Երասխի հատվածում առաջարկել ենք, որ Ադրբեջանը մի քանի դիրք հետ քաշի մեր տարածքից, մենք էլ մի քանի դիրք հետ քաշենք իրենց տարածքից․ Նիկոլ Փաշինյան
12:34 - 24 մարտի, 2022

Երասխի հատվածում առաջարկել ենք, որ Ադրբեջանը մի քանի դիրք հետ քաշի մեր տարածքից, մենք էլ մի քանի դիրք հետ քաշենք իրենց տարածքից․ Նիկոլ Փաշինյան

Իրավիճակն աշխարհում և տարածաշրջանում լարված է, և մենք մեզ պատասխանատու ենք համարում այդ լարվածությունը նվազեցնելու և հիմնարար լուծումներ գտնելու հարցում։ Այս մասին կառավարության նիստից առաջ ելույթ ունենալիս ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այս առումով մենք կարծում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունները պետք է սկսել օր առաջ։ Ընդ որում՝ պետք է արձանագրել նաև սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի աշխատանքները արագացնելու անհրաժեշտությունը՝ սահմանին անվտանգության և կայունության մակարդակը բարձրացնող քայլերին զուգահեռ»,- ասաց նա։

Վարչապետը հիշեցրեց, որ հայկական կողմը հանդես է եկել սահմանից զորքերի հայելային հետքաշման առաջարկով՝ որպես հետքաշման կողմնորոշիչ նկատի ունենալով խորհրդային ժամանակների Հայաստանի և Ադրբեջանյի դե յուրե հաստատված սահմանագիծը։

«Բացի ամբողջական հետքաշումից՝ մենք հանդես ենք եկել նաև տեղային հետքաշումների առաջարկով և այստեղ էլ սպասում ենք Ադրբեջանի արձագանքին։ Մասնավորապես՝ Երասխի հատվածում առաջարկել ենք, որ իրենք մի քանի դիրք հետ քաշեն մեր տարածքից, մենք էլ մի քանի դիրք հետ քաշենք իրենց տարածքից։ Այսպիսով՝ երկուստեք կլուծենք վերջին մեկուկես տարվա ամենաթեժ կետերից մեկի հարցը։ Սպասում ենք Ադրբեջանի արձագանքին»,- հայտարարեց Փաշինյանը։

Նա նաև հավելեց, որ այդպես էլ չհասկացան՝ Ադրբեջանը ուզո՞ւմ է տարածաշրջանային կոմունիկացիաների բացում, թե՞ ոչ․ «Եթե ուզում է, մեր առաջարկները շարունակում են ուժի մեջ մնալ, և մենք պատրաստ ենք անցնելու դրանց իրագործմանը ցանկացած պահի, բառացիորեն ցանկացած պահի»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել