Ազգային ժողովն ընդունել է կրթության զարգացման՝ մինչև 2030 թվականի ծրագիրը
13:48 - 16 նոյեմբերի, 2022

Ազգային ժողովն ընդունել է կրթության զարգացման՝ մինչև 2030 թվականի ծրագիրը

Ազգային ժողովի լիագումար նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է ‹‹Հայաստանի  Հանրապետության  կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» օրենքը:

Ինչպես հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, հարցը զեկուցել է նախարար Վահրամ Դումանյանը՝ նշելով, որ ընթացիկ տարվա հոկտեմբերի 5-ին Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» օրենքը, որից հետո նախարարությունը սերտորեն համագործակցել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հետ: Հանձնաժողովի նախաձեռնությամբ հոկտեմբերի 21-ին կազմակերպվել է ծրագրի հանրային լսում, որն, ըստ նախարար Դումանյանի, արդյունավետ է եղել:

«Պատգամավորների և մեր կողմից ներկայացված առաջարկները համատեղ մանրամասն քննարկվել են, ինչի արդյունքում նախագծում կատարվել են համապատասխան փոփոխություններ ու լրացումներ: Հանձնաժողովի հետ աշխատանքների արդյունքում, կարծում եմ, ծրագիրը զգալիորեն բարելավվել է:

Կրթությունն այն ոլորտն է, որն ունի բավարար ներուժ՝ դառնալու Հայաստանի մրցակցային առավելություններից մեկը, նպաստելու մեր երկրի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը, օգնելու մեր երիտասարդներին ունենալու բարեկեցիկ և արժանապատիվ կյանք սեփական երկրում»,- ասել է Վահրամ Դումանյանը:

ԿԳՄՍ նախարարն ընդգծել է՝ «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը» շահառուների կողմից երկար սպասված փաստաթուղթ է և հանդիսանալու է առաջիկա տարիների հիմնական ռազմավարական ուղենիշ՝ ուղղորդելով և համակարգելով ոլորտի հետագա բարեփոխումներն ու զարգացման ծրագրերը:

Հաջորդաբար ընդունվելու է ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի իրագործման գործողությունների և միջոցառումների պլանն ու ժամանակացույցը: Վահրամ Դումանյանի տեղեկացմամբ՝ արդեն իսկ սկսվել են ծրագրից բխող գործողությունների պլանի մշակման աշխատանքները, և այն շուտով կդրվի հանրային քննարկման. «Հուսով եմ՝ այդ փաստաթղթի շուրջ մենք նույնպես հնարավորություն կունենանք համագործակցելու»:

«ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» օրենքը մշակվել է հետևյալ ռազմավարական ուղղություններով՝ համընդհանուր ներառականություն, սովորողակենտրոն կրթական միջավայրի ստեղծում ՀՀ ամբողջ տարածքում, կրթության արդյունավետության բարձրացում:

Ծրագիրն անդրադառնում է կրթության բոլոր մակարդակներին` նախադպրոցականից մինչև բարձրագույն կրթություն:

Շեշտադրված կարևոր խնդիրներից է կրթական ծառայությունների և արտադրանքի միջազգայնացումն ու արտահանումը՝ բարելավելով Հայաստանի դիրքը գլոբալ կրթական համակարգում:

«ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը» նախատեսում է նաև էականորեն փոխակերպել բարձրագույն կրթական համակարգը, որպեսզի այն լինի միջազգայնորեն մրցունակ: Այս նպատակադրման համար նախատեսվում են հայաստանյան բուհերի միջազգայնացման, կրթության-գիտության փոխգործակցության խթանման միջոցառումներ։ Նախատեսվում է, որ Հայաստանի առնվազն չորս բուհեր մինչև 2030 թ. կընդգրկվեն միջազգային լավագույն 500 համալսարանների ցանկում: Կստեղծվի 100 տոկոս պետական ֆինանսավորման մինչև 8 բուհ` չբացառելով վճարովի ուսուցման հնարավորությունը:

Նախատեսվում է առաջիկա 8 տարվա ընթացքում կտրուկ ավելացնել հայաստանյան բուհերում սովորող ուսանողների թիվը: Բոլոր բուհերի համար կսահմանվեն միջազգայնորեն ընդունելի միասնական լիցենզավորման և հավատարմագրման պահանջներ՝ ըստ ենթակառուցվածքների, ընդհանուր տարածքի, կառավարման համակարգի, ուսանող-դասախոս հարաբերակցության և այլ չափանիշների։ Կներդրվեն որակի ապահովման միասնական գործիքներ: Նախատեսվում են հավասար մրցակցային դաշտի ստեղծում, բարձրագույն կրթության բոլոր մակարդակներում օտար լեզվով դասավանդման հնարավորությունների ընդլայնում, ինչպես հայերեն, այնպես էլ օտար լեզվով դասավանդվող կրթական ծրագրերի որակի բարելավում:

Նախադպրոցական կրթության առաջնային խնդիրը, ըստ նոր ռազմավարության, 3-5 տարեկան երեխաների առնվազն 95 տոկոսը ընդգրկվածության ապահովումն է նախադպրոցական ծրագրերում. նախքան դպրոց ընդունվելն առնվազն մեկ տարի երեխան պետք է հաճախի մանկապարտեզ:

Այսպիսով, փաստաթղթի կարևոր հայեցակարգային դրույթներն առնչվում են հասանելի և մատչելի ուսումնական հաստատությունների ապահովմանը, դպրոց ընդունվող բոլոր երեխաների՝ առնվազն մեկ տարի նախադպրոցական ծրագրերում ընդգրկվածությանը, բոլոր խոշորացված համայնքներում մսուրային ծառայությունների գործարկմանը, դպրոցների պատշաճ կահավորմանը և արդիական սարքավորումներով հագեցմանը, շենքային պայմանների ու ենթակառուցվածքների բարելավմանը, թվային, բնագիտության, տեխնոլոգիաների, ճարտարագիտության, մաթեմատիկայի և այլ լաբորատորիաների, գրադարանների նորարարական ոճով կահավորմանը:

Ծրագիրը մշակվել է ընդգրկուն, մասնակցային փուլերով՝ անցնելով հանրային քննարկումների տևական փուլ, ներառելով ոլորտի շահառուներին, ինչպես նաև միջազգային գործընկերներին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել