Կայացել է ԱԺ 5 ուժերի ղեկավարների հանդիպումը ՌԴ խաղաղապահ զորակազմի ղեկավարության հետ
14:31 - 23 օգոստոսի, 2022

Կայացել է ԱԺ 5 ուժերի ղեկավարների հանդիպումը ՌԴ խաղաղապահ զորակազմի ղեկավարության հետ

Կայացել է Արցախի խորհրդարանական 5 ուժերի ղեկավարների հանդիպումը ՌԴ խաղաղապահ զորակազմի ղեկավարության հետ։ Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության Ազգային Ժողովից։ 
 
Վերջին օրերին տարբեր լրատվամիջոցներով տարածվել է, որ ԱՀ Ազգային ժողովի խմբակցությունները դիմել են Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ ուժերի ղեկավարությանը՝ հանդիպելու նպատակով։ Հանդիպման շարժառիթը ՀՀ-ում ՌԴ դեսպանորդ-խորհրդական Մաքսիմ Սելեզնյովի՝ վերջերս արված հայտարարությունն էր, ինչպես նաև օգոստոսի սկզբին Ադրբեջանի կողմից հրադադարի հերթական խախտումն ու անվտանգային հարցերը։
 
Հանդիպման ընթացքում վերոնշյալ հարցերի շուրջ ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատուների կողմից տրվել են պարզաբանումներ։ Մասնավորապես, հղում կատարելով 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը՝ նշվել է, որ նոր երթուղին ունենալու է նույն միջանցքի կարգավիճակը, և պահպանվելու են բոլոր անվտանգային բաղադրիչները՝ սկսած 5 կմ-ոց անվտանգային գոտուց մինչև ՌԴ խաղաղապահ ուժերի անցակետերի տեղակայում։
 
Անդրադառնալով վերջին իրադարձություններին՝ ՌԴ խաղաղապահ զորակազմի ղեկավար անձնակազմը նշել է, որ օգոստոսյան դեպքերի հետ կապված կատարել են անհրաժեշտ եզրահանգումներ, միաժամանակ վստահեցրել են , որ լրացուցիչ ջանքեր կգործադրեն՝ ապագայում նմանօրինակ խախտումները կանխելու և մեր բնակչության պատշաճ անվտանգությունը ապահովելու համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել