք բարգավաճում էր։

2006 թ-ի գագաթաժողովի գլխավոր թեման գլոբալ էներգետիկ անվտանգությունն էր։ Այդ հանդիպման նախաշեմին սկսեց քննադատություն հնչել Արևմուտքի հասցեին, որը հայտարարվեց գլխավոր թշնամի։ Իսկ դրանից մի քանի ամիս առաջ «Գազպրոմ» պետական ընկերությունը դադարեց գազ մատակարարել Ուկրաինային և նրա ոչ պոպուլյար ռեֆորմատոր նախագահ Յուշչենկոյին։ Դա ազդակ էր աշխարհին, որ Պուտինն ու նրա շրջապատը գիտեն այն խաղաթղթերի գինը, որոնք իրենց ձեռքում էին։

Այսպիսով, աշխարհաքաղաքական հակադրությունները փաստացի սկսվել են 16 տարի առաջ։ Սակայն ոչ մի փոփոխության չեն հանգեցրել Արևմուտքի մտածողությունում։ Չնայած նրան, որ այն ժամանակ արդեն Եվրոպայում սկսել էին խոսել էներգամատակարարման դիվերսիֆիկացման մասին։

Պուտինը նաև վերականգնեց իր դիրքերն արտաքին քաղաքականությունում։ Նա վերականգնեց կորցրած ազդեցությունը հետխորհրդային երկրների վրա և դաշինք կնքեց Չինաստանի, Հնդկաստանի և Պակիստանի հետ։

2008 թ-ին Պուտինը ժամանակավորապես համաձայնեց պաշտոններով փոխվել վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ՝ չխախտելու համար սահմանադրությունը, որի համաձայն՝ Ռուսաստանի նախագահ անընդմեջ կարելի է լինել միայն երկու ժամկետով։

Այդ տարվա օգոստոսին Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի փորձն՝ իր վերահսկողության տակ վերադարձնելու Հարավային Օսիա ինքնավար մարզը, հանգեցրեց պատերազմի։ Ռուսաստանը ներխուժեց Վրաստան։ Ռուսաստանն այդ պատերազմը կոչեց «խաղաղություն պարտադրելու գործողություն»։ Իրականում նա պատժում էր Վրաստանին, որը Սաակաշվիլիի օրոք շրջվում էր դեպի Արևմուտք։

Արևմուտքը ցուցադրեց իր անկարողությունը ռուսական նեոիմպերիալիզմի առջև այնպես, ինչպես այժմ՝ Ուկրաինա ներխուժման առջև։

Մեդվեդևի հետ կրկին տեղերով փոխվելով՝ Պուտինը վերադարձրեց նախագահի պաշտոնը և հրաժարվեց բոլոր պատրվակներից։ 2013 թ-ին նա համոզեց իր ուկրաինացի գործընկեր Յանուկովիչին չեղարկել ասոցացման համաձայնագիրը Եվրամիության հետ, որը մշակվել էր տարիներով։ Դա հուզումներ առաջացրեց Ուկրաինայում, այնուհետև պատերազմ սկսվեց Ուկրաինայի արևելքում և տեղի ունեցավ Ղրիմի օկուպացիան։ Պուտինը Ռուսաստանն առանձնացրեց ողջ աշխարհից և իր երկիրն ամրոց հռչակեց։ Նա ակնհայտորեն արժանին էր մատուցում բռնությանը։

Այս ամենը պետք է հիշեն նրանք, ովքեր այսօր գլուխ են կոտրում Պուտինի՝ Ուկրաինա ներխուժման շարժառիթների վրա և զարմանում, թե որքան վտանգավոր է նա։ Եվ այս պատերազմի երրորդ շաբաթասզկբին հարց է առաջանում․ չի՞ սխալվել, արդյոք, Պուտինն այս անգամ։ Արդյո՞ք իրականությունից շատ չէ հեռացել։

Ռուսական զորքերը դանդաղ են առաջ շարժվում։ Տնտեսական տեսակետից վնասն ավելի մեծ է լինելու, քան Կրեմլը հայտնում է ռուս հասարակությանը։

Արդյո՞ք սա նշանակում է, որ հատուկ ծառայությունները ձախողել են իրավիճակի վերլուծությունը։ Թե՞ Պուտինն է անտեսել նրանց գնահատականները։

Ոչ խորհրդարանի, ոչ նախագահի վարչակազմի պաշտոնյաներն իրավունք չունեն միջամտելու կարևոր հարցերին։ Ռուս օլիգարխներն ու գործարարները նույնպես այլևս ուղիղ ազդեցություն չունեն Պուտինի վրա։ Այս պահին նա, ըստ ամենայնի, լսում է միայն իր ամենամոտ վստահված անձանց, ինչպիսիք են պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը։ Նրանք նախագահին ասում են այն, ինչ նա ուզում է լսել, և նրանցից ոչ ոք կասկածի տակ չի դնելու Պուտինի դատողությունները։

Եթե Պուտինը պատերազմը հաղթեր երկու օրում, նա, հավանաբար, կունենար ռուսական էլիտայի և բնակչության լայն զանգվածների լիակատար աջակցությունը։ Բայց բլիցկրիգը տապալվեց։ Կարելի է ենթադրել, որ Պուտինը հիասթափված է։ Իսկ, ինչպես ցույց են տվել վերջին երկու տասնամյակը, նա հիասթափությունը հաղթահարում է ավելացնելով դաժանությունը։

Բանակի՝ առանց հաղթանակի Ռուսաստան վերադառնալու մասին խոսք անգամ լինել չի կարող։ Դա կստիպի Պուտինին ճշմարտանման բացատրություն հորինել, թե Ուկրաինայում նա արդեն «հաղթել է» «նացիզմի» և «ցեղասպանության» դեմ պայքարում։

Իրադարձությունների զարգացման առավել հավանական սցենարը կլիներ զորքերը Դնեպրի արևելյան ափին կանգնեցնելը և դեպի արևմուտք շարժվելուց հրաժարվելը, սակայն դա Պուտինին չի բերի ոչ քաղաքական, ոչ ռազմական բավարարում։

Հակառուսական տրամադրություններ ունեցող Արևմտյան Ուկրաինայի օկուպացիան անխուսափելիորեն կբերի պարտիզանական պայքարի։

Ռուսաստանի համար այս դիլեմայի լուծումներից մեկը կարող է լինել հերթական քարոզչական հնարքը։ Նա կարող է հայտարարել ուկրաինացիների հետ բանակցություններում իբր ձեռք բերված առաջընթացի մասին, այնուհետև մեծահոգաբար հայտարարել հրադադարի մասին, որը հետագայում կարող է օգտագործել ուրիշ տարբերակներ գտնելու համար։

Սակայն այս տարբերակներից որևէ մեկը հաշվի չի առնում, թե արդյոք «ճաքեր» են առաջանում ռուսական իշխանական շրջանակում։ Համացանցում դեռ առկա մի քանի ընդդիմադիր լրատվամիջոցներ այս շաբաթ հիշել էին «ծխատուփի սցենարը»՝ հղում անելով Եկատերինա Մեծի որդի ռուս կայսր Պավել Առաջինի սպանությանը։

Պավել Առաջինը շատ կասկածամիտ էր, անկանխատեսելի և անկայուն։ Երբ նա առաջարկեց հարձակվել Բրիտանական Հնդկաստանի վրա ֆրանսիացիների հետ միասին, ռուսական արիստոկրատիան որոշեց, որ նա խելագարվել է և դավադրություն կազմակերպեց։

Ներկա պահին Ռուսաստանում, կարծես, այդպիսի դավադիրներ չկան։ Սակայն ռուսաստանցիներից շատերն են սկսել մտածել, թե ով է գալու Պուտինից հետո։ Ոչ ոք չգիտի, թե ինչ է անելու Պուտինն իր հեռանալու դեպքում, նա մի քանի ֆավորիտ ունի։

Սակայն կա մեկը, որի մասին ռուսական շրջանակներում բազմիցս խոսվել է՝ որպես Պուտինի հնարավոր հետնորդի։ Նախկինում նա շատ մոտ է եղել Պուտինի հետ, բայց մի քանի տարի առաջ նրան Մոսկվայից տեղափոխել են այլ շրջան։ Նրա անունն Ալեքսեյ Դյումին է, նա Տուլայի մարզպետն է։ Երբ Պուտինը կրկին նախագահ դարձավ 2008 թ-ին, Դյումինը դարձավ նրա անվտանգության ծառայության պետն ու օգնականը, 2012-ին՝ Պետական հետախուզական վարչության տեղակալը։ Դյումինն առանցքային դեր էր խաղում Ղրիմի բռնակցման գործում։ Ավելի ուշ նա նշանակվեց պաշտպանության նախարարի տեղակալ։

Այն փաստը, որ Պուտինը նրան Տուլայի մարզպետ նշանակեց դրանից մի քանի ամիս անց՝ 2016 թ-ին, զարմացրեց շատերին, այդ թվում՝ Դյումինին։ Սակայն սա իր տրամաբանությունը կարող է ունենալ։ Ռուսական քաղաքական տիեզերքում նորեկներն արագ են սպառում իրենց ներուժը։ Պուտինը գնահատում է Դյումինին նրա հավատարմության, հատուկ ծառայությունների հետ կապի և բարդ գործողություններին մասնակցության փորձի համար։ Բացի այդ, Դյումինը, որը 20 տարով ավելի երիտասարդ է, թարմ ուժ կհամարվի բարձր իշխանական շրջանակներում, որը չի ասոցացվի նախկին իշխանության հետ։ Սակայն անգամ Պուտինն ինքը չգիտի, թե երբ կհեռանա քաղաքական բեմից։ Դա, հավանաբար, կախված կլինի նաև նրանից, թե ինչպես կզարգանա պատերազմն Ուկրաինայում։

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել