Նախարարությունն առաջարկում է վերացնել դատապարտյալի ինքնավնասման համար պատժախուց տեղափոխելու հնարավորությունը

 |armenpress.am|
17:48 - 21 ապրիլի, 2022

Նախարարությունն առաջարկում է վերացնել դատապարտյալի ինքնավնասման համար պատժախուց տեղափոխելու հնարավորությունը |armenpress.am|

armenpress.am: Արդարադատության նախարարությունը առաջարկում է վերացնել ինքնավնասման համար պատժախուցը որպես կարգապահական տույժ կիրառելու իրավական հնարավորությունը։ Ապրիլի 21-ին Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, ներկայացնելով Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։Նախարարի տեղակալը նշեց, որ նախագծով անդրադարձ է կատարվում քրեակատարողական ոլորտի մի շարք հիմնախնդիրներին և առաջարկում է տալ դրանց լուծումները։

Սարգսյանի խոսքով՝ եթե դատապարտյալը կամ կալանավորը ինքնավնասման կամ ինքնասպանության փորձ է կատարում, ապա նա կարող է ենթարկվել պատասխանատվության։

«Ստացվում է, որ անձը հանդիսանում է Քրեակատարողական հիմնարկի ներքին կանոնակարգի խախտող՝  դրա համար կարող է ենթարկվել պատասխանատվության։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ունենք խոշտանգումների կանխարգելման կոմիտեի չափորոշիչները և Մարդու իրավունքների պաշտպանի կողմից արձանագրումները, պետք է փաստել, որ ինքնավնասում կատարած անձի նկատմամբ վերաբերմունքը ոչ թե պետք է լինի պատժողական, այլ հակառակը՝ պետք է նրան ցուցաբերվի սոցիալ-հոգեբանական աջակցություն, որպեսզի ինքնավնասման և ինքնասպանության փորձերի դեպքերը կանխարգելվեն»,- ասաց Սարգսյանը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել