Երևանի քաղաքապետը հանձնարարեց 100 նոր ավտոբուսների ձեռքբերման մրցույթ հայտարարել |1lurer.am|
11:40 - 11 ապրիլի, 2022

Երևանի քաղաքապետը հանձնարարեց 100 նոր ավտոբուսների ձեռքբերման մրցույթ հայտարարել |1lurer.am|

1lurer.am: «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Էլբակ Թարփոշյանը Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում անդրադարձավ ներդրված նոր ավտոբուսներում վճարման կարգին: Քաղաքապետը հանձնարարել էր, որ վարորդների մոտ որոշակի գումար լինի՝ դրամ մանրելու համար: Քաղաքացիները երբեմն 100 դրամ չեն ունենում ավտոբուսի վճարման տուփ նետելու համար:

«Ձեր հանձնարարականով դա արդեն կիրառության մեջ է, բոլորին տրվել է 10 հազարական դրամ ավանսային տեսքով, այսօրվանից կշրջանառվի: Պատեհ առիթից օգտվելով՝ խնդրում եմ մեր բնակիչներին՝ այնուամենայնիվ, ունենալ 100 դրամանոց»,- ասաց Թարփոշյանը:

Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հետաքրքրվեց նաև, թե նոր երթուղի դուրս բերելու համար «Ժոնգ տոնգ» մակնիշի քանի ավտոբուս կա:

«Այս պահին ունենք 54 միավոր տեխնիկա: Մայիսի 1-ին կունենանք երթուղիներ՝ «Ժոնգ տոնգ» մակնիշով սպասարկելու համար»,- ասաց Թարփոշյանը:

Քաղաքապետը հանձնարարեց մրցութային փաթեթ նախապատրաստել այդ դասի նոր ավտոբուսներ ձեռք բերելու համար:

«Եկեք 2 շաբաթվա ընթացքում 100 նոր ավտոբուսների ձեռքբերման մրցույթ հայտարարենք»,- ասաց Սարգսյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել