Ալիևը իր վերջին ելույթում կոպտորեն խախտել է ուժի սպառնալիքից կամ ուժի կիրառումից զերծ մնալու կետը․ Նիկոլ Փաշինյան
11:54 - 11 նոյեմբերի, 2022

Ալիևը իր վերջին ելույթում կոպտորեն խախտել է ուժի սպառնալիքից կամ ուժի կիրառումից զերծ մնալու կետը․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ նիկոլ Փաշինյանը թվիթերյան իր էջում գրել է.

«Նախագահ Ալիևը իր վերջին ելույթում կոպտորեն խախտել է Սոչիի եռակողմ հայտարարության մեջ ամրագրված ուժի սպառնալիքից կամ ուժի կիրառումից զերծ մնալու կետը։ Բավականին տարօրինակ կերպով նա մեղադրում է Հայաստանին երկկողմ համաձայնեցված հայտարարությունները խախտելու մեջ»։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին Սոչիում կայացած եռակողմ հանդիպման արդյունքում Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների ընդունած համատեղ հայտարարությունում մասնավորապես նշված է. «Պայմանավորվեցինք զերծ մնալ ուժի կիրառումից կամ դրա կիրառման սպառնալիքից, քննարկել և լուծել բոլոր խնդրահարույց հարցերը բացառապես ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման հիման վրա՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության և 1991թ Ալմա-Աթայի Հռչակագրի»։

Ադրբեջանի նախագահը նոյեմբերի 8-ին Շուշիում իրենց բնորոշմամբ «հաղթանակի օրվա» միջոցառման ժամանակ հայտարարել էր, թե 2022թ․ սեպտեմբերի 13-ի ռազմական գործողություններից հետո Ադրբեջանի ԶՈՒ-ն «տեղակայված է հայ-ադրբեջանական սահմանի հիմնական ռազմավարական բարձունքներում ու Հայաստանը պետք է լավ հասկանա, թե դա ինչ է նշանակում»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել