Գիշերվա ընթացքում առնվազն 15 մարդ է զոհվել Բաղդադում Իրաքի անվտանգության ուժերի և շիա հոգևորականի կողմնակիցների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով։ Տեղի պաշտոնյաների խոսքով տասնյակ մարդիկ էլ վիրավոր են այն բանից հետո, երբ Մուկթադա աս-Սադրի կողմնակիցները ներխուժել են նախագահական նստավայր: Այս մասին գրում է BBC-ն։
Այս դեպքերի պատճառը Սադրի՝ քաղաքականությունից հեռանալու մասին հայտարարությունն է։
Իրաքի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը հանդարտության կոչ է արել, իսկ զինվորականները համազգային պարետային ժամ են հայտարարել մի քանի այլ քաղաքում տեղի ունեցած անկարգություններից հետո:
Փողոցային կռիվներ են եղել երեկոյան, որոնք ուղեկցվել են կրակահերթերով։ Սա վերջին տարիներին Իրաքի մայրաքաղաքում տեղի ուենցած ամենավատ բռնությունն է։
Կռիվների մեծ մասը կենտրոնացած է եղել քաղաքի «Կանաչ գոտու» շուրջ, որտեղ տեղակայված են կառավարական շենքեր և օտարերկրյա դեսպանատներ: Նիդեռլանդների դեսպանատան աշխատակիցները բախումների պատճառով ստիպված են եղել տեղափոխվել երկրում Գերմանիայի առաքելության շենք։
Անվտանգության պաշտոնյաները հայտնել են, որ բախումների մի մասը տեղի է ունեցել «Խաղաղության բրիգադների»՝ պարոն Սադրին հավատարիմ միլիցիոներների և Իրաքի բանակի միջև: Սոցցանցերում տարածված տեսանյութերում երևում էր, որ որոշ մարտիկներ օգտագործում են ծանր զինատեսակներ, այդ թվում՝ հրթիռային նռնակներ (ՌՊԳ):
Այս մարտերի ֆոնին Իրանը փակել է Իրաքի հետ սահմանները, իսկ Քուվեյթը կոչ է արել իր քաղաքացիներին անհապաղ լքելու երկիրը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշի խոսնակն ասել է, որ անհանգստացած է իրադարձություններից և կոչ է արել «անհապաղ քայլեր ձեռնարկելու իրավիճակը դեէսկալացնելու համար»։
Ավելի ուշ Սադրի ավագ օգնականը Իրաքի INA պետական լրատվական գործակալությանը հայտնել է, որ նա հացադուլ է հայտարարել, մինչև բռնությունը և զենքի կիրառումը դադարեցվի:
Սադրը քաղաքականությունից հեռանալու իր քայլով մեղադրում է հակառակորդ շիա առաջնորդներին և կուսակցություններին իրաքյան քաղաքական համակարգը բարեփոխելուց հրաժարվելու մեջ:
Դեռևս անցյալ տարի հոկտեմբերին Սադրին հավատարիմ թեկնածուները ստացել էին ամենաշատ տեղերը Իրաքի խորհրդարանում, սակայն բավարար տեղեր չէին ապահովել կառավարություն ձևավորելու համար: Այդ շրջանից էլ նա հրաժարվել է բանակցել շիա խմբավորումների հետ, ինչը գրեթե մեկ տարվա քաղաքական անկայունության պատճառ է դարձել:
«Ես որոշել էի չմիջամտել քաղաքական գործերին, բայց այժմ հայտարարում եմ քաղաքականւթյունից հեռանալու և բոլոր [սադրիստական] հաստատությունների փակման մասին»,- հայտարարել էր քաղաքական գործիչը։
48-ամյա Սադրը վերջին երկու տասնամյակների ընթացքում գերիշխող դեմք է Իրաքի հասարակական և քաղաքական կյանքում: Նրա «Մեհդիի բանակը» համարվում է ամենահզոր աշխարհազորայիններից մեկը։ Հետագայում այն վերանվանել է «Խաղաղության բրիգադ» և շարունակում է մնալ ամենամեծ աշխարհազորայիններից մեկը ու այժմ կազմում է իրաքյան զինված ուժերի մի մասը:
Մրցակից քաղաքական դաշինքը՝ «Կորդինացիոն շրջանակը», որի հետ Սադրի դաշինքը հակասություններ ունի, հիմնականում ներառում է Իրանից աջակցվող կուսակցություններ:
Լուսանկարները՝ Getty Images
comment.count (0)