9 հայ զինծառայող խոշտանգվել, սպանվել է ադրբեջանական ԶՈՒ վերահսկողության տակ հայտնվելուց հետո
 |1lurer.am|
10:59 - 17 հոկտեմբերի, 2022

9 հայ զինծառայող խոշտանգվել, սպանվել է ադրբեջանական ԶՈՒ վերահսկողության տակ հայտնվելուց հետո |1lurer.am|

1lurer.am: Սեպտեմբերի 13-ի ագրեսիայի հետևանքով 9 հայ զինծառայող խոշտանգվել, սպանվել է ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ հայտնվելուց հետո: Նրանցից 5-ը աշխարհը ցնցած գնդակահարության սահմռկեցուցիչ տեսանյությում երևացող զինծառայողներն են: Դեպքը տեղի էր ունեցել սեպտեմբերի 13-ին՝ Իշխանասարի դիրքում: Հայ ռազմագերիների սպանության ադրբեջանական հաջորդ տեսանյութը հրապարակվեց հոկտեմբերի 11-ին: Ադրբեջանական ուժերի վայրագ գործողությունը տեղի է ունեցել Վերին Շորժայի դիրքում:

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը նշում է․ «Վերջին տեսագրությունը խոշտանգման, վատ վերաբերմունքի դաժան տեսանյութ էր, դրա հետ կապված քայլեր ձեռնարկելու ենք: Այստեղ էլ ունենք նույնականացում, ցավոք, զոհված են վերադարձվել: Սա կոպտագույն պատերազմական հանցագործության դրվագ է, պետք է բարձրաձայնենք բոլոր ատյաններում:

Ռազմական էսկալացիայի առաջին օրերին Ադրբեջանը շրջանառեց տեսանյութ՝ իբր բուժօգնություն է ցուցաբերում վիրավոր զինծառայող Դավիթ Գիշյանին, այնուհետև վերադարձրեց նրա դին: Ձեռնարկված նախնական քննչական գործողություններն ապացուցում են՝ Գիշյանին խոշտանգել են, Հայաստանը գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ: Միևնույն ժամանակ Հայաստանի սուվերեն տարածքի վրա Ադրբեջանի հարձակման փաստով մեր երկրում նախաձեռնվել է քրեական վարույթ. դատախազ Մարտիրոսյանի խոսքով՝ պարզվել են պատերազմական հանցագործության մի շարք դեպքեր»։

ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված ՀԿԳ քննության նկատմամբ հսկողության բաժնի պետ Արշակ Մարտիրոսյանի խոսքով՝ մարտադաշտում սպանված հայ զինծառայողների դիակները անարգանքի ենթարկելու, այդ կապակցությամբ համացանցում տարածվել են բազմաթիվ տեսագրություններ, այդ թվում՝ հայ զինծառայողի դիակը անարգանքի ենթարկելու, մասնատման վերաբերյալ: Դրանք քրեական վարույթի շրջանակում դարձվել են քննության առարկա, ձեռնարկվում են քննչական, վարութային գործողությունների իրականացում:

Արշակ Մարտիրոսյանի խոսքով՝ նպատակն է բացահայտել ադրբեջանցի զինծառայողների հանցագործությունները, ամրագրել ապացույցները: Տելեգրամյան ալիքներում հայ ռազմագերիների տեսանյութերի շրջանառության պահից Հայաստանը դիմել է միջազգային իրավական ատյաններ:

Եղիշե Կիրակոսյանը նշում է, որ գնդակահարության հետ կապված տեսագրությունը թե՛ ՄԻԵԴ, թե՛ Հաագա ուղարկել էինք, քանի որ դիմել էինք միջանկյալ միջոցի, նաև Արդարադատության միջազգային դատարանից էինք խնդրել, որ դատարանը նախկինում կիրառած միջոցները կիրառի նորերի նկատմամբ, տեսագրությունը ուղարկվել էր դատարաններին՝ ներկայացնելու վտանգը, որ սպառնում է գերիներին:

«Ադրբեջանական կողմը հոկտեմբերի 4-ին ԱՄՆ միջնորդությամբ հայկական կողմին վերադարձրեց լայնածավալ վերջին ագրեսիայի հետևանքով գերեվարված 17 զինծառայողին: Եղիշե Կիրակոսյանը նշում է, որ Ադրբեջանում նրանց հանդեպ վատ վերաբերմունքի փաստերը ևս ներառելու են միջազգային դատարաններ ուղարկված գանգատներում:

Թե՛ Պաշտպանն է ասել այդ մասին, թե՛ բժշկական զննության արդյունքում ձեռք բերված նախնական ապացույցներով կարելի է փաստել, որ մարդիկ ենթարկվել են խոշտանգումների, ծեծի, հետքերը կան:

17 զինծառայողից մեկն է ժամկետային զինծառայող՝ Վահե Գիժլարյանը, որ սեպտեմբերի 13-ին պայքարել է՝ կանխելու թշնամու առաջխաղացումը Ջերմուկի դիրքերում»,- նշեց Կիրակոսյանը։ 

Արշակ Մարտիրոսյանի խոսքով՝ յուրաքանչյուր դեպք առանձին քրեական վարույթի շրջանակում դարձվում է մանրակրկիտ քննության առարկա: Նախաքննությունը շարունակվում է: Կատարված յուրաքանչյուր հանցագործության դեպքը, դրա համար մեղավոր անձանց շրջանակը պարզելու, քրեական պատասխանատվության հասնելու ուղղությամբ:

Հայ զինծառայողների նկատմամբ դաժանությունների առնչությամբ միջազգային լայն արձագանքից հետո Բաքուն շրջանառեց վերջին ագրեսիայի հետ կապ չունեցող, հին տեսանյութեր՝ պնդելով, թե իբր հայ զինծառայողները խոշտանգել են ադրբեջանցիներին: Ըստ Կիրակոսյանի, Բաքվի նպատակն է զոհի տպավորություն թողնել:

Եղիշե Կիրակոսյանը նշում է․ «Եթե նայենք տեսագրությունները, որոնցում ադրբեջանցի զինծառայողները կատարում են զազրելի պատերազմական հանցագործություններ, մարդկության դեմ կատարված հանցագործություններ, դրանք հարյուրավոր են՝ գերիների նկատմամբ վատ վերաբերմունքը, խոշտանգումները, ծեծերը, դիակների նկատմամբ անարգանքը, գլխատումները, գնդակահարությունը ահռելի շատ են, ծանրագույն են: Տեսանյութերը, որոնք պտտվում են համացանցում կամ եղել են պատերազմի ընթացքում, ենթադրաբար հայ զինծառայողների, մի քանիսն են, 2-3 տեսագրության մասին է:

Հակառակ ադրբեջանական պնդումներին, Եվրադատարանում չկա Հայաստանի դեմ որևէ վճիռ, որոշում՝ հայ զինծառայողների կատարած պատերազմական որևէ հանցագործության վերաբերյալ: Չկա գեթ մեկ դեպք, երբ Եվրոպայի սրտում հայը սպանած լինի ադրբեջանցի սպայի ու հերոսացվի, որ դաժան խոշտանգման ենթարկի փայտ հավաքելու գնացած գյուղացի երիտասարդի կամ հովվի, դիզվառելիք ներարկի Ադրբեջանի տարեց քաղաքացու: Այդ բոլոր գործերով ՝ ՄԻԵԴ-ը վճիռներ է կայացրել ընդդեմ Բաքվի, որոնք մինչև այժմ կատարված չեն: Եվրադատարանի որոշումների կատարումն այս պահին Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի հսկողության տակ է:

Թե 16-ի պատերազմի ժամանակ, կհիշեք Քյարամ Սլոյանի դեպքը, մեր զինծառայողների կողմից նույնիսկ մոտեցող այդ ծանրությանը, չունենք: Չունենք իրավիճակ, երբ Եվրոպայի սրտում կացնահարած անձը հերոսացվում է, դառնում օրինակ, չունենք նման օրինակ: Սա է ատելությունը, ատելության պաշտոնական մակարդակում քարոզի արդյունքը այս ծանր հանցագործությունն է: Այս կոչը միջազգային հանրությանն է ուղղված, պետք է գիտակցի, որ վտանգը մեծ է: Նման հանցագործությունները անվերահսկելի են կատարվում: Հայաստանն այդ բոլոր ապացույցները հավաքվում է ռասայական խտրականության կոնվենցիայի շրջանակում միջազգային դատարանում վարույթի շրջանակում կներկայացվեն: Այդ կոնվենցիայի ուղղակի խախտում են:

44-օրյա պատերազմից հետո Եվրադատարան ներկայացված Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի միջպետական գանգատը Մեծ պալատի քննության վարույթում է: Գրավոր ընթացակարգով դիրքորոշումների փոխանակումն ավարտական փուլում է: Մեծ պալատը գործը հրապարակային կքննի հաջորդ տարի: Եվրադատարանում է նաև Ադրբեջանի դեմ հայցը հայ գերիների ապօրինի դատավարությունների, Հայաստանի ինքնիշխան տարածքում ադրբեջանական ուժերի ներկայության հետևանքով մարդկանց իրավունքների խախտումների, Քարագլխի, Փառուխի, Աղավնոյի դեպքերի առնչությամբ: Եղիշե Կիրակոսյանի խոսքով՝ առաջիկայում կամփոփեն ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարան հիմնական հայցադիմումը և մինչև հունվարի 23-ը կներկայացնեն Հաագա»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել