Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանը ներկայացնում է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մտահոգությունները «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ։
«Մենք՝ ներքոնշյալ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներս, ահազանգում ենք, որ Արդարադատության նախարարության կողմից մշակված և վերջերս www.e-draft.am իրավական ակտերի նախագծերի միասնական հարթակում հրապարակված «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը (Նախագիծ) լուրջ խնդիրներ է առաջացնում իրավական որոշակիության և արդարադատության կանխատեսելիության տեսանկյունից։
Նախագծով առաջարկվում է լիազորել դատարանի նախագահին դիմել ԲԴԽ-ին գործերի բաշխման ցուցակից որևէ դատավորի անունը հանելու միջնորդությամբ՝ դրանով կախվածության մեջ դնելով դատավորին դատարանի նախագահի հայեցողությունից կամ որոշումից (անմիջականորեն դատավորի կողմից այս հարցը բարձրացնելու վերաբերյալ գործող կարգավորման փոխարեն)։ Ավելին՝ Նախագծով սահմանվում է, որ ԲԴԽ-ն մասնագիտացված դատարանի դատավորներից կարող է ընտրել դատավորներ, որոնք, ի լրումն համապատասխան մասնագիտացման գործերի, քննում են առանձին տեսակի գործեր (Նախագծի 6-րդ հոդվածի 6-րդ կետով), իսկ առանձին տեսակի գործերի ցանկը, յուրաքանչյուր դատարանի համար նման գործեր քննող դատավորների քանակը և ընտրության կարգը սահմանում է ԲԴԽ-ն (նույն հոդվածի 7-րդ կետով) (նման կարգ գործում է քաղաքացիական և քրեական մասնագիտացման դատավորների համար)։
comment.count (0)