Փաստաբան Էրիկ Ալեքսանյանի կալանավորման հարցով դիմել եմ ՓՊ նախագահին․ Զորայր Հարությունյան
12:18 - 20 հոկտեմբերի, 2022

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանի կալանավորման հարցով դիմել եմ ՓՊ նախագահին․ Զորայր Հարությունյան

Փաստաբան Զորայր Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորում կիրառվելու կապակցությամբ դիմել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահին։

«Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորում կիրառվելու կապակցությամբ դիմել եմ ՀՀ փաստաբանների պալատի նախագահին, նկատի ունենալով, որ իրականացվող քրեական հետապնդմամբ քրեաիրավական գնահատական է տրվել բուն փաստաբանական գործունեության իրականացմանը:

Իբրև հանցանք է գնահատվել Է. Ալեքսանյանի կողմից Երևան քաղաքի դատարան իր պաշտպանյալի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց կիրառելու մասին երկու միջնորդություն ներկայացնելը: Այս խնդիրը վեր է Է. Ալեքսանյանի անձից ու վերաբերում է բոլոր փաստաբաններին: Նման իրավիճակում կարող ենք հայտնվել բոլորս:

Քրեական վարույթի առկայությունը ինքնին չի վախեցնում, վստահաբար այն Է.Ալեքսանյանի մասով կարճվելու է արդարացնող հիմքով: Սակայն Է. Ալեքսանյանի ազատության սահմանափակումը անընդունելի անհամաչափ ու անտրամաբանական է։

Հուսով եմ` ՀՀ ՓՊ միջամտությունը որոշակի սթափեցնող ազդեցություն կունենա քրեական հետապնդման մարմնիններ վրա»,- նշել է Զորայր Հարությունյանը։

Հիշեցնենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Արշակ Մաթեւոսյանի նախագահությամբ, երեկ՝ հոկտեմբերի 19-ին, փաստաբան Էրիկ Ալեքսանյանին կալանավորելու որոշում էր կայացրել։

Նույն քրեական գործի շրջանակում հոկտեմբերի 19-ին կալանավորվել էր նաեւ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանը։

Ըստ պաշտպանական կողմի՝ դատավոր Արուսյակ Ալեքսանյանին մեղադրում են ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու եւ պաշտոնեական լիազորությունները անցնելու, իսկ փաստաբան Էրիկ Ալեքսանյանին՝ նրա լիազորությունները անցնելուն օժանդակելու մեջ։ Նրանք առաջադրված մեղադրանքները չեն ընդունում։ 

Փաստաբանը ձերբակալվել էր հոկտեմբերի 17-ի կեսօրին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 111-րդ հոդվածի հիման վրա, ըստ որի՝ ազատության մեջ գտնվող մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու անհրաժեշտության դեպքում քննիչն իրավասու է որոշում կայացնելու մեղադրյալին ձերբակալելու մասին: Այդ ընթացքում, մինչ դատարանը քննում էր նրա կալանավորման միջնորդությունը, ձերբակալման առավելագույն ժամկետը լրացել էր, եւ Ալեքսանյանն ազատ էր արձակվել։

Այն բանից հետո, երբ Բարձրագույն դատական խորհուրդը բավարարեց Գլխավոր դատախազության միջնորդությունները՝ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու եւ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ, նույն հոդվածի հիման վրա ձերբակալվել է նաեւ Արուսյակ Ալեքսանյանը։ Մինչ դատարանի որոշման հրապարակումը Ալեքսանյանը եւս ազատ էր արձակվել։

Թե ինչ քրեական գործով են անցնում փաստաբանն ու դատավորը, պաշտոնապես առայժմ հայտնի չէ։ Գլխավոր դատախազությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը այս փուլում հրաժարվել են մեկնաբանություն տալ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել