«Թվիթեր»-ը փակել է գրասենյակներն աշխատակիցների առաջ մինչև հաջորդ շաբաթ

 |armenpress.am|
11:17 - 18 նոյեմբերի, 2022

«Թվիթեր»-ը փակել է գրասենյակներն աշխատակիցների առաջ մինչև հաջորդ շաբաթ |armenpress.am|

armenpress.am:  «Թվիթեր»-ն իր աշխատակիցներին ասել է, որ ընկերության գրասենյակային շենքերը ժամանակավորապես փակ կլինեն և կբացվեն երկուշաբթի՝ նոյեմբերի 21-ին: Ընկերությունը նման քայլի դիմելու ոչ մի պատճառաբանություն չի ներկայացրել:

BBC-ի տրամադրության տակ հայտնված հաղորդագրությունում նշվում է, որ աշխատակիցները շարունակեն հետևել ընկերության քաղաքականությանը և «զերծ մնան ընկերության գաղտնի տեղեկատվությունը սոցիալական ցանցերում, լրատվամիջոցների հետ և այլ հարթակներում քննարկելուց»:

Ըստ օրերս լրատվամիջոցներում տարածված լուրերի՝ Իլոն Մասկը «Թվիթեր»-ի անձնակազմին հայտնել էր, որ նրանք պետք է համաձայնեն արտաժամյա և առավելագույն արյունավետությամբ աշխատել կամ հեռանան աշխատանքից:

Այն աշխատակիցները, ովքեր մինչև նոյեմբերի 17-ը չեն հայտնել ընկերությունում մնալու իրենց որոշման մասին, կստանան երեք ամսվա աշխատավարձ և կհեռացվեն աշխատանքից:

Գրասենյակները ժամանակավորապես փակելու մասին հայտարարության հետ մեկտեղ սկսել են լուրեր շրջանառվել, որ մեծ թվով աշխատակիցներ ազատման դիմում են ներկայացրել, քանի որ չեն ընդունել Մասկի առաջադրած պայմանները:

Ընկերությունն ավելի վաղ նաև տեղեկացրել էր, որ կհրաժարվի աշխատակիցների շուրջ 50 %-ից:

Ամերիկացի ձեռնարկատեր, ճարտարագետ, գյուտարար Իլոն Մասկը «Թվիթեր»-ի ձեռքբերման գործարքը կնքել է հոկտեմբերի 27-ին՝ սոցիալական հարթակի սեփականատերը դառնալու համար վճարելով 44 միլիարդ դոլար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել