Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը մայիսի 7-ին ընդունել է ՀՀ Ազգային ժողովի անկախ պատգամավոր, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանին։ Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության Ազգային ժողովից։
Ողջունելով հյուրին՝ Արթուր Թովմասյանը բարձր է գնահատել Իշխան Զաքարյանի դերը խորհրդարանական դիվանագիտության մեջ, նաև՝ համահայկական խաղերի կազմակերպման գործում։ Այս առումով Արթուր Թովմասյանն ընդգծել է 2019թ Արցախում համահայկական խաղերի բարձր մակարդակով անցկացումը։
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից հայտնում են, որ հանդիպմանը խորհրդարանի ղեկավարն անդրադարձել է 2020թ աշնանային պատերազմին և հետպատերազմյան իրողություններին, ինչպես նաև Արցախի անվտանգային և սոցիալ-տնտեսական խնդիրներին։ Այս համատեքստում Արթուր Թովմասյանը կարևորել է Ռուսաստանի Դաշնության դերն ու նշանակությունը, Ռուս խաղաղապահ զորակազմի առաքելությունն Արցախում։
Զրուցակիցները մտահոգություն են հայտնել նաև Հայաստանի Հանրապետությունում տիրող իրավիճակի, տարածաշրջանային զարգացումների մասին։
Իշխան Զաքարյանը համոզված է, որ Հայաստանի և Արցախի խնդիրները չի կարելի տարանջատել։
«Աշխարհաքաղաքական այս բարդ ու անկայուն, անկանխատեսելի իրադարձություններով լի ժամանակաշրջանում կարևորում եմ մեր ժողովրդի համախմբվածությունն ու միասնականությունը», - ընդգծել է ՀՀ խորհրդարանի պատգամավորը։
Այս տեսակետից Իշխան Զաքարյանը շեշտել է խնդիրներին գրագետ, համակարգային և սկզբունքային լուծումներ տալու անհրաժեշտությունը։
Երկուստեք մատնանշվել է Ռուսաստանի Դաշնության դերը՝ որպես վստահելի դաշնակցի ու Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորի։
comment.count (0)