armenpress.am: Քննարկվում է ռուսական գազի դիմաց Հայաստանի՝ ռուբլով վճարման հնարավորությունը: Այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն՝ ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Սերգեյ Բագրատյանի հարցին:
Պատգամավորը, հիշեցնելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի խոսքերը՝ համաշխարհային պարենային համակարգի հնարավոր փլուզման մասին՝ հարցրեց, թե Սևանից ջրառի հարց քննարկվելո՞ւ է , թե՞ ոչ, արդյոք որոշ պարենային ապրանքների արտահանման քվոտավորում չպե՞տք է նախատեսել, տեղական արտադրության հետ կապված լրացուցիչ ի՞նչ միջոցառումներ են իրականացվելու՝ ապահովելու համար հանրապետության պարենային անվտանգությունը:
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը պատասխանեց, թե թվարկված բոլոր գործողությունները պետք է ընդգծված իրականացնել և պատրաստվել մարտահրավերներին:
«Մենք ԵԱՏՄ խորհրդի նիստ ենք ունեցել, և բավականին երկար քննարկվել է այս հարցը, որովհետև միայն լոկալ արտադրությամբ բոլոր խնդիրները հնարավոր չի լինի լուծել, օբյեկտիվ ու ֆիզիկապես հնարավոր չէ. մենք որքան էլ որ մտածենք, ինչքան էլ պահուստների կոնֆիգուրացիա փոխենք, այնուամենայնիվ, ապրանքների շարժ առնվազն ԵԱՏՄ տարածքում պետք է տեղի ունենա, որպեսզի լիարժեք այդ խնդիրները լուծվեն: Եվ դա միայն Հայաստանին չի վերաբերվում: Կա հստակ պայմանավորվածություն, որ մինչև մարտի 25-ը հանձնաժողովը պետք է փոխադարձ բալանսների հաշվարկ իրականացնի և սահմանի այն քվոտավորված հոսքը, որն անհրաժեշտ կլինի ԵԱՏՄ երկրների պարենային անվտանգությունն ապահովելու համար»,- հայտարարեց ՀՀ փոխվարչապետը:
Նրա խոսքով՝ բոլոր հնարավոր խթանները պետք է աշխատեցնել, որպեսզի տեղական արտադրությունը, մասնավորապես, առաջին անհրաժեշտության ապրանքների, սննդամթերքի մասով խթանվի: Փոխվարչապետի խոսքով՝ ակնհայտ է, որ տարածաշրջանում պակասուրդ է լինելու՝ ոչ թե արտադրության պակասուրդի հետևանքով, այլ՝ լոգիստիկ ու տրանսպորտային խնդիրների: «Բայց ես կարծում եմ, որ խնդիրը կառավարելի ու լուծելի է, ու այս պահի դրությամբ կարող եմ վստահ ասել, որ ԵԱՏՄ երկրները շատ կոնսոլիդացված են այդ հարցը քննարկում»,- նշեց Գրիգորյանը:
Սերգեյ Բագրատյանը նաև հետաքրքրվեց՝ հնարավորություն կա՞ Ռուսաստանի հետ քննարկելու գազի դիմաց ռուբլով վճարման որոշակի ժամկետային ռեժիմ:
«Այո, քննարկվում է, որովհետև նաև քննարկվում է ԵԱՏՄ մաքսատուրքերի բաշխման արժույթի խնդիրը: Քննարկման օրակարգում երկրները ներկայացնում են նաև իրենց առաջարկությունները: Եվ, բնականաբար, երկրները նախ և առաջ առաջարկություններ են ներկայացնում, որ այդ հարցի լուծմանը զուգահեռ նաև լուծվի ամենախոշոր ներմուծման դիմաց արտարժույթ արտահանող գործիքների հարցը: Հիմա չեմ կարող խոստանալ, որ հարցը լուծում կունենա, որովհետև կան օբյեկտիվ պատճառներ, բայց այսօր այդ հարցը գլոբալ իմաստով քննարկվում է նաև հանրային տիրույթում, և ինչ-որ պահի կդառնա օրակարգային»,- հայտարարեց ՀՀ փոխվարչապետը:
Անդրադառնալով պարենային խնդրին՝ նա ասաց, որ ԵԱՏՄ տարածքում ապրանքի պակասուրդ գոյություն չունի:
comment.count (0)