Բիշքեկը նախաձեռնում է Տաջիկստանին ՀԱՊԿ-ից բացառելու ընթացակարգ. Ղրղզստանի անվտանգության խորհրդի քարտուղար |tert.am|
09:31 - 23 սեպտեմբերի, 2022

Բիշքեկը նախաձեռնում է Տաջիկստանին ՀԱՊԿ-ից բացառելու ընթացակարգ. Ղրղզստանի անվտանգության խորհրդի քարտուղար |tert.am|

tert.am: Ղրղզստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Մարատ Իմանկուլովը հայտարարել է, որ Բիշքեկը նախաձեռնում է Տաջիկստանին ՀԱՊԿ-ից բացառելու ընթացակարգ, գրում է economist.kg-ն:

«Այո, մենք նախաձեռնել ենք այս հարցը։ Մենք արդեն մի քանի անգամ բարձրացրել ենք ու պատրաստվում ենք նորից բարձրացնել։ Մասնակից պետությունների միջև ծագած հարցերը պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով։ Եթե որևէ մեկը փորձի ուժ կիրառել, մենք առաջարկում ենք նրան հեռացնել կազմակերպությունից։ Ինչո՞ւ է դա պետք, երբ դառնում ես ՀԱՊԿ անդամ և ակնկալում պաշտպանություն արտաքին սպառնալիքից, բայց կազմակերպության ներսում կոնֆլիկտ ես ստանում երկրի հետ։ Ժամանակն է, որ մեր երկրները վերանայեն կանոնադրության որոշ հատվածներ, որոնք նախատեսում են նման պահեր»,- ասել է Իմանկուլով:

Միաժամանակ, Իմանկուլովն ընդգծել է, որ Ղրղզստանը պնդում է տաջիկական կողմի հետ բանակցությունները։

«Տաջիկստանը մեզ համար թշնամական երկիր չէ, այլ բարեկամ երկիր։ Մենք դարեր շարունակ ապրել ենք կողք կողքի։ Տաջիկ ժողովուրդը դրա հետ կապ չունի։ Նրանք իրավիճակի, ընթացող քաղաքականության ու քաղաքական գործիչների պատանդն են։ Քանի այս քաղաքականությունը դեռ չի վերանայվել Ղրղզստանի նկատմամբ, ոչ մի լավ բան չի լինի, նման հակամարտությունները կկրկնվեն»,- եզրափակել է Իմանկուլովը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել