ՀՀ-ն համաձայնել է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն անորոշ ժամանակով հետաձգելու ՌԴ հայեցակարգին
11:26 - 02 նոյեմբերի, 2022

ՀՀ-ն համաձայնել է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն անորոշ ժամանակով հետաձգելու ՌԴ հայեցակարգին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում 2023թ․-ի բյուջեի քննարկման ժամանակ անդրադարձավ նաև Սոչիի եռակող հանդիպմանը։ Նա հարց ուղղեց, թե արդյո՞ք Սոչիի հանդիպման արդյունքում կարող է արձանագրել, որ քայլ արվեց խաղաղության օրակարգի իրականացման ուղղությամբ։ 

«Կարող եմ ասել՝ այո, միանշանակ։ Իհարկե, հանդիպումն ունեցել է և՛ հրապարակային մաս, և՛ դռնփակ մաս։ Շատ կարևոր հարցեր են հնչել։ Դուք տեղյակ եք, որ Հայաստանում այդ հանդիպումից առաջ որոշակի քննարկումներ էին ծավալվել, թե արդյոք ՀՀ-ն Հայաստան-Ադրբեջան և ԼՂ հիմնախնդրի կարգավորման ճանապարհին գնում է այն հնարավոր ամենաօպտիմալ տարբերակով, որն առկա է դաշտում։ Խոսք էր գնում այն մասին, թե բովանդակային առումով որքանով է Հայաստանի Հանրապետության, ավելի ճիշտ, բանակցություններում ներգրավված պաշտոնյաների վարած քաղաքականությունը համապատասխանում ՀՀ և ԼՂ շահերին։ Կարծում եմ՝ Սոչիի հանդիպման կարևորագույն նրբություններից մեկն այս հարցի պատասխանն էր։ Այնպես չէր, որ Սոչիից առաջ այդ հարցի պատասխանը չկար։ Հիմա հրապարակային կարող ենք տեսնել ու համեմատել, թե որքանով է մեր քաղաքականությունը համապատասպանում այն տեսլականին և շրջանակին, որն այսօրվա իրողությունների պայմաններում, ընդ որում բարձրաձայնվում և առաջարկվում է նաև ընդդիմության կողմից»,- հայտարարեց Փաշինյանը։

Նա նաև նշեց, որ կա քննարկում, որ կա ռուսական առաջարկ կամ ռուսական հայեցակարգ, և կա ոչ ռուսական հայեցակարգ․ «Փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե ՀՀ կառավարության քայլերը հակասության մեջ են մտնում, պայմանական ասված, ռուսական հայեցակարգի հետ։ Դա, իհարկե, այդպես չէ, կարող եմ ներկայացնել, թե ինչու, որովհետև հնչել են հրապարակային հայտարարություններ։ Ես ինքս չէի կարող դա հրապարակայնացնել նախկինում, քանի որ որոշակի առումով կարող էր լինել էթիկայի խախտում, բայց քանի որ հայեցակարգերի հեղինակները որոշակիորեն բացահայտել են՝ ինչում է նրբությունը, ես կարող եմ այդ դիտանկյունից անդրադառնալ հարցին։

Տեղյակ եք, որ ՌԴ մեր գործընկերները հայտարարել են, որ իրենց կարծիքով ճիշտ մոտեցումը կլինի այն, որ ԼՂ կարգավիճակի հարցը հետաձգվի անորոշ ժամանակով։ Սա հիմնավորվում է նրանով, որ այս պահին օբյեկտիվորեն չկա հնարավորություն գտնելու մի կարգավիճակ, որը փոխընդունելի կլինի։ Պետք է խոստովանել, որ դա նոր վիճակ չէ, բայց ամեն դեպքում։ Իմաստն այն է, որ կարգավիճակի հարցը հետաձգվի։ Ինչքանով է ՀՀ կառավարության քաղաքականությունը համապատասխանում այս տեսլականի հետ։ Պետք է ասեմ, որ լիարժեք և 100 տոկոսով է համապատասխանում։ Ընդ որում՝ մենք շատ քննադատվել ենք դրա համար, բայց մինչ այժմ չենք կարողացել բացահայտել՝ ինչու ենք այդպես վարվում։ Ի սկզբանե արձանագրելով, որ կա երեք կոմպոնենտ այդ հարցի՝ ԼՂ հայության անվտանգություն, իրավունքներ և կարգավիճակ՝ դուք նկատել եք, որ հետագայում հընթացս մենք կարգավիճակ բառը՝ որպես այսօրվա ամենօրյա լուծման խնդիր, փորձել ենք մի կողմ դնել։ Ինչո՞ւ, հենց այս տեսլականի բերումով, որովհետև մենք համաձայնել ենք ռուսաստանցի մեր գործընկերների հետ, որ այդ թեման հիմա չարժե գնալ ու փորձել լուծել, որովհետև դա կբերի անխուսափելի ճգնաժամի։ Ընդ որում այս մոտեցման համար մեզ էն ժամանակ քննադատում էին մարդիկ, որոնք այսօր էլ քննադատում են այս մոտեցումը չունենալու համար»։

Փաշինյանը նշեց, որ ինչպես հրապարակային խոստացել էր, եռակողմ բանակցությունների ընթացքում, առաջարկել են, որ հենց Սոչիի եռակողմ հայտարարությունում հղում կատարվի ռուսական առաջարկների, բայց նաև ռուսաստանցի գործընկերների հորդորով փորձել են ավելի ճկուն լինել իրավիճակը փակուղային չդարձնելու համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել