ՀՀ-ի և ՌԴ-ի միջև երկկողմ փաստաթղթերի փաթեթը ստորագրվելու է վարչապետի՝ ՌԴ այցի շրջանակում․ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում․ Արմեն Խաչատրյան
17:06 - 15 ապրիլի, 2022

ՀՀ-ի և ՌԴ-ի միջև երկկողմ փաստաթղթերի փաթեթը ստորագրվելու է վարչապետի՝ ՌԴ այցի շրջանակում․ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում․ Արմեն Խաչատրյան

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը հաղորդագրություն էր տարածել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցի վերաբերյալ։

Ըստ ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հաղորդագրության՝ հեռախոսազրույցի ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել ապրիլի 19-20-ը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցի նախապատրաստական աշխատանքներին, այդ թվում՝ երկկողմ փաստաթղթերի փաթեթի ստորագրմանը։  

Ստորագրվելիք փաստաթղթերի բովանդակության վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով փորձեցինք կապ հաստատել ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանի հետ, սակայն նրա հետ կապ հաստատել չհաջողվեց։

Վարչապետի աշխատակազմի  տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը Infocom-ի հարցին ի պատասխան ասաց, որ փաստաթղթերի բովանդակության վերաբերյալ տեղեկություն չունի․ «Փաստաթղթերը ստորագրվելու են վարչապետի՝ Ռուսաստանի Դաշնություն պաշտոնական այցի շրջանակում։ Այդ ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում։ Կստորագրվի, մնացածը կիմանաք», - ասաց նա։

Ի դեպ, ՀՀ ԱԳՆ-ն նույնպես հաղորդագրություն է տարածել երկու երկրների ԱԳ նախարարների հեռախոսազրույցի մասին, որում, սակայն, ստորագրվելիք փաստաթղթերի վերաբերյալ հիշատակում չկա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել