Էլեկտրատրանսպորտն առաջիկայում թարմացվելու և զարգանալու է. ՓԲԸ տնօրեն |armenpress.am|
14:05 - 18 մարտի, 2022

Էլեկտրատրանսպորտն առաջիկայում թարմացվելու և զարգանալու է. ՓԲԸ տնօրեն |armenpress.am|

armenpress.am: Երևանի տրոլեյբուսային պարկը մեծ հեռանկարներ ունի ապագայում:

Երևանի քաղաքապետարանի «Էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ տնօրեն Հարություն Երեմյանն ուրախալի է համարում այն փաստը, որ  պարկը շուտով համալրվելու է տասը նոր ժամանակակից տրոլեյբուսներով: «Այն, որ առաջիկայում էլեկտրատրանսպորտը չի փակվելու, դա միանշանակ է: Մենք աշխատելու և զարգանալու ենք»,-ասաց նա:

Երեմյանի խոսքով՝ «Էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ հաշվեկշռում 51 տրոլեյբուս կա, որից 43-ը շարժման մեջ են, մյուսներն անսարք են: «Օրական էլեկտրատրանսպորտից օգտվում է 10-20 հազար մարդ: Ընկերությունը սպասարկում է տրոլեյբուսային 5 երթուղի»,-նշեց Երեմյանը:

Էլեկտրատրանսպորտը ներկայումս  ամենամատչելին է՝ ուղեվարձը 50 դրամ: Հարություն Երեմյանը չի բացառում, որ շարժակազմի թարմացումն ու արդիականացումը կարող է բերել նաև ուղեվարձի բարձրացմանը:

«Հիմա չեմ կարծում, որ ուղեվարձը կթանկանա, բայց հետագայում, երբ  պարկը համալրվի, միգուցե նման հարց քննարկվի»,-նշեց նա:

«Էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ տնօրենն ասաց, որ ժամանակակից տրոլեյբուսներում տեխնիկական առումով նոր լուծումներ կան, որոնք թույլ են տալիս տրոլեյբուսին ինքնուրույն, առանց հոսանքի որոշ տարածություն անցնելու:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել