«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը տելեգրամյան իր ալիքում տեղեկացրել է, որ իրավապահները խուզարկություն են իրականացնում կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի օգնական Արամ Գրիգորյանի բնակարանում․
«Այս պահին նիկոլյան իշխանության կամակատարները խուզարկություն են անցկացնում Արթուր Վանեցյանի օգնական Արամ Գրիգորյանի բնակարանում: Իշխանությունն այդպես էլ չհասկացավ, որ քրեական քողի տակ թաքնվելով քաղաքական հետապնդումները մեզ չեն կարող վախեցնել: Իշխանությունն այդպես էլ չհասկացավ, որ մենք անգամ բուն թուրքից չենք վախեցել ու վախենում, էլ ուր մնաց թուրքի կամակատարներից վախենանք կամ նահանջենք»,- գրել է նա՝ քիչ անց տեղեկացնելով, որ Արամ Գրիգորյանի բնակարանում խուզարկության ավարտից հետո, թեեւ ոչինչ չի հայտնաբերվել, սակայն վերջինիս բերման են ենթարկել։
Բաբայանը նշել է, որ գործողությունն առնչվում է այն տեսանյութին, որը որոշ ժամանակ առաջ տարածվել էր լրատվական կայքերում։ Խոսքն այն տեսանյութի մասին է, որտեղ երեւում էր՝ Վանեցյանի օգնականը գումար է տալիս ինչ-որ տիկնանց, որոնցից մեկը, ինչպես լսվում էր տեսանյութում, Արամ Գրիգորյանին հարց էր տալիս «տաքսու գումարի» մասին։ Այդ տեսանյութի մասին կարող եք կարդալ այստեղ։
comment.count (0)