Հոկտեմբերի 27-ի գործի ամբողջական բացահայտման համար նույնիսկ այս պահին կա հնարավորություն. Անդրանիկ Քոչարյան

 |armenpress.am|
11:46 - 27 հոկտեմբերի, 2022

Հոկտեմբերի 27-ի գործի ամբողջական բացահայտման համար նույնիսկ այս պահին կա հնարավորություն. Անդրանիկ Քոչարյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այս պահին էլ Հոկտեմբերի 27-ի ոճրագործության ամբողջական բացահայտման համար հնարավորություն է տեսնում, այսպիսով` ՀՀ գլխավոր դատախազին հորդորում է հետևողական լինել այս հարցով։ Քոչարյանն այս մասին ասաց խորհրդարանական ճեպազրույցում:

«Հոկտեմբերի 27-ի շարունակաբար չբացահայտված լինելը մեզ չի տալիս հնարավորություն, որ մեր երկրում ներքին համերաշխություն կառուցենք և կասկածամտությունը հանենք մեր երկրի ներքին կյանքից: Ուստի, օրվա խորհրդին համահունչ, խնդրում եմ, որ նոր գլխավոր դատախազը հետևողական լինի Հոկտեմբերի 27-ի բացահայտմանն առնչվող բոլոր խնդիրների կապակցությամբ: Նույնիսկ այս պահին կա հնարավորություն՝ Հոկտեմբերի 27-ի ամբողջական բացահայտման համար»,- ասաց Քոչարյանը:

Նրա խոսքով՝ շատ կարևոր վկաներ մահացել են, բայց նաև կան դրա բացահայտմանը հասնելու հեռանկարներ:  Ըստ պատգամավորի՝ եթե այսքան տարի որևէ առաջընթաց չի եղել այս առումով, նշանակում է՝ խանգարող հանգամանքներ են եղել, և այդ խանգարող հանգամանքները անպայման նույնպես պետք է բացահայտվեն:

1999թ. այս օրը՝ հոկտեմբերի 27-ին, ՀՀ ԱԺ հերթական նստաշրջանի ընթացքում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ խորհրդարանում ահաբեկչություն կատարվեց, որի զոհ դարձան ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանը, Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը, Միքայել Քոթանյանը, ՀՀ օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանը։ Վիրավորում ստացան մի շարք պաշտոնյաներ։ Ահաբեկիչների խումբը ղեկավարում էր Նաիրի Հունանյանը։

Հոկտեմբերի 27-ի հարձակման ժամանակ զոհված, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Յուրի Բախշյանի կինը՝ Անահիտ Բախշյանը, 2019 թվականի դեկտեմբերի 18-ին դիմել էր Գլխավոր դատախազություն՝ պահանջելով վերացնել Հոկտեմբերի 27-ի գործից անջատված մասի կարճման որոշումն ու սկսել նոր քննություն։ Բախշյանի բողոքը բավարարվել էր, քրեական գործի վարույթը կարճելու մասին նախաքննության մարմնի 2004 թվականի նոյեմբերի 11-ի որոշումը վերացվել էր, և քրեական գործով նախաքննությունը հանձնարարվել էր ԱԱԾ-ին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել