Ներքին Սուսից յոթ գերեզման է հանվել, մարդիկ փլատակների են վերածել տները, որ ադրբեջանցիները չվայելեն․ Ներքին Սուսի գյուղապետ
 |tert.am|
15:47 - 22 օգոստոսի, 2022

Ներքին Սուսից յոթ գերեզման է հանվել, մարդիկ փլատակների են վերածել տները, որ ադրբեջանցիները չվայելեն․ Ներքին Սուսի գյուղապետ |tert.am|

tert.am: Ներքին Սուսում եղել է 12 ընտանիք, որից միայն մեկն է մնացել գյուղում, միայնակ կին է, ով օգոստոսի 25-ին նույնպես կլքի գյուղը։ Այս մասին ասաց Ներքին Սուսի գյուղապետ Մխիթար Ներսիսյանը։

«Բնակիչները հիմնականում տեղափոխվել են ՀՀ։ Մեկ բնակիչ է ցանկություն հայտնել մնալ Արցախում, համագործակցում ենք Արցախի իշխանությունների հետ՝ նրան Արցախում տեղավորելու համար։ Այն տեղահանված բնակիչները, ովքեր մինչև օգոստոսի 25-ը բնակվել են այստեղ, նրանց կտրամադրվի բնակարան ձեռք բերելու սերտիֆիկատ»,- ասաց գյուղապետը։

Հարցին՝ Ներքին Սուսի բնակիչներին իրենց տները այրելու հետ կապված արգելքներ կամ օգնությունից զրկվելու մասին խոսակցություններ եղել են, թե ոչ, Մխիթար Ներսիսյանը նշեց՝ ոչ։

«Բնակիչները դուրս գալուց առաջ իրենց սեփական տները փլատակների են վերածել, քանդել են նաև դպրոցի շենքը, որ ադրբեջանցիները չգան ու չվայելեն, տներ այրողներ չեն եղել, միայն քանդել են։ Բնակիչները շատ անտրամադիր են, նեղված, անորոշ, մտածում են՝ ինչպես ու որտեղ են ապրելու, դժվար է զրոյից տուն տեղ կառուցելը»,- ասաց Մխիթար Ներսիսյանը։

Վերջինս նշեց նաև, որ հեռանալուց առաջ բնակիչները իրենց հետ տարել են մահացած հարազատների մարմինները։

«7 գերեզման Ներքին Սուսից տեղափոխվել է Հայաստան, արտաշիրիմում են արել և վերահուղարկավորել Հայաստանում։ Գյուղում նաև խաչքարեր, հուշարձաններ կային, բոլորը հանվել են գյուղից»,- ասաց Ներքին Սուսի գյուղապետ Մխիթար Ներսիսյանը։

Հիշեցնենք, որ  Քաշաթաղի շրջանի Աղավնո, Բերձոր և Ներքին Սուս բնակավայրերի բնակիչները մինչև օգոստոսի 25-ը պետք է լքեն բնակավայրերը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել