Իրանը երբեք չի ամրապնդում իր կապերը մի հարևանի հետ՝ ի վնաս մյուսի. Իրանի ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի՝ Թեհրանի կողմից Երևանին աջակցելու մասին հայտարարությանը |tert.am|
10:26 - 09 նոյեմբերի, 2022

Իրանը երբեք չի ամրապնդում իր կապերը մի հարևանի հետ՝ ի վնաս մյուսի. Իրանի ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի՝ Թեհրանի կողմից Երևանին աջակցելու մասին հայտարարությանը |tert.am|

tert.am: Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նասեր Քանանին ճեպազրույցում հայտարարել է, որ Կովկասի խնդիրների լուծման ճանապարհն անցնում է տարածաշրջանի երկրների մայրաքաղաքներով, այլ ոչ թե արտատարածաշրջանային ուժերին դիմելու ճանապարհով։

Ինչպես գրում է Mehr գործակալությունը, նա այս մասին ասել է հայ-ադրբեջանական շարունակվող լարվածության ֆոնին։

Իսլամական Հանրապետությունը մշտապես շեշտը դրել է հարևանների կողմից միմյանց տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտության վրա, ասել է խոսնակը:

Իրանը դատապարտում է «ադրբեջանական տարածքների օկուպացիան» (չակերտները՝ խմբ․) և աջակցում կովկասյան երկրների միջև վեճի խաղաղ լուծմանը՝ միջազգային իրավունքին համապատասխան, ասել է Քանանին։

Իսլամական Հանրապետությունը, հավելել է նա, ևս մեկ անգամ հայտարարում է իր պատրաստակամության մասին՝ օգնելու Ադրբեջանի և Հայաստանի միջև առկա խնդիրները լուծելու տարբեր ձևաչափերով, այդ թվում՝ երկկողմ, եռակողմ, ինչպես նաև «3+3» ձևաչափով համագործակցության մեխանիզմով, որում ներկայացված են Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը գումարած Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը։

Իրանցի պաշտոնյան մատնանշել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նախօրեին արված հայտարարությունները, որոնց միջոցով նա դժգոհություն էր հայտնել Իրանի և Հայաստանի պաշտոնյաների միջև վերջին հանդիպումների կապակցությամբ՝ Թեհրանին մեղադրելով Երևանին չափազանց մեծ աջակցություն ցուցաբերելու համար։

«Մեր սկզբունքային քաղաքականությունը հիմնված է բարիդրացիության և բոլոր հարևանների հետ հարաբերությունների ընդլայնման վրա»,- ասել է Քանանին՝ նշելով, որ Իրանը երբեք չի ամրապնդում իր կապերը մի հարևանի հետ՝ ի վնաս մյուսի։

ԱԳՆ խոսնակն ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի հետ Իրանի սահմանների երկայնքով վերջին զորավարժանքները սովորական և նախապես ծրագրված քայլ էին, ինչի մասին ավելի վաղ պաշտոնական ուղիներով տեղեկացվել էր շահագրգիռ հարևաններին։

Առավել մանրամասն՝ tert.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել