armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնում է, որ ԼՂ կարգավիճակի հարցն ըստ էության 2016-ի դրությամբ դուրս է եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով տեղի ունեցող բանակցությունների տիրույթից: Փաշինյանն այս մասին ասաց ԱԺ-ում՝ ի պատասխան ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի հարցի, թե ի՞նչ է եղել բանակցային գործընթացում 2016-ին:
«1998 թվականի իրադարձությունների լեյտմոտիվն ի՞նչ էր, որ Լևոն Տեր-Պետրոսյանը կարծում էր, որ հարցը պետք է լուծվի փուլային տարբերակով, Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, նաև Արցախի այն ժամանակվա իշխանություններն ասում էին՝ ոչ, չեն ընդունում դա, և հարցը պետք է ընդունվի փաթեթային տարբերակով: Եվ սա դարձավ լեյտմոտիվը»,-ասաց Փաշինյանը:
Նրա խոսքով՝ իր սեղանին որպես բանակցային թղթի վերնագիրն է եղել “О первом этапе и дальнейших шагах Нагорно Карабахского урегулирования” (Ղարաբաղյան կարգավորման առաջին փուլի և հետագա քայլերի մասին):
«Այսինքն՝ այն մարդը, որն ասել է, որ փուլային լուծումը պարտվողականություն է, 2018-ին բանակցային սեղանի վրա թողել է մի թուղթ, որի վերնագիրը վերը նշվածն էր: Այսինքն՝ փուլային լուծման դեմ իշխանափոխություն անող մարդը եկել, նորից հանգել է փուլային լուծման: Բայց այդ փուլային լուծման մեջ այնքան տրոհումներ կան…: Հարց է՝ Ադրբեջանը համաձա՞յն է դրա հետ, թե չէ: Ասում են՝ իրենք Ղարաբաղի հարցը այսպես , այնպես կլուծեին. լուծեիք: Մոռանում են, չստորագրված թղթերում առկա գաղափարները ներկայացնում են որպես հաղթանակ»,-ասաց վարչապետը:
Անդրադառնալով համանախագահների դերակատարմանը՝ նա ասաց. «Նրանք վերցնում են գաղափարներ, թե տարբեր կողմերն ինչ գաղափարներ ունեն, փորձում են դրանք հղկել և դնել թղթի մեջ: Բոլոր գաղափարներն էլ կարող ենք ունենալ: Բայց Ղարաբաղի հարցի ամբողջությունը 2018 թվականի դրությամբ այնքան է կտրտված եղել, այն փուլային տարբերակ չէր, հիպերփուլային տարբերակ էր: Այսինքն՝ 1998-ի փուլային տարբերակից եկել, հասել ենք 2016-ի հիպերփուլային տարբերակին»,-ասաց վարչապետը:
Անդրադառնալով 2016 թվականի իրադարձությունների կարճ նկարագրությանը՝ նա ասաց. «Համանախագահները հունվարին ներկայացնում են բանակցային փաթեթ, որ իմաստն այն է, որ ԼՂ-ն միջանկյալ կարգավիճակ չի ունենալու: Հայկական կողմը, բնականաբար, մերժում է: Ներկայացնելուց 2 ամիս հետո տեղի է ունենում Ապրիլյան պատերազմը, որից հետո հուլիսին ներկայացվում է 2-րդ փաթեթը, որտեղ արձանագրվում է, որ էլի Ղարաբաղը միջանկյալ կարգավիճակ չի ունենալու: Օգոստոսին ներկայացվում է երրորդ փաթեթը, որտեղ բանակցային թղթերին ավելանում է նոր կոմպոնենտ՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևի նախագիծ»:
Փաշինյանը հիշեցրեց 2017-ին առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցում հնչեցրած միտքը, որ Ղարաբաղի կարգավիճակը որոշելու է միջազգային հանրությունը: «Լևոն Տեր-Պետրոսյանը հենց սա ի նկատի ուներ մեծ հավանականությամբ: Այսինքն՝ ԼՂ կարգավիճակի հարցն, ըստ էության, 2016-ի դրությամբ դուրս է եկել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով տեղի ունեցող բանակցությունների տիրույթից, հարցը դուրս է եկել, այդ հարցն այլևս միջազգային հանրությունը պետք է լուծի: Բայց միջազգային հանրությունն էլ պետք է լուծի մի քանի անառարկելի սկզբունքների շրջանակում, որ Ղարաբաղում 88-ի դրությամբ եղել են նաև ադրբեջանցիներ, որոնք հեռացել են: Միջազգային հանրության ընկալմամբ՝ հնարավոր չէ այդ հարցը հասցեագրել՝ առանց ԼՂ-ի ադրբեջանցիների իրավունքների պաշտպանության: Եվ, ըստ էության, բանակցային փաթեթում այդ ամեն ինչը կա»,-ասաց վարչապետը՝ հավելով, որ կա Մադրիդյան սկզբունքներում ևս:
Փաշինյանի խոսքով՝ սակայն չի եղել անգամ տարբերակ, որ նույնիսկ անընդունելի է եղել հայկական կողմի համար, ընդունելի լիներ Ադրբեջանի համար:
Անդրադառնալով իշխանությանն ուղղված հարցադրմանը, թե ինչպե՞ս եղավ, որ 2019-ին թակարդն ընկան՝ Փաշինյանն ասաց: «Թակարդն ընկնելն էլ ի՞նչն է, որ մի բանակցային փաթեթ է հայտնվում, որով Հայաստանից ակնկալվում է, որ 7 շրջանը հանձնվի Ադրբեջանին: Սերժ Սարգսյանն ասում է՝ ինչպե՞ս եղավ, որ թակարդի մեջ ընկանք. Մենք թակարդի մեջ չենք եղել, այդ թղթում արձանագրվել է այն, ինչի մասին Սերժ Սարգսյանն անոնս է արել այս ամբիոնից: Դա իր վերջին բանակցությունների արդյունքն է եղել, որովհետև 2019 թվականի դրությամբ մենք բանակցություն սկսած էլ չենք եղել: 2019-ի դրությամբ, երբ այդ փաստաթուղթը մեր սեղանին դրվել է, մենք այդ պահին դեռ բովանդակային բանակցությունների մասին չենք խոսել ընդհանրապես»,-ասաց նա:
Անդրադառնալով հարցերին, թե արդյոք կարո՞ղ էին կանխել պատերազմը՝ նա պատասխանեց. «Կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում մենք կունենայինք այս նույն վիճակը՝ իհարկե, առանց զոհերի: Նույն վիճակը, բոլոր հարցերով, բոլոր նրբություններով»:
Փաշինյանի խոսքով՝ Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ արձանագրված ոչ բոլոր բացթողումներն է կառավարությունն ուսումնասիրել: Նա ընդգծեց` 2018թ-ի իշխանափոխությունից հետո զինված ուժերում իր քաղաքական թիմից որևէ մեկին պաշտոնի չի նշանակել:
«Նախարարը եղել է նախկին կառավարության անդամ, նախկինում նախարարի առաջին տեղակալ է եղել, հեղափոխության պահին արտակարգ իրավիճակների նախարար (նկատի ունի՝ Դավիթ Տոնոյանին, հեղ.): Մենք մեր քաղաքական թիմից մի հոգու չենք նշանակել ՊՆ-ում, բանակում, բանակը մի ուրիշ ընտանիք է, ու պետք չէ շատ մտնել այդ ընտանիքի ներքին հարցերը խառնել, բայց, երևի, սխալ ենք արել»,- ասաց նա։
Փաշինյանի խոսքով` 44-օրյա պատերազմից մի քանի օր անց է իմացել, որ բանակում կա սաղավարտի ու զրահաբաճկոնի խնդիր:
«Բա մենք 100 միլիոնավոր դոլար էինք տալիս, զենք էինք առնում, դժվա՞ր էր սաղավարտ կամ զրահաբաճկոն ձեռք բերել: Ես կարծում եմ, որ մենք պետք է մինչև վերջ գնանք ու պարզենք՝ ինչն ինչոց է»,- ասաց նա:
Հնարավոր լայնամասշտաբ զարգացումներին դիմակայելու համար արվող գործողությունները Նիկոլ Փաշինյանը բավարար չի գնահատում:
«Մեր բանակն ամենադժվար փուլում է, որովհետև տրանսֆորմացիայի փուլը միշտ ամենադժվարն է: Այս ամենի արդյունքում է, որ որոշում եմ կայացրել, որ պաշտպանության նախարարը պետք է լինի քաղաքական թիմի ներկայացուցիչ ու հիմա հետահայաց ցավում եմ, որ այդ որոշումը շուտ չեմ կայացրել»,-ասաց նա:
comment.count (0)