Ղրղզստանի ԱԳՆ-ն կոչ է արել գործարկելու ՀԱՊԿ մեխանիզմներ՝ զինված հակամարտությունները կանխելու համար |armtimes.com|
20:10 - 08 հոկտեմբերի, 2022

Ղրղզստանի ԱԳՆ-ն կոչ է արել գործարկելու ՀԱՊԿ մեխանիզմներ՝ զինված հակամարտությունները կանխելու համար |armtimes.com|

armtimes.com: Ղրղզստանի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Նուրան Նիյազալիևը, ելույթ ունենալով Երևանում ՀԱՊԿ անդամ երկրների փոխարտգործնախարարների հանդիպմանը, կոչ է արել գործարկելու ՀԱՊԿ մեխանիզմներ, որոնք կկանխեն կազմակերպության անդամների միջև զինված հակամարտությունները։ Այս մասին, ինչպես փոխանցում է TACC-ը, այսօր հայտնել է Ղրղզստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։

«Նուրան Նիյազալիևը խորհրդակցությունների մասնակիցներին տեղեկացրել է Ղրղզստանի դեմ Տաջիկստանի Հանրապետության ռազմական ագրեսիայի հետևանքների մասին և կողմերին կոչ է արել հնարավորինս շուտ գործարկել ՀԱՊԿ մեխանիզմները՝ հետագա զինված ներխուժումը կանխելու և պետությունների միջև բոլոր տարաձայնությունները լուծելու համար խաղաղ միջոցներով՝ Հավաքական անվտանգության պայմանագրին և ՀԱՊԿ կանոնադրությանը համապատասխան»,- ասվում է դիվանագիտական գերատեսչության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ այս համատեքստում Նիյազալիևն առաջարկել է ընդունել համատեղ հայտարարություն և լրացումներ կատարել ՀԱՊԿ կանոնադրական փաստաթղթերում։ 

ՀԱՊԿ երկրների փոխարտգործնախարարները մտքեր են փոխանակել նաև անվտանգության արդի հարցերի շուրջ և ընդգծել նոր մարտահրավերներին ու սպառնալիքներին համատեղ դիմակայելու կարևորությունը։ 

Հիշեցնենք` Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին իրավիճակը սրվել է սեպտեմբերի 14-ին։ Ընդհանուր սահմանի պարագծով մի քանի օր շարունակ բախումներ են եղել երկու երկրների սահմանապահների միջեւ՝ ծանր զինատեսակների կիրառմամբ։

Սեպտեմբերի 18-ից կողմերը նոր միջադեպերի մասին չեն հայտնել։ Երկու երկրներն էլ հայտնել են զոհերի և ավերածությունների մասին։ Բանակցությունների մի քանի փուլից հետո սեպտեմբերի 25-ին Տաջիկստանի և Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեների նախագահներ Սայմումին Յաթիմովը Կամչիբեկ Տաշիևը բանակցություններ են վարել և ստորագրել իրավիճակի կայունացման արձանագրություն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել