Ադրբեջանի ՊՆ-ն պնդում է՝ ՌԴ զորախումբը կանխակալ վերաբերմունք ունի և պահանջում է չկիրառել Լեռնային Ղարաբաղ անունը
 |armtimes.com|
10:12 - 30 նոյեմբերի, 2022

Ադրբեջանի ՊՆ-ն պնդում է՝ ՌԴ զորախումբը կանխակալ վերաբերմունք ունի և պահանջում է չկիրառել Լեռնային Ղարաբաղ անունը |armtimes.com|

armtimes.com: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կարծում է՝ ռուսական խաղաղապահ զորախումբը չի արձագանքում իրենց կոչերին և կանխակալ վերաբերմունք ունի 2 կողմերի հայտարարությունների նկատմամբ:

«Ցավալի է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի արհամարհական վերաբերմունքը մեր կոչերին»:

Այս մասին մասին ասված է Ադրբեջանի պաշտպանության նախարարության՝ երեկ  տարածած  հաղորդագրության մեջ։

Խոսքը Լեռնային Ղարաբաղ  անունը ռուսական հաղորդագրություններում չկիրառելու մասին է, քանի որ արդեն մի քանի օր՝ Ադրբեջանը նման տարօրինակ պահանջ է ներկայացնում և պնդում, որ ռուսական կողմն անտեսում է իր պահանջները:

«Եվս մեկ անգամ հայտարարում ենք, որ անընդունելի է Ադրբեջանի Հանրապետության տարածքում բնակավայրերի անունների հիշատակումը հայկական հորինված տեղանուններով, այդ թվում՝ «Լեռնային Ղարաբաղի տարածք» արտահայտության օգտագործումը։ 

Կոչ ենք անում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբին պաշտոնական հաղորդակցություններում չօգտագործել այդ ոչ ճիշտ արտահայտությունները, և հուսով ենք, որ մեր կոչը հաշվի կառնվի։ Բացի այդ, պահանջում ենք իրենց հրապարակած քարտեզի վրա ճիշտ նշել մեր տարածքի անունը»,- ասված է Ադրբեջանի ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ:

Գերատեսչությունը նաև հորդորել է Լեռնային Ղարաբաղում գտնվող տեղանունների ադրբեջաներեն տարբերակները կիրառել՝ որպես օրինակ նշելով Մարտակերտն ու Մարտունին:

Նշենք, որ Ադրբեջանի ՊՆ-ն մինչ այս ևս երկու հաղորդագրություն է տարածել, որոոնցում դժգոհում է, որ ռուսական խաղաղապահ առաքելության հաղորդագրություններում գործածվում են Արցախի Հանրապետության հայկական տեղանունները, ինչպես նաև մեղադրել է ռուսական կողմին, թե վերջինս իր պաշտոնական հաղորդագրություններում չի նշում Արցախյան կողմից հրադադարի խախտումների մասին։

Արցախում ՌԴ խաղաղապահ զորախումբը պատասխանել էր Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությանը՝ նշելով, որ իրենք օգտագործում են ՌԴ ԶՈՒ ԳՇ տեղագրական քարտեզներով սահմանված տեղանունները։ Իսկ պաշտոնական տեղեկագրերում հրապարակված հրադադարի ռեժիմի խախտումները արձանագրվում են խաղաղապահների դիտակետերում՝ օբյեկտիվ հսկողության տեխնիկայի օգտագործմամբ, որը թույլ է տալիս դիտորդություն իրականացնել օրվա ցանկացած ժամի:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել