Ես տեսնում եմ, որ Ռուսաստանն է միջանցքի խնդիր դրել, որ միջանցք ունենան իրենք Ադրբեջանի հետ. Գագիկ Մելքոնյան |news.am|
13:32 - 25 հոկտեմբերի, 2022

Ես տեսնում եմ, որ Ռուսաստանն է միջանցքի խնդիր դրել, որ միջանցք ունենան իրենք Ադրբեջանի հետ. Գագիկ Մելքոնյան |news.am|

news.am: Ես ոչ մի լավ սպասելիք չունեմ Ռուսաստանում Փաշինյան-Ալիև-Պուտին հնարավոր հանդիպումից ու չգիտեմ՝ կլինի, թե չի լինի այդ հանդիպումը: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 25-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը։ Նշենք, որ եռակողմ հանդիպման մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ո՞վ է ասել, որ լինելու է: Ձեզ են ասել Կրեմլից, մեզ ոչ մի բան չեն ասել: Եթե հանդիպում լիներ, Աստանայում կլիներ: Ինչո՞ւ չեղավ այդ հանդիպումը, չցանկացած, որ հանդիպումը տեղի ունենա: Այսինքն եթե Ռուսաստանի թագավորը ուզենար հանդիպում կազմակերպել այնտեղ, կկազմակերպեր, բայց չուզեցավ: Հիմա եթե պաշտոնական կհրավիրի, կտեսնենք:

Սպասելիք չունեմ, որովհետև եթե դուք լսեիք Ալիևի վերջին հայտարարություններն Աստանայում, ասաց՝ եթե չլինի «միջանցքը», ես ուրիշ ձևով կվերցնեմ: Ոտքը ընկել էր այնտեղ, իրեն լավ էր զգում: Երբ գալիս է Բրյուսել, արդեն ուրիշ ձև է խոսում, մոտեցումներն ուրիշ են, Ռուսաստանում ուրիշ է, ոնց որ իր հայրենիքում լինի, ոնց որ ձուկը ջրում: Իսկ երբ գնում է Բրյուսել, գլուխը կախած, նստած է»,-ասաց Գագիկ մելքոնյանը:

Նա համոզմունք հայտնեց, որ Ռուսաստանը կողմնապահություն է անում հայ-ադրբեջանական հարցերում. «Դուք չե՞ք զգացել դա: Ես Արևմուտքի կողմից Հայաստանի նկատմամբ ճնշումը չեմ տեսել: Ես տեսնում եմ, որ Ռուսաստանն է միջանցքի խնդիր դրել, որպեսզի միջանցք ունենան իրենք Ադրբեջանի հետ»:

Նա նաև նշեց․ «Մենք ուզում ենք 1991 թվականի ԱՊՀ ստեղծման ժամանակ հաստատված սահմաններով ունենանք մեր երկիրը և խաղաղություն կնքվի. մենք գնում ենք դրան, զիջելու բան չունենք»։

«Խնդիրը դրված է, որ մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր կնքենք, բայց դա կլինի, թե ոչ, ոչ ոք չգիտի: Խոշոր տերություններն են մեզ ասել, որ մինչև տարեվերջ պետք է կնքեք այդ պայմանագիրը: Բայց Լյուքսեմբուրգից հետո Ալիևը կանգնեց ու Աստանայում ասաց, որ Ռուսաստանն է դադարեցրել պատերազմը, սկսեց հոխորտալ, այս ամեն ինչից երևում է, որ մինչև տարեվերջ դժվար թե խաղաղության պայմանագիր կնքենք»,- ասաց նա:

Գագիկ Մելքոնյանի խոսքով՝ մենք պետք է հասկանանք, որ մենք ենք կռվելու մեր երկրի համար, ոչ ոք չի գա էստեղ մեզ համար կռվի․ «Դրա համար պետք է մեր ժողովուրդը համախմբվի, և մենք կարողանանք մեր երկիրն այս վիճակից հանել»:

Հարցին, թե որ առաջարկներն են ավելի բարենպաստ Հայաստանի համար՝ Արևմուտքի՞, թե՞ Ռուսաստանի, Մելքոնյանը պատասխանեց. «Բարենպաստն այն է, որ մենք կարողանանք թշնամուն դուրս քշենք մեր սահմաններից, կարողանանք մեր երկրի սահմանները պահենք: Այսօր արդեն միջազգային կառույցները ստիպում են Ադրբեջանին: Եվրոպացի դիտորդների արձանագրություններից է կախված, որ այդ գործողությունները պետք է կատարվեն: ԱՄՆ-ն, Ֆրանսիան ասել են, որ հետ գնացեք ձեր նախկին դիրքերը»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել