Հունգարիան չի կարող սատարել Ռուսաստանի դեմ ԵՄ նոր պատժամիջոցներն այն տեսքով, որը կա․ Վիկտոր Օրբան
15:22 - 06 մայիսի, 2022

Հունգարիան չի կարող սատարել Ռուսաստանի դեմ ԵՄ նոր պատժամիջոցներն այն տեսքով, որը կա․ Վիկտոր Օրբան

Հունգարիան չի կարող սատարել Եվրամիության պատժամիջոցենրի նոր փաթեթը, որը ներառում է նավթի ներկրման արգելք, այն տեսքով, որը հիմա կա, Reuters-ի փոխանցմամբ՝ այսօր հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։

Նա նշել է, որ ռուսական նավթի ներկրման արգելքի մասին Եվրահանձնաժողովի ներկայիս առաջարկը հավասարազոր է կլինի Հունգարիայի տնտեսության վրա նետված «ատոմային ռումբի»։ Վարչապետը հայտարարել է նաև, որ Հունգարիան պատրաստ է նոր առաջարկի շուրջ բանակցությունների, եթե այն համապատասխանի Հունգարիայի շահերին։

Մայիսի 4-ին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենն առաջարկել էր Մոսկվայի դեմ ամենախիստ պատժամիջոցների փաթեթն Ուկրաինայում պատերազմ սկսելու համար, սակայն ԵՄ որոշ երկրներ մտահոգ են, որ ռուսական նավթի մատակարարման դադարեցումն իրենց շատ ժամանակ չի տա նախապատրաստվելու՝ չնայած որ ֆոն դեր Լյայենը նշել էր․ Սլովակիայի և Հունգարիայի համար բացառություն կարվի մինչև 2023 թ-ի ավարտը։

Օրբանը պետական ռադիոյին ասել է, որ երկրին անհրաժեշտ կլինի հինգ տարի և հսկայական ներդրումներ՝ ներկայիս համակարգը վերափոխելու համար։ Նշենք որ, Հունգարիայի նավթի պահանջարկի 65%-ն ապահովվում է ռուսական նավթի հաշվին։

 

Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել