panarmenian.net։ Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպան Թաիր Թաղիզադեն բրիտանական Sky Sports-ին տված հարցազրույցում հաստատել է, որ Ադրբեջանը բոլոր երաշխիքները տվել է Հայաստանի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:
Դեսպանը հայտարարել է, որ Մխիթարյանը կարող է անմիջապես իր հետ կապվել՝ Բաքվում անվտանգության երաշխիքներ ստանալու համար: «Ես ուրախ կլինեի, եթե նա խոսեր ինձ հետ: Եվրոպայի լիգայի եզրափակիչը Ա դասի միջոցառում է: Եթե մեր նպատակն է դրա շուրջ քաղաքական խաղեր խաղալ, այլ բան:
Բայց Մխիթարյանին վճարում են որպես ֆուտբոլիստի, ոչ որպես քաղաքական գործչի: Ուստի եկեք մի կողմ դնենք այլ հարցերը»,-ասել է Թաղիզադեն, գրում է Haqqin.az-ը:
«Իմ ուղերձը Մխիթարյանին հետևյալն է լինելու՝ դու ֆուտբոլիստ ես, ուզո՞ւմ ես ֆուտբոլ խաղալ: Մեկնիր Բաքու, անվտանգ կլինես: Բայց եթե ուզում ես «խաղացնել» այդ թեման, դա արդեն այլ պատմություն է:
Ես կարող եմ երաշխավորել, որ Ադրբեջանի կառավարությունն ամեն ինչ կանի՝ ապահովելու համար յուրաքանչյուր երկրպագուի, ֆուտբոլիստի և բոլոր նրանց անվտանգությունը, ով ներկա կլինի խաղին»,-ասել է դեսպանը:
comment.count (0)