Երևանը ձեռք կբերի 12 մետրանոց MAN մակնիշի ավտոբուսներ
20:11 - 06 մայիսի, 2022

Երևանը ձեռք կբերի 12 մետրանոց MAN մակնիշի ավտոբուսներ

Երևան համայնքը կառավարության աջակցությամբ ձեռք է բերում 12 մետրանոց MAN  մակնիշի ավտոբուսներ։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը: 

«Համաձայն պայմանագրի` ավտոբուսների մատակարարման ժամկետը սահմանված է մինչև 2023թ․ մարտ -ապրիլ ամիսներ»,- գրել է Սարգսյանը:

Հրաչյա Սարգսյանը ներկայացրել է նաև նոր տրանսպորտային համակարգի ներդրման համար մինչ այժմ արդեն իսկ իրականացված և իրականացվող մի շարք գործնական քայլերը։

«Հաստատվել է նոր տրանսպորտային համակարգի երթուղային ցանցը, ձեռք է բերվել նոր 211 հատ 8,6 մետրանոց ավտոբուսներ: Մոտ օրերս կհայտարարվի մրցույթ ևս 100 հատ 8,6 մետրանոց ավտոբուսների ձեռքբերման համար:Մինչև միասնական տոմսային համակարգի անցումը նոր ավտոբուսներում ուղեվարձի վճարման համար տեղադրվել են մետաղադրամը ընդունող սարքեր (այս տարի նախատեսվում է համայնքի ենթակայության տակ գտնվող բոլոր տրանսպորտային միջոցներում տեղադրել վերոնշյալ սարքերը):

2022 թվականի ընթացքում նախատեսվում է երթուղիներից որոշներում ունենալ անկանխիկ վճարման համակարգ, իսկ միասնական տոմսային համակարգի վերջնական ներդնումը  ավարտել 2023 թվականին։

Վարորդները պլանային աշխատավարձից անցում են կատարել կայուն աշխատավարձի. ամսական աշխատավարձը կախված տրանսպորտային միջոցի մեծությունից կազմում է 250 կամ 350 հազար դրամ։

Այս տարի առաջին անգամ վարորդներին տրամադրվել է առողջապահական ապահովագրության փաթեթից օգտվելու հնարավորություն։

Կառավարության աջակցությամբ մոտ ամիսներին կմեկնարկեն ավտոբուսների նոր և ժամանակակից հավաքակայանի կառուցման աշխատանքները, որը հագեցած կլինի ավտոբուսների լիցքավորման կայանով։

Կառավարությանը ներկայացվել է տրանսպորտային օրենսդրության փոփոխության փաթեթ, որով հնարավոր կլինի ներգրավել  մասնավոր օպերատորներին և իրենց կողմից մատուցված ծառայությունների դիմաց վճարումը կատարել  յուրաքանչյուր կիլոմետրի համար։  

Քաղաքացիների անվտանգությունը ապահովելու և վարորդների աշխատանքը վերահսկելու համար պատվիրվել է հանրային տրանսպորտի  կառավարման կենտրոնի  ստեղծման  նախագծանախահաշվային փաստաթղթեր, իսկ կենտրոնի  փաստացի շահագործումը նախատեսված է մինչև տարեվերջ։  

Երթևեկության ճիշտ կազմակերպման համար համայնքի կողմից ձեռք է բերվել երթևեկության մոդելավորման ժամանակակից ծրագրային փաթեթ:

Ստեղծվել են  երթևեկության կազմակերպման էլեկտրոնային  սխեմաներ:

Երևանում  մեկնարկել է 252 խաչմերուկներում խելացի լուսացույցների նախագծային փաստաթղթերի  մրցույթի հրապարակման համար նախապատրաստական աշխատանքներ:

Հայտարարվել է մրցույթ 10 նոր ժամանակակից կանգառասրահների ձեռքբերման համար, որը հիմք կհանդիսանա հետագայում բոլոր կանգառասրահների փոխարինման համար։

Երթևեկության անվտանգությունը ապահովելու համար որոշ հետիոտնային անցումներ լուսավորվել են  հատուկ լուսավորությամբ, խաչմերուկներում տեղադրվել են արգելապատնեշներ՝ չթույլատրված վայրերով քաղաքացիների երթևեկությունը սահմանափակելու համար:Մինչ տարեվերջ արդեն  տեղադրված կլինի 103 հատ հետիոտնային կանչովի լուսացույց:

Մետրոպոլիտենում մինչև միասնական տոմսային համակարգի անցումը նախատեսվում է ունենալ անկանխիկ վճարման հնարավորություն։

Մետրոպոլիտենում կապիտալ ծախսերի համար կառավարության կողմից կհատկացվի  500-1000 մլն  դրամ։

Ավտոբուսների ժամանակակից  լվացման կայանի ձեռքբերման  համար հայտարարվել է մրցույթ:

Նախատեսվում է հայտարարել մրցույթ 15  հատ 12 մետրանոց նոր տրոլեյբուսների ձեռքբերման համար»,- գրել է Սարգսյանը:

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել