ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու մտադրությանը |hetq.am|
14:07 - 13 մայիսի, 2022

ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու մտադրությանը |hetq.am|

hetq.am: Ռուսաստանը ստիպված կլինի ձեռնարկել ինչպես ռազմատեխնիկական, այնպես էլ այլ բնույթի պատասխան քայլեր այն դեպքում, երբ Ֆինլանդիան անդամակցի ՆԱՏՕ-ին։ Այդ մասին նշվում է ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։

Ռուսական արտաքին քաղաքական գերատեսչությունում նշել են, որ Ռուսաստանը ստիպված կլինի դրան դիմել «իր ազգային անվտանգության համար առաջացող սպառնալիքները մեղմելու համար»։

«Ոչ Ռուսաստանի հավաստիացումները, որ բացակայում է Ֆինլանդիայի նկատմամբ թշնամական որևէ մտադրություն, ոչ մեր երկրների միջև բարիդրացիական ու փոխշահավետ համագործակցության երկար պատմությունը, չհամոզեցին Հելսկինկիին պահպանել ռազմական միավորման ուղենիշը»,- նշել է ՌԴ ԱԳՆ-ն։

Ռուսական արտաքին քաղաքական գերատեսչությունում կարծում են, որ ՆԱՏՕ-ի գլխավոր նպատակն է «շարունակել Ռուսաստանի սահմաններին իր ընդլայնումը, ստեղծել մեր երկրի համար ռազմական սպառնալիքի ևս մեկ թև»։ Նախարարությունը նաև ընդգծել է, որ իրավիճակից կախված՝ կարձագանքեն «Ֆինլանդիայի արտաքին քաղաքական կուրսի արմատական փոփոխությանը»։

Հիշեցնենք, որ նախօրեին Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նինիստոն և վարչապետ Սանա Մարին համատեղ հայտարարություն էին տարածել, որտեղ իրենց աջակցությունն էին հայտնել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության հայտի ներկայացմանը։

«ՆԱՏՕ-ին անդամակցությունը կամրապնդի Ֆինլանդիայի անվտանգությունը։ Դառնալով ՆԱՏՕ-ի անդամ՝ Ֆինլանդիան կամրապնդի ողջ պաշտպանական դաշինքը։ Ֆինլանդիան պետք է անհապաղ ՆԱՏՕ-ին անդամակցության հայտ ներկայացնի։ Մենք հույս ունենք, որ ազգային մակարդակով քայլերը, որոնք անհրաժեշտ են այդ որոշմանը հասնելու համար, առաջիկա օրերին արագ կձեռնարկվեն»,- նշվում էր Նինիստոյի և Մարինի համատեղ հայտարարության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել