Ես հաստատել եմ իմ մասնակցությունը․ տեղեկություն չունեմ՝ ադրբեջանական կողմը հաստատել է մասնակցությունը, թե ոչ․ Փաշինյանը՝ Սոչիում կայանալիք հանդիպման մասին
16:38 - 26 հոկտեմբերի, 2022

Ես հաստատել եմ իմ մասնակցությունը․ տեղեկություն չունեմ՝ ադրբեջանական կողմը հաստատել է մասնակցությունը, թե ոչ․ Փաշինյանը՝ Սոչիում կայանալիք հանդիպման մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ հարցուպատասխանի ժամանակ հաստատեց, որ առկա է հրավեր հոկտեմբերի 31-ին անկացնել եռակողմ հանդիպում․ 

«Այո, ՌԴ նախագահի կողմից առկա է հրավեր հոկտեմբերի 31-ին Սոչիում անցկացնել եռակողմ հանդիպում և ես հաստատել եմ իմ մասնակցությունը։ Տեղեկություն չունեմ՝ ադրբեջանական կողմը հաստատել է մասնակցությունը, թե ոչ»,- ասաց վարչապետը։ 

Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ նրան, թե ինչ ակնկալիքներ կան հանդիպումից․ 

«Վերջին անգամ այդ ֆորմատով եռակողմ հանդիպում տեղի է ունեցել նախորդ տարվա նոյեմբերին և կարծում եմ՝ ամենակարևոր ակնկալիքները կապված են այս ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների գնահատականին և մեկնաբանությանը։ Ընդ որում, ավելի հետ կարող եմ գնալ, հասնել մինչև 2020 թ․-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարություն։ Կարծում եմ՝ շատ կուտակված հարցեր կան, որոնց վերաբերյալ որոշակի մտքերի փոխանակում, պարզաբանումներ, հարցադրումներ պետք է հնչեն, և այդ հարցերի օրակարգը ձեզ հայտնի է՝ սկսած ԼՂ-ում կայունության և անվտանգության ապահովման գործով»,- ասաց Փաշինյանը։ 

Փաշինյանը հիշեցրեց, որ այս տարվա մարտին ադրբեջանական զինված ուժերը ներխուժել էին ՌԴ խաղաղպահների պատասխանատվության գոտի ու ասաց․

«Չեմ թաքցրել, որ մեզ համար այդքան էլ հասկանալի չէ խաղաղապահների կողմից արձագանքի բացակայությունը և, ըստ էության, ինչ միջոցներ են ձեռնարկվել այդ գործառույթները իրականացնելու համար։ Ի հեճուկս եռակողմ աշխատանքային խմբում ձեռքբերված պայմանավորվածությունների՝ ինչ-որ միջանցքների մասին հայտարարություններ են տեղի ունենում, ընդ որում՝ ոչ միայն ադրրբեջանական կողմից, ՌԴ-ում էլ անհասակնալի մարդիկ կան, ովքեր փորձում են այդ նարրատիվը զարգացնել, ի հեճուկս ՌԴ նախագահի կողմից արված հայտարարությունների, ստորագրած փաստաթղթերի և ի հեճուկս ՌԴ արտաքին գործերի նախարարության կողմից արված հայտարարությունների, ի հեճուկս ՌԴ փոխվարչապետի արած հայտարարությունների»,- ասաց Փաշինյանը։ 

Հարցին, թե արդյո՞ք Սոչիի հանդիպման համար կա հայտարարության նախագիծ, Փաշինյանն ասաց․

«Հայտարարության նախագիծ միշտ էլ լինում է, աշխատանք պետք է տարվի, այլ բան, թե վերջնական ընդունվածը ինչպիսին կլինի։ Անդրադառնալով նախորդ տարվա նոյեմբերի 26-ի հայտարարությանը՝ ուզում եմ ընդգծել հետևյալը և մի խոստովանություն անել․ նախորդ տարվա հայտարարության մեջ գրվում էր, որ կողմերը պայմանավորվեցին միջոցներ ձեռնարկել Հայաստան-Ադրբեջան սահմանին անվտանգության և կայունության մակարդակը բարձրացնելու վերաբերյալ, և գործը հասցնել սահմանագծման հանձնաժողովի աշխատանքների մեկնարկին։ Այն ժամանակ մենք, հայտարարության տեքստի վրա հիմնվելով, ասում էինք, որ նախ պետք է անվտանգության միջոցառումները, մեխանիզմները ստեղծել, հետո միայն խոսել դելմիտացիայի գործընթացի մեկնարկի մասին։ Այն ժամանակ մեր մի շարք գործընկերներ, այդ թվում՝ ՌԴ մեր գործընկերները, ասում էին, որ դելիմիտաիցիայի հանձնաժողովի գործունեությունը ինքնին անվտանգության մեխանիզմ կլինի։

Մենք այն ժամանակ չէինք կիսում այդ տեսակետը, բայց որոշեցինք ճկունություն ցուցաբերել՝ գործընթացը փակուղի չմտցնելու համար և գնալ այդ քայլին, բայց նաև դելիմիտացիայի հանձնաժողովի ձևավորումից հետո տեղի ունեցած սեպտեմբերի 13-ի ագրեսիան, և ինձ համար անհասկանալի է, որ այն գործընկերները, որ այն ժամանակ ասում էին, որ դելիմիտաիցայի հանձնաժողովի ձևավորումը անվտանգության մեխանիզմ է, սեպտեմբերի 13-ի ագրեսիայի նկատմամբ մինչև օրս հստակ քաղաքական դիրքորոշում չեն արտահայտել։ Սրանք հարցեր են, որ, իհարկե, պատրավտվում եմ քննարկել այդ թվում ՌԴ նախագահի հետ երկկողմ հանդիպման ֆորմատում»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել