Երևանի քաղաքապետարանն առաջարկում է հունիսի 17-ին՝ ժամը 17:00-ին, քաղաքապետարանում հանրային քննարկում անցկացնել՝ հանրապետության նախագահի նստավայրը «Հանրապետության տուն» անվանակոչելու վերաբերյալ։ Նշենք, որ սա նաև Երևանի ավագանու որոշման նախագիծ է։
Երևանի քաղաքապետարանը հանրային լսման հրավերի և անվանափոխման հիմնավորումների մասին նախագիծ է ներկայացրել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։
Քաղաքապետարանի փոխանցմամբ՝ նախագահի նստավայրը «Հանրապետության տուն» անվանակոչելու առաջարկ իրենց ներկայացրել է նախագահի աշխատակազմի ղեկավարը։
Նստավայրի անվանափոխումը պայմանավորված է այն հանգամանքով, որ նախագահն ու իր աշխատակազմը մարտի 1-ից Մաշտոցի պողոտայի 47 հասցեից տեղափոխվել են նախագահական նստավայրի վարչական շենք: Այնտեղ աշխատասենյակ է նախատեսվել նաև վարչապետի համար, ինչպես նաև նրան ընձեռված է արարողակարգային նշանակության դահլիճներից օգտվելու հնարավորություն:
Նախագահի աշխատակազմը ծրագրում է այդ շենքի դահլիճներում, ինչպես նաև հարակից տարածքում իրականացնել մշակութային միջոցառումներ, այդ թվում՝ համերգներ, ցուցահանդեսներ, շնորհանդեսներ և այլ միջոցառումներ:
«Հաշվի առնելով նախագահական նստավայրի նկատմամբ առկա ծրագրերը և նպատակները, ինչպես նաև անվանակոչման արդյունքում դրա նշանակության վերաիմաստավորումը՝ նպատակահարմար է գտնվել անվանակոչման հարցը ներկայացնել Երևան քաղաքի ավագանու քննարկմանը»,-քաղաքապետարանին հայտնել է նախագահի աշխատակազմը:
comment.count (0)