«Ռոսավիացիա»-ի ղեկավար Դմիտրի Յադրովը հաստատել է, որ երբ ադրբեջանական ավիաուղիների ինքնաթիռը փորձել է վայրէջք կատարել Գրոզնիի օդանավակայանում, քաղաքը ենթարկվել է անօդաչու սարքերի հարձակման։
Նրա խոսքով՝ այդ օրը և այդ ժամերին իրավիճակը Գրոզնիի օդանավակայանի տարածքում «բարդ է եղել»։
«Այդ ժամանակ ուկրաինական մարտական անօդաչու սարքերը հարձակումներ էին գործում Գրոզնի և Վլադիկավկազ քաղաքների քաղաքացիական ենթակառուցվածքների վրա։ Այդ պատճառով Գրոզնիի օդանավակայանի տարածքում մտցվել է ռեժիմ, որը նախատեսում է բոլոր օդանավերի անհապաղ հեռացում նշված տարածքից»։
Նրա խոսքով՝ օդանավակայանի տարածքում նաև խիտ մառախուղ է եղել։ Օդաչուները երկու անգամ փորձել են վայրէջք կատարել Գրոզնիում, սակայն չի հաջողվել։
Յադրովը պնդել է, որ ինքնաթիռի հրամանատարին առաջարկել են վայրէջք կատարել Ռուսաստանի այլ օդանավակայաններում, սակայն նա որոշել է թռչել Ակտաուի օդանավակայան։
Հիշեցնենք, որ Euronews-ը և Reuters-ը, վկայակոչելով Ադրբեջանի կառավարության աղբյուրները, հայտնել են, որ կործանման պատճառը ռուսական հակաօդային ուժերի հարվածն է:
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը տեղյակ է ադրբեջանցի պատգամավորի հայտարարություններին, թե Ռուսաստանը պետք է ներողություն խնդրի Ակտաուում ինքնաթիռի կործանման համար։ Պեսկողը, սակայն, նշել է, որ «իրավունք չունի գնահատականներ տալու, քանի դեռ հետաքննությունը շարունակվում է»։
comment.count (0)