hetq.am: Իսրայելի իշխող կոալիցիայի առաջնորդներ Նաֆթալի Բենեթն ու Յաիր Լապիդը որոշել են ցրել խորհրդարանն ու անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնք կլինեն հինգերորդը վերջին չորս տարիների ընթացքում։ Ընդ որում, ընտրությունների արդյունքներով իշխանության ղեկին վերադառնալու հույս ունի նախկին վարչապետ Բենյամին Նեթանյահուն։
BBC-ի փոխանցմամբ՝ Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթն ու արտաքին գործերի նախարար Յաիր Լապիդը երկուշաբթի օրը հայտարարել են, որ հաջորդ շաբաթ Քնեսեթում կանցկացվի խորհրդարանի ցրման և նոր ընտրությունների անցկացման հարցով քվեարկություն։ Եթե այս որոշումն ընդունվի, ապա մինչև նոր ընտրությունները վարչապետի պաշտոնը կզբաղեցնի Յաիր Լապիդը։
Ինչպես նշում են իսրայելացի մեկնաբանները, ընտրությունները կարող են տեղի ունենալ հոկտեմբերի վերջին։
Արդեն մի քանի շաբաթ Իսրայելում շրջանառվում էին այն լուրերը, որ փլուզվել է կառավարական կոալիցիան։ Ութ կուսակցությունների կոալիցիան չէր կարողացել պայմանավորվել սկզբունքային մի հարցի շուրջ։ Խոսքն այն փաստաթղթի գործողության ժամկետի երկարացման մասին է, որով Հորդանան գետի արևմտյան ափին բնակվող հրեաներն ապրում են Իսրայելի, այլ ոչ Պաղեստինի ինքնավարության օրենքներով։
Երկարացման օգտին հրաժարվել էին քվեարկել կոալիցիայի մեջ մտնող արաբ պատգամավորները, իսկ վարչապետ Նաֆթալի Բենեթի և կառավարության մյուս գործընկերների համար սա սկզբունքային հարց էր։ Հիմա, ինչպես գրում է France 24-ը, խորհրդարանի ցրումից հետո բնակավայրերի կարգավիճակն ավտոմատաբար կերկարաձգվի, մինչև նոր կառավարության ձևավորումը։
Վերջերս իշխող կոալիցիան Քնեսեթում զրկվել էր ոչ կայուն մեծամասնությունից։ Դրա կազմից դուրս էր եկել Բենեթի կուսակցության անդամ Նիր Օրբախը ու կառավարությանը մնացել էր 120 ձայներից 59-ը։
Շարունակությունը՝ hetq.am-ում
comment.count (0)