Օհանյանը հայտարարում է՝ ապագայում ընդդիմության գործողություններում նորություններ կլինեն


 |armenpress.am|
14:58 - 25 հոկտեմբերի, 2022

Օհանյանը հայտարարում է՝ ապագայում ընդդիմության գործողություններում նորություններ կլինեն |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ «Դիմադրության» շարժումը շարունակական է լինելու և ապագայում իրենց գործողությունների մեջ նորություններ կլինեն: Օհանյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, որ խորհրդարանական ընդդիմությունը, «Դիմադրություն» շարժումը չեն պայքարում իշխանությանը հեռացնելու համար:

Օհանյանը, ներկայացնելով, թե  «Դիմադրություն» շարժումն ինչ է իրականացրել, նշեց, որ իրենց աշխատանքն իրականացվում է համադրված և ըստ անհրաժեշտության, եթե հարցերը վերաբերում են իրենց օրակարգին՝ Հայաստանի անվտանգությանը, Արցախին, արտաքին քաղաքականությանը: «Սեպտեմբերի 13-ին, երբ վիճակն օրհասական էր, մենք եղել ենք ԱԺ-ում և փորձել ենք հայտարարություն կատարել  և այլն: Բացի դրանից, մենք աշխատանքն ԱԺ-ից դուրս շարունակում ենք, միգուցե, այս պահին դա տեսանելի չէ: Ինքնաքննադատաբար ասեմ, որ ժողովրդի հետ աշխատանքը, համոզելու գործընթացն, ընդհանուր առմամբ, ամենադժվարն է»,- ասաց Օհանյանը:

Նա վստահեցրեց, որ «Դիմադրության» շարժումը շարունակական է լինելու: Շարժման ղեկավարությունը համապատասխան ծրագրային գործունություն է ծավալում, որը կներկայացվի: Օհանյանն ընդգծեց, որ վերջին ժամանակներում ժողովրդի հետ հանդիպումներ են իրականացնում: Ըստ նրա՝ թեև նախորդ շարժման ընթացքում որոշակի հաջողության հասել են, սակայն դա բավարար չի համարում:

«Հիմա որոշակի վերլուծություն ենք անում: Ապագայում մեր գործողությունների մեջ կլինեն նորարարություններ»,- նշեց Օհանյանը:

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել