Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել են, որ ադրբեջանցի փորձագետները ստուգել են Արցախի տարածքում գտնվող Սարսանգի ջրամբարը |tert.am|
12:10 - 24 օգոստոսի, 2022

Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել են, որ ադրբեջանցի փորձագետները ստուգել են Արցախի տարածքում գտնվող Սարսանգի ջրամբարը |tert.am|

tert.am: Ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը հայտնում է, որ օգոստոսի 22-ին «Ադրբեջանի ռեկուլտիվացիա և ջրային տնտեսություն» ԲԲԸ-ի ներկայացուցիչները «տեղական փորձագետների» մասնակցությամբ ստուգել են Սարսանգի ջրամբարը։

Նշվում է, որ ստուգման նպատակը Սարսանգի ջրամբարում տեխնիկական մոնիթորինգի իրականացումն էր, ներկա իրավիճակին ծանոթանալը, Թարթառ գետից եկող և ջրամբարից բաց թողնվող ջրի ժամանակացույցը և այլն:

Ըստ աղբյուրի՝ «հանդիպումն ու բանակցություններն անցել են փոխըմբռնման և կառուցողականության պայմաններում»։

Նշվում է նաև, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ նման հանդիպումներն ու այցելությունները այդ տարածք հետագայում կշարունակվեն։

Նշենք, որ Infocom-ի հետ զրույցում Արցախի ՏԿԵ նախարարությունից և ԱԳՆ-ից առայժմ հրաժարվեցին որևէ մեկնաբանություն տալ տեղեկության վերաբերյալ։  

ԼՐԱՑՈՒՄ․ Արցախի տեղեկատվական շտաբը պարզաբանում է տարածել նշելով․ «ռուսական խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ ԱՀ ջրային կոմիտեի ներկայացուցիչները դեռևս 2021թ. շփվում են ադրբեջանական կողմի հետ և պարբերական այցեր են կատարում Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հատվածներ՝ մի շարք համայնքներին (այդ թվում՝ Ստեփանակերտին) մատակարարվող խմելու և ոռոգման ջրերի օգտագործման շուրջ փոխադարձ պայմանավորվածություններ ձեռք բերելու և խնդիրների կարգավորման համար: Այդ շրջանակներում հերթական հանդիպումը կազմակերպվել էր Սարսանգի ջրամբարի մոտ՝ Սարսանգի ջրերի փոխշահավետ օգտագործման հարցի քննարկման նպատակով»,- նշված է պարզաբանման մեջ։ 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել