Օրեր առաջ՝ նոյեմբերի 7-ին, 5-րդ ալիքի «Հարցազրույց» հաղորդման հյուրն էր «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանը։ Հաղորդավարը՝ Դերենիկ Մալխասյանը, այսպիսի հարց է հնչեցնում․
[12:42] «Հիմա՝ իշխանություններից ազատվելու, իշխանափոխության մասին․ «Դիմադրության» շարժումը բավականին տեւական ժամանակ այդ օրակարգով հրապարակում էր, հունիսի 3-ին տեղի ունեցավ այն, ինչը շատերը տեսան եւ համոզվեցին, որ իշխանությունը պատրաստ է ճգնաժամային պահին կրակել, բիրտ ուժ կիրառել, ցրել ժողովրդին, եւ կրկին շատերը մտածեցին, որ սահմանադրական ճանապարհը կամ այն ճանապարհը, որով հանրային ճնշման միջոցով պետք է իշխանություն փոխվի, ինչպես Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանութան, այդ ճանապարհը հենց Նիկոլ Փաշինյանը փակում է ընդդիմության առաջ՝ պատրաստ լինելով կրակելու։ Հիմա, Ձեր կարծիքով, պատային վիճակ չի՞ ստացվում այս առումով»։
Նարեկ Մանթաշյանն այս հարցին այսպես է արձագանքում․
[13:28] «Էն, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստ էր կրակելու, եթե ոմանք համոզվել են հունիսի 3-ին, ես դրանում համոզվել եմ շատ ավելի վաղուց, երբ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցներից մեկում նա բացեիբաց հայտարարեց, որ «ես պատրաստ եմ ընդդիմության որեւէ հավաք կամ, էսպես, բարձրացրած ձայն տանկերի մամլիչների տակ ճզմելու․․․»»։
Մանթաշյանը կոնտեքստից կտրված է ներկայացնում Փաշինյանի խոսքերը։ Այսպես, վերջինս նշում է, որ Փաշինյանը «Ազատությանը» տված հարցազրույցներից մեկում ասել է «ընդդիմությանը տանկերով ճզմելու պատրաստակամության մասին»։ Խոսքը 2019 թվականի հունիսի 3-ի հարցազրույցի մասին է, որի ժամանակ Փաշինյանը, ի թիվս այլնի, խոսում է հայաստանյան ժողովրդավարությունից, դատաիրավական համակարգի բարեփոխումներից, անդրադառնում նաեւ ընդդիմադիրների քննադատություններին, այդ թվում այն պնդումներին, որ Ռոբերտ Քոչարյանը, որն այդ ժամանակ Մարտի 1-ի քրեական գործի շրջանակում կալանավորված էր, քաղբանտարկյալ է։
Մասնավորապես, մեկնաբանը՝ Հրայր Թամրազյանը, դիմելով Փաշինյանին՝ ասում է․
[45:44] «Պարո՛ն վարչապետ, հիմա, այ դուք, իբրեւ, լինելով նախկին քաղբանտարկյալ, ավելի քան երեքուկես տարի բանտում եք եղել, եւ հիմա ինչպե՞ս կմեկնաբանեք Քոչարյանի այն պնդումները, թե ինքը քաղբանտարկյալ է»։
Ի պատասխան՝ Փաշինյանն ասում է․
[46:02] «Բոլոր նրանք, ովքեր ասում են, որ Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է, նրանք, նշանակում է, ասում են, որ ես էսօր իրավունք ունեմ ՀՀ զինված ուժերը, տանկերը մտցնել Երեւան քաղաք եւ ցանկացած ընդդիմադիր դրսեւորում տանկերի թրթուրների տակ ճզմել։
Եթե ես իրավունք ունեմ զինված ուժերի, տանկերի թրթուրների տակ ճզմել ընդդիմությանը․․․ Եթե ես իրավունք չունեմ էդպիսի բան անելու, ես ասելով՝ որեւէ մեկը իրավունք չունի էդպիսի բան անելու, ուրեմն Ռոբերտ Քոչարյանը չի կարող քաղբանտարկյալ լինել։ Եթե Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է, մենք ասում ենք՝ Հայաստանում տենց ա, մեր մոտ, երբ որ հանկարծ տեսանք, որ իշխանությունը կորցնում ենք, ի՞նչ խնդիր կա, տանկերը բոլոր տեղերից կհավաքենք, կմտցնենք Երեւան քաղաք՝ դե եկեք-վերցրեք իշխանությունը, տեսնեմ՝ ոնց եք վերցնում»։
Փաշինյանն, ըստ ամենայնի, տանկերը Երեւան մտցնելու այս դրվագը նկարագրում է՝ նկատի ունենալով 2008թ․ մարտիմեկյան դեպքերը, որոնց ժամանակ մայրաքաղաքում մարտական զրահամեքենաների առկայության վերաբերյալ տեղեկություններ կան, համացանցում պարզ որոնմամբ էլ կարելի է գտնել մայրաքաղաքի կենտրոն բերված զրահամեքենաների, բայց ոչ տանկերի կադրեր։ Թեեւ տարբեր գործիչներ, եւ հատկապես Նիկոլ Փաշինյանը, տարբեր տարիների իր ելույթներում խոսել է «ժողովրդի ընդվզումը տանկերի թրթուրների տակ ճզմելու» մասին։ Որպես օրինակ՝ 2014 թվականին Ազգային ժողովում Մարտի 1-ի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ նիստի ժամանակ իր ելույթում [2:44] Փաշինյանն ասել է․ «2008 թվականի Մարտի 1-ը ժողովրդական ընդվզման լուսավոր մի օր էր, որ իշխանությունը ճնշեց տանկերի թրթուրների տակ»։
Կամ մեկ այլ օրինակ՝ պատերազմից հետո՝ 2021թ․ մարտի 1-ին, Երևանի Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանը հանրահավաք էր հրավիրել՝ ի հիշատակ Մարտի 1-ի զոհերի և ներքաղաքական իրավիճակի լուծման ուղիների շուրջ: Այդ օրն իր ելույթում Փաշինյանն ասել է․ «[․․․] Գլխավոր շտաբի պետը, որն անում է քաղաքական հայտարարություն, ընդ որում՝ այդ հայտարարությունն անում է Սերժ Սարգսյանի և նախորդ իշխանությունների՝ Հանրապետականների դրդմամբ, ովքեր ուզում են 2008 թվականի նման ժողովրդական կամքը խեղդել տանկերի թրթուրների տակ, Հայաստանի Հանրապետությունը նման Գլխավոր շտաբի պետ չի կարող ունենալ[...]»։
Այսպիսով, Նարեկ Մանթաշյանը, փաստացի, կոնտեքստից կտրված է ներկայացնում Փաշինյանի մեկնաբանությունը՝ ներկայացնելով, թե նա ասել է, որ «պատրաստ է ընդդիմությանը ճզմել տանկերի տակ»։ Այնինչ Փաշինյանը իր տեսանկյունից զուգահեռ է անցկացրել Քոչարյանի քաղբանտարկյալ լինելու եւ ընդդիմությանը տանկերով ճզմելու կարելիության միջեւ՝ ինքն էլ ընդգծելով, թե «որեւէ մեկն իրավունք չունի այդպիսի բան անելու»։
Ի հիշեցում՝ այս տարվա հունիսի 3-ին, «Դիմադրություն» շարժումը երթ էր անում, եւ երբ երթը հասել էր կառավարական առանձնատների մոտ եւ փորձում էր շարժվել դեպի խորհրդարանի շենք, բախումներ սկսվեցին ցուցարարների ու ոստիկանների միջեւ, որոնց հետեւանքով տասնյակ վիրավորներ եղան եւ ոստիկանների, եւ ակցիայի մասնակիցների շարքերից։ Բախումների ժամանակ ոստիկանությունն օգտագործեց լուսաձայնային նռնակներ։ Հունիսի 3-ի բախումների քրոնիկոնը մանրամասն ներկայացրել են fip.am-ի մեր գործընկերները։
Հայարփի Բաղդասարյան
Եփրեմ Ալեքսանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետ
18:28 - 26 դեկտեմբերի, 2024
comment.count (0)