ՀՀ-ի ռազմական և քաղաքական ղեկավարությունը պարտավոր է մեր ժողովրդին տեղեկություններ տալ պատերազմի արդյունքների մասին․ Սեյրան Օհանյան
16:21 - 16 սեպտեմբերի, 2022

ՀՀ-ի ռազմական և քաղաքական ղեկավարությունը պարտավոր է մեր ժողովրդին տեղեկություններ տալ պատերազմի արդյունքների մասին․ Սեյրան Օհանյան

Ստեղծված իրավիճակում ՀՀ-ի ռազմական և քաղաքական ղեկավարությունը պարտավոր է գնահատել իրադրությունը, գնահատել հակառակորդին, մեր ուժերը, մեր հնարավորությունները և նման իրավիճակում որոշումներ ընդունել։  Այս մասին ԱԺ-ում՝ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

Օհանյանն ասաց՝  ղեկավարությունը պարտավոր է տեղեկություններ տալ նաև պատերազմի արդյունքների մասին․ «Նկատի ունեմ և՛ դիրքերի փոփոխության առումով, և՛ զոհվածների, վիրավորների քանակությունը մեր հանրությանը ներկայացնելու, նաև արագ միջոցներ ձեռնարկելու՝ ստեղծված իրավիճակում և՛ պաշտպանության խնդիրներ լուծելու և՛ դիրքային կորուստները վերականգնելու համար»։

Օհանյանի խոսքով՝ խաղաղության օրակարգը կեղծ օրակարգ է, չի կարող լինել խաղաղություն , եթե դիմում ես խաղաղության նախաձեռնություններով, իսկ հակառակորդը սանձազերծում է հերթական սադրանքը, պատերազմական գործողությունները․ «Խաղաղությունը կլինի այն դեպքում, երբ կանգ առնի ամեն ինչ և թշնամի պետությունները վերածվեն հարևան պետությունների, ովքեր ցանկանում են խաղաղ համակեցությամբ ապրել։ Մենք դա տեսնո՞ւմ ենք։ Մի կողմից՝ հանձնվելու, դուռը ամեն մեկի դիմաց բացելու, անընդհատ զիջումների գնալու արարողություններ, մյուս կողմից՝ անընդհատ սադրանքներ, անընդհատ հարձակումներ»։ 

Խմբակցության ղեկավարն ասաց՝ երբ խոսում են խաղաղության օրակարգի մասին, այս իշխանությունները երևի չգիտեն՝ ով է թուրքը, ով է ադրբեջանցին․ «Որովհետև իրենց թվում է, որ երկրի մի մասը եթե տան, թուրքը դրանով բավարարվելու է։ Չի լինելու դա այս իշխանությունների օրոք։ Եթե ինքը խոսում է 29.800 քառ կմ տարածքի մասին, մենք այդ տարածքը չենք տեսնելու, որովհետև եթե սկսեն սահմանազատման և սահմանագծման գործընթաց, դա բավականին երկար է լինելու և իրենք շուտվանից հեռացած են լինելու այս պաշտոններից»։

Նա նաև ընդգծեց, որ ՀՀ իշխանությունները, հանրությունը և հասարակական-քաղաքական ամբողջ հարթակը չեն կարողացել միջազգային հանրությանը ներկայացնել այն բոլոր հանցագործությունները, որ կատարել է Ադրբեջանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել